Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՎ ԷԼԻ՝ ԽԱԽՏՎԵԼ Է ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Փետրվար 22,2011 00:00

\"\"«Ա1+»-ը երեկ Վարչական դատարանում վիճարկեց ՀՌԱՀ որոշումը՝ «Արմնյուզին» հաղթող ճանաչելու վերաբերյալ

Երեկ ՀՀ վարչական դատարան է մուտքագրվել ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի «Մելտեքս» ՍՊԸ-ի հայցադիմումը, որով խնդրում է ամբողջությամբ անվավեր ճանաչել ՀՌԱՀ-ի դեկտեմբերի 16-ի թիվ 96-Ա որոշումը՝ «Արմնյուզ» ՓԲԸ-ին հաղթող ճանաչելու վերաբերյալ, եւ ճանաչել ՀՌԱՀ-ի կողմից մրցույթում միջամտության արդյունքում «Մելտեքս» ՍՊԸ-ի արդար մրցակցության խախտված իրավունքը:
Հայցադիմումը բավական ծավալուն է՝ շուրջ 12 էջ: Հիշատակվում է, որ ստեղծվել էր «Ժողովրդական հեռուստատեսության» հիմնադրամը, որը կանոնակարգելու էր ժողովրդի կողմից ֆինանսական աջակցություն ցուցաբերելու գործընթացը. «Այդ ժամանակ ներկայացվեցին առաջարկություններ տարբեր իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում՝ «Hobbington Management Limited», եւ «Rogeston Logistics Ltd» եւ «Soscamping-Loisirs» ընկերության տնօրեն Աննա Տանելյանի եւ մի շարք անձանց կողմից: Ընդունվեցին առաջարկությունները եւ վերցվեցին ֆինանսական հավաստագրեր այդ կազմակերպություններից»:
Հետագա գործընթացը ներկայացնելուց հետո հայցադիմումում նշված է. «Գտնում ենք, որ տեղի է ունեցել Պատասխանող՝ ՀՌԱՀ-ի կողմից Հայցվորի («Մելտեքս» ՍՊԸ) եւ մեր մրցակից՝ «Արմնյուզ» ՓԲԸ-կողմից ներկայացված մրցութային փաթեթների վարկանիշային քվեարկության գործընթացում միջամտություն, ու դրա արդյունքում խախտվել են հավասարության, թափանցիկության եւ անաչառության սկզբունքները, ինչպես նաեւ դրսեւորվել է Պատասխանողի կողմից անգործություն: Այս բոլորը վկայում են այն մասին, որ Պատասխանողը ունեցել է միտում՝ վարկաբեկելու Հայցվորի գործարար բարի համբավը, որի արդյունքում խախտվել է մեր արտահայտվելու ազատության իրավունքը: Ակտը կազմվել է օրենքի խախտմամբ, ինչն անվավեր ճանաչելու հիմք է հանդիսանում»:
Պատճառաբանությունների մեջ մասնավորապես նշված է, որ կասկածներ ունենալով «Մելտեքսի» ներկայացրած տվյալների իսկության վերաբերյալ՝ ՀՌԱՀ-ը մինչեւ վարկանիշային քվեարկությունը չի իրականացրել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 37 եւ 38 հոդվածների 1-ին մասերում նշված պարտավորությունը. «Վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաuտական հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ oբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մաuնակիցների oգտին առկա հանգամանքները», «Վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մաuնակիցներին եւ նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաuտական հանգամանքների վերաբերյալ»: Այսինքն, ըստ հայցադիմումի՝ ՀՌԱՀ-ը պարտավոր էր «Մելտեքս» ՍՊԸ-ից մինչեւ ԱԳՆ միջոցով Մեծ Բրիտանիայում ու Բելիզի իրավաբանական անձանց պետական գրանցումը հարցում կատարելը՝ պարզաբանումներ պահանջել «Մելտեքսից», ինչը չեն իրականացրել. «Ավելին, Պատասխանողը չի տեղեկացրել Հայցվորին այդ հարցումների պատասխանները ստանալուց հետո, չի պահանջել բացատրություններ «կեղծ» եւ «անհիմն» կամ Հայցվորին թյուրիմացության մեջ գցած տեղեկությունների եւ հավաստագրերի իսկության վերաբերյալ»:
Հիշատակվում է նաեւ, որ թեեւ այդ հավաստագրերը ՀՌԱՀ-ը համարել է «կեղծ եւ անհիմն՝ չի առաջնորդվել «Լիցենզավորման մասին» օրենքի 29 հոդվածի պահանջներով, ըստ որի՝ լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե «դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված» եւ «լիցենզիայի հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով»: ՀՌԱՀ-ը չի կատարել նաեւ օրենքի այս պահանջը եւ իր որակած «կեղծ» եւ «անհիմն» փաստաթղթերի հիման վրա կատարել է վարկանիշային քվեարկություն:
ՀՌԱՀ-ի թիվ 96-Ա որոշման մեջ «Մելտեքսի» մրցութային առաջարկում շարադրված մի շարք չափորոշիչների տվել է գնահատական, բայց վարկանիշային քվեարկության ընթացքում 8 անդամից 7-ը նույն չափորոշիչները գնահատել են 0՝ պատճառաբանելով ֆինանսական միջոցների առկայությունը հիմնավորող փաստաթղթերը. «Այսինքն՝ 6 չափորոշիչներից միայն մեկ կետը գերիշխել է այլ չափորոշիչների վրա եւ բացառել այլ չափորոշիչների օբյեկտիվ գնահատումը: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը չի սահմանում այն, որ «ֆինանսական հնարավորություն» չափորոշիչը գերակայում կամ առավել կարեւոր հանգամանք է այլ չափորոշիչների կատարման համար, եւ Պատասխանողը պարտավոր է ի սկզբանե հիմք ընդունել այս չափորոշիչը: Պատասխանողի կողմից ֆինանսական չափորոշիչը հիմք ընդունելը եւ որոշման պատճառաբանական մասում նշելու միակ շարժառիթն է եղել ոչ օբյեկտիվ մոտեցումը միանման փաստական հանգամանքների դեպքում: Բայց եթե Պատասխանողը գործեր իր պարտավորությունների սահմաններում առավելագույն ազնվության, բարեխղճության, անկողմնակալության, անաչառության եւ արդարության սկզբունքներով՝ ամրագրված «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքի 39 հոդվածով, ապա պարտավոր էր Հայցվորից ստանալ լրացուցիչ պարզաբանում կամ կատարել հարցում՝ Աննա Տանիելյանի կողմից ներկայացված ֆինանսական հավաստագրի իսկության վերաբերյալ: Այս պարտավորությունը ամրագրված է «Վարչարարության հիմունքներ եւ վարչական վարույթի» մասին օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն, որը Պատասխանողի կողմից կիրառվել է վերը նշված չորս կազմակերպությունների տված ֆինանսական հավաստագրերի իսկությունը ճշտելու վերաբերյալ, սակայն չի կիրառվել Աննա Տանիելյանի ներկայացրած Ֆինանսական հավաստագրի նկատմամբ»: Այսինքն՝ ՀՌԱՀ-ից պահանջվում էր կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտականությունները՝ առանց խտրականության. «Մի դեպքում՝  ՀՌԱՀ-ի կողմից գործողություն, իսկ մյուս դեպքում՝ անգործություն: Այս անգործության շարժառիթ է եղել այն, որ այդ պարզաբանման կամ հարցման արդյունքում իրագործելի է դառնալու Հայցվորի կողմից ներկայացված մրցութային փաթեթն ամբողջությամբ»:
Հայցադիմումի մեջ հիշատակված է նաեւ «Ամերիա» բանկի վարկ տրամադրելու պատրաստակամության վերաբերյալ հավաստագրի անհամապատասխանությունն «Արմնյուզի» իրավական կարգավիճակին. «Պատասխանողը՝ իր ութ անդամներով հանդերձ, չի նկատել այս փաստաթղթի անհամապատասխանությունը ՓԲԸ եւ ՍՊԸ-ի միջեւ»: Մինչդեռ «Մելտեքս» ՍՊԸ-ի դեպքում ՀՌԱՀ-ը «բծախնդրությամբ եւ մանրակրկիտ» է ուսումնասիրել ներկայացված ֆինանսական հավաստագրերը: Եվ փոխանակ, համեմատելով այս երկու մրցութային փաթեթները, տար անաչառ ուսումնասիրությամբ վարկանիշային գնահատական, ՀՌԱՀ-ի անդամները, ըստ հայցադիմումի՝ «միջամտել են Հայցվորի եւ «Արմնյուզ» ՓԲԸ-ի մրցութային փաթեթների վարկանիշային գնահատման գործընթացին՝ իրենց գործողություններով եւ անգործություններով, որը հստակ արգելված է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 10 հոդվածի 1-ին մասի համաձայն»: Հիշեցնենք՝ սա արտահայտվելու ազատության մասին հոդվածն է, որով Հայաստանը մեկ անգամ արդեն պարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ ՀՌԱՀ-ի կայացրած նախորդ որոշման հետեւանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել