Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությանը» սպառնացե՞լ են

Փետրվար 22,2011 00:00

Զարուհի Փոստանջյանի եղբոր դեմ հարուցված քրգործի առնչությամբ բացահայտվեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը ստացել է սպառնալից հեռախոսազանգեր ու նամակներ:

«Առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական հաշվեհարդարներ են սկսվել բոլոր այն մարդկանց, քաղաքական ուժերի, քաղաքացիական-հասարակական շարժումներին զորակցող մարդկանց հանդեպ, ովքեր կարող են սպառնալ իրենց իշխանությանը եւ աթոռները մեջ-մեջ անելուն»,- երեկ «Հենարան» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսպես գնահատեց այն փաստը, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրգործ, որով Զարուհի Փոստանջյանի եղբայրը՝ Արաբկիրի վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման  բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը, մեղադրվում է ապօրինի վարձատրություն ստանալու մեջ՝ «ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու, օրենքով սահմանված կարգով այն չդադարեցնելու, կանխարգելելու  ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, այդ մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար»:
Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Մենք տեղի ունեցածը գնահատում ենք որպես «Ժառանգություն» կուսակցության, ընդդիմության նկատմամբ իրականացվող հաշվեհարդար, քանի որ տվյալ պարագայում Զարուհի Փոստանջյանի եղբայրն ընդամենը զոհ է: Հարվածն ուղղված է Զարուհի Փոստանջյանի, իսկ ես կասեի՝ նաեւ «Ժառանգություն» կուսակցության դեմ»: Նաեւ խոստացավ. «Ձեռնոցն ընդունելու ենք՝ Տիգրան Փոստանջյանը դիմել է միջազգային կազմակերպություններին»:
Փաստաբան Հայկ Ալումյանը մանրամասներ ներկայացրեց գործի վերաբերյալ. «Ուրբաթը օրը տիկին Փոստանջյանի եղբորը զանգահարում է մի անծանոթ անձ, անծանոթ հեռախոսահամարից եւ հայտնում, որ իրեն ստիպում են, որպեսզի ինքը ցուցմունքներ տա Զարուհի Փոստանջյանի եղբոր դեմ, քանի որ ոմն մարդիկ այդ միջոցով ուզում են Զարուհի Փոստանջյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնել»: Հենց նույն օրը, ըստ փաստաբանի՝ Տիգրան Փոստանջյանը «պատահաբար գլխավոր դատախազության պաշտոնական կայքից տեղեկանում է, որ իր նկատմամբ քրգործ է հարուցվել: Հաղորդագրության մեջ ամենաբիրտ ձեւով խախտելով անմեղության կանխավարկածը՝ տեղադրված է տեղեկատվություն, որ Տիգրան Փոստանջյանը կատարել է հանցագործություն»: Հայկ Ալումյանն առավել ուշագրավ համարեց հետեւյալը. «Քրգործ են հարուցել՝ գոնե մի անգամ բացատրություն չվերցնելով այն անձից, ում վերաբերյալ հաղորդում է տվել գլխավոր դատախազությունը: Եվ անգամ մինչեւ այդ մարդուն հարցաքննելը, ում դեմ հաղորդում է ներկայացված՝ արդեն իսկ հաղորդագրություն են տարածում, թե կատարել է հանցագործություն: Մեզնից յուրաքանչյուրի հետ նման դեպք կարող է պատահել: Այսինքն՝ ստացվում է, որ ցանկացած մեկը, ով հաղորդում կտա որեւէ մեկի կողմից հանցագործություն կատարելու մասին՝ գլխավոր դատախազությունն արդեն իսկ միայն այդ հաղորդման հիման վրա իրեն իրավունք է վերապահելու  փաստորեն հայտարարել, թե այդ անձը հանցագործ է»: Փաստաբանը նաեւ հայտնեց, որ դիմելու են ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել հերքել այդ տեղեկությունը եւ բռնագանձել գումար՝ պատճառված վնասի համար:
Ստյոպա Սաֆարյանը վարկածներ առաջադրեց, թե ում կարող էր ձեռնտու լինել այս ամենը՝ հիշեցնելով, որ ուրանի որոնողական աշխատանքների եւ հանքերի օգտագործման հետ կապված Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում բանաձեւի նախագիծ է դրել շրջանառության մեջ. «Ի՞նչ իմանամ՝ ով է այդ հանքի տերը: Վերջին հաշվով՝ երկրորդ ու երրորդ նախագահներն ունեն ընդերքային բավական սեփականություն: Չեմ կարող կոնկրետ ասել, բայց բոլոր վարկածները, բոլոր հիմքերն առկա են «Ժառանգության» եւ Զարուհու դեմ նման արշավ սանձազերծելու համար: Ի դեպ, ասեմ, որ երբեք չենք հրապարակել այն զանգերի մասին, որոնք լինում են մեր խմբակցությունում՝ սպառնալիքների կամ նամակների, եւ երբեք դրանց ընթացք չենք տվել: Բայց այդպիսիք երբեք չեն դադարել: Կեղծ պատվիրված զանգեր՝ իբր դժգոհություններ, սպառնալիքներ եղել են միշտ եւ կան այսօր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել