Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԱՐԾԻՎՆԵՐԸ» ՍԱՏԱՐԵՑ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Փետրվար 22,2011 00:00

\"\"«Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ». այս կարգախոսով շաբաթ օրը Մատենադարանին կից հրապարակում տեղի ունեցավ «Հայոց արծիվներ» հայրենասիրական կազմակերպության մեկամյակին նվիրված հավաքը, որին մասնակցում էին կազմակերպության 57 մասնաճյուղերի մոտ 10 հազար անդամներ: «Իհարկե, ես հասկանում եմ, որ «Հայոց Արծիվների» բազմահազարանոց միջոցառումների շարքը զորացրված քաղաքական շատ գործիչների դավաճանական, խարդավական քարտերը խառնեց, բայց ես ուզում եմ վստահորեն կոչս ուղղել այն քաղաքական եւ հասարակական կազմակերպություններին, որոնց անդամների թիվը միայն թղթի վրա է կամ չնչին է (էլ չեմ ասում բազմահազարանոց միջոցառումներ կազմակերպելու նրանց անճարության մասին). գոնե մեկ անգամ ունեցեք արժանապատվություն եւ լուծարեք ձեր կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները եւ միացեք «Հայոց Արծիվներին» ու կանգնեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը ազգային բանակն է, հայոց նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Այլապես ձեր գործունեությունը հասարակության կողմից դատապարտված է կործանման»,- իր ելույթում հայտարարեց կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը՝ հավելելով. «Մենք այստեղ ենք անցյալը, ներկան եւ ապագան իրար կապելու համար: Քանի որ անցյալի ականատեսն ու կրողն ենք, ներկան ընկալում ենք ինչպես կա, եւ որպես վաղվա օրվա տեր՝ անելու ենք ամեն ինչ մեր երազների Հայաստանը կերտելու համար: Ակնհայտ ճշմարտությունների հետ կռիվ չունենք, պարզապես ցավալիորեն ամեն ոք ունի իր պատկերացրած ճշմարտությունը: Մեզ համար ներքաղաքական թշնամություն սերմանելը, երկրի միասնականությունը սասանելը, պետությանը թիկունքից հարվածելը, երկրի նախագահին վատաբանելը հավասարազոր են պետության սահմանում արձանագրված ոտնձգության հետ: Ուստի այդ երեւույթների դեմ ունենալու ենք անհաշտ պայքար: Ի վերջո ոչ թե անցյալն է ապագա որոշելու, այլ մենք»:
Հավաքի մասնակիցները երթով շարժվեցին Հանրապետության հրապարակ, որտեղ էլ քոչարի պարեցին: Նաեւ հռչակագիր ընդունեցին, որով փաստելով, որ «Համայն հայության եւ հատկապես ՀՀ ամենապատասխանատու պաշտոնյան ՀՀ նախագահն է, ՀՀ նախագահին հանրային աջակցության մակարդակից է կախված հայ տեսակի, հայոց պետականության համար վճռորոշ հարցերի լուծումը»՝ հռչակեցին. «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունն իր զորակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Կեցցե՛ Հայոց ազգային բանակը, կեցցե՛ Հայոց նախագահը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել