Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՔԼՈՐԱԿԱՆՉԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Փետրվար 22,2011 00:00

\"\"«Կեղծ, պիղծ, անպտղաբեր պսակադրություն». երեկ «Առավոտի»  հետ զրույցում կոալիցիոն նոր հուշագիրն այսպես բնութագրեց Հայաստանի մարքսիստ Դավիթ Հակոբյանը:

Մարքսիստի կարծիքով՝ այս «խաղում» ԲՀԿ-ն գործում է ատոմային ռումբի հոր՝ Օբենհեյմեյի սկզբունքով՝ «փոխվում են ժամանակները, փոխվում են տերերը»: «ԲՀԿ-ն առաջին հերթին նպատակ է հետապնդում իր կալվածքները, ունեցվածքը, անշարժ եւ շարժական գույքը, հաստատուն ու փոփոխական կապիտալը փրկելու կուլակաթափությունից, պահպանելու եւ բազմապատկելու»,- ասում է մեր զրուցակիցը: Իսկ թե ինչքան ժամանակ ԲՀԿ-ն կպահպանի իր հավատարմությունը՝ պատասխանում է. «Մինչեւ աքլորականչ 10 անգամ կարող է ուրանալ իր նոր տիրոջը»: Մարքսիստն ասում է, որ կոալիցիոն նոր համաձայնագրի ստորագրման տեսարանն իրեն հիշեցրել է Շեքսպիրի «Համլետում» Կոնդրակոյի սպանության տեսարանը, երբ տիկինը հավատարմության ռեւերանսներ է անում, բայց հինգ րոպե անց անիծված թույնը լցնում է թագավորի ականջը: Իսկ ինչ վերաբերում է թագավորական կողմին՝ Սերժ Սարգսյանին, Դավիթ Հակոբյանը համոզված է, որ վերջինս նպատակ է հետապնդում ամեն գնով պահպանելու գահը, այլ ոչ՝ ժողովրդին «կենսաբանական գենոցիդի» աղետից փրկելու. «Սա պետության կազմալուծման շատ վատ ախտանիշ է: Իշխանամոլության մոլուցքը հասել է այն աստիճան, որ մինչեւ 2018 թիվն անգամ ուզում են գահը հափշտակել՝ իրենց համար դարձնելով Մավսոլիզի դամբարան»: Այս առումով մարքսիստի մոտ հարց է ծագում՝ «Գահերեցի գահը ինչի՞ է պետք, երբ այդ մարդը զուրկ է գահակալության արվեստից: Նախագահը մերկ է: Նա չունի գաղափարաքաղաքական, տնտեսագիտական, դիվանագիտական ուղեղների շքախումբ: Այդ շքախմբերը ազգային կադրային ռեզերվից ու դարբնոցից ձեւավորելու փոխարեն՝ հույսը դրել է 1980-ականներից նախագահական շքախումբ մտած կեղծ, շուռ տված, պսեւդոկոմունիստական պուտանկաների վրա, որոնք «պրեդալի, պրոդալի իդեալոգիյու, պարտիյու, նառոդ»: Հարյուր անգամ քաղաքական դիմակ են փոխել՝ դարձել են ՀՀՇ, «Երկրապահ», ՀՀԿ եւ այսօր էլ վարչապետի գլխավորությամբ զբաղված են ազգի կեղեքումներով»: Այս իրավիճակում մարքսիստը նախագահին հուշում է. «Քո փրկությունը նոր, գիտական ուղեղներով ձեւավորված շքախմբի մեջ է»:
Այս իրավիճակում անդրադառնալով ընդդիմադիր ճամբարի շարժերին՝ մասնավորաբար, ՀԱԿ-ի վերջին հանրահավաքին, մեր զրուցակիցն ասում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանից մեծ ակնկալիքներ չունեմ: Քաղաքական առումով չափից ավելի վախկոտ, տատանվող, վճռականություն չունեցող անձնավորություն է: Հիշեք Մյասնիկյանի հրապարակի մարտիմեկյան սպանդը. իր շքախումբը եւ զորքը լքելով՝ նա փախավ, իր բունը մտավ, իբր իշխանությունները չեն ապահովել իր անվտանգությունը: Նա պարտավոր էր Մյասնիկյանի հրապարակում իր ժողովրդի հետ դրոշը ձեռքին մեռնել, ինչպես Ալեքսանդր Բանկովսկին՝ «Պատերազմ եւ խաղաղություն» վեպի հերոսը: «Վոտ պրեկռասնայա սմեռտ»՝ ասել է Բոնապարտը»: Վերլուծելով վերջին հանրահավաքը, մասնավորաբար, առաջին նախագահի ելույթը՝ նա հանգել է այն եզրակացության, որ հրապարակախոսական ամբիոնը վերածվել է «դասախոսական շառլատանության ամբիոնի»: Դավիթ Հակոբյանը կարծում է, որ. «Այդ ամբիոնից սոցիալական «Նարեկ»-ներ եւ շարականներ կարդալու ժամանակներն անցել են: Ժողովուրդը լավ գիտի՝ ինչ սոցիալական աղետի առաջ է կանգնած, բացատրելու հարկ չկա: Ժողովուրդը մեկ հարցի պատասխան է ուզում՝ ի՞նչ անել: Ոչ թե պետք է ջեբից հանած թղթերը կարդա, ամոթ է դա, հինգ րոպեում, հռետորական, լակոնիկ ոճով նա պարտավոր է կարգախոսներ, լոզունգներ շարադրել, թե՝ ի՞նչ անել: Խրոնոլոգիա եւ խրոնամետրաժ պետք է տա: Եթե մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը գահընկեցության գործընթաց չսկսի եւ չհայտարարի այդ մասին, շարունակի սոցիալական շառլատանությունը՝ քավորտերտերական ոճով, ապա ժողովուրդը, հավատացնում եմ, նրան այլեւս չի հավատա եւ կանվանի իշխանության գործակալը, ոչինչ ավելին»: Սակայն անգամ այս պարագայում մարքսիստը վերջին անգամ հայաստանյան ընդդիմադիր ուժերին կոչ է անում համախմբվել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ նրանց հետ. «Հայ ժողովուրդը ոչ մի կուսակցության սեփականություն լինել չի կարող, ոչ ոք իրավունք չունի էլեկտորատ բաժանելու: Ժողովուրդը պատմակենսաբանական միաձույլ կառույց է եւ ոչ մի կուսակցական պատկանելություն չունի: Բոլոր ուժերը պետք է միավորվեն մեկ ընդդիմադիր դրոշի տակ, եւ այդ ճամբարը պետք է ձեւավորվի մոնոլիտ, միաձույլ, առանց հեգեմոն, հիերարխիկ նկրտումների: Միայն այս դեպքում ընդդիմությունը կարող է հզոր լինել եւ պարտադրել հեղափոխական տարբերակ, ինչը պատմական անհրաժեշտություն է: Մաքուր ՀՀՇ-ական ռեւանշը բացառվում է, իր ամբարտավանության հասնող էգոիզմը ՀՀՇ-ն պետք է մի կողմ դնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել