Լրահոս
Օրվա լրահոսը

Էմոն ազատ մտածելակերպի դրսեւորում է

Փետրվար 19,2011 00:00

Իսկ մերոնք բավարարվում են ցածրորակ նմանակմամբ

18-ամյա Արգամ Բաբայանը Երեւանում բացահայտորեն ապրող եզակի «էմո բոյերից» է: Նա ասում է, որ միգուցե ուրիշ «էմո բոյեր» էլ կան, սակայն վախենում են էմո պատանիների ոճով հագնվել ու դուրս գալ: «Իսկ ես չեմ վախենում, ես միշտ էսպես եմ հագնվել ու չեմ ուզում փոխվել: Քաղաքում շրջելիս ամեն քայլափոխի ցանկացած մարդ կարող է ինձ վիրավորել: Ինձ մատով են ցույց տալիս, ասում են՝ աղջի՞կ է, թե՞ տղա, թե՞ գեյ է»,- ասում է Արգամը, որին կարելի է աղջկա տեղ դնել՝ երկար մազերի եւ վարդագույն վզնոցների պատճառով: Նրան ամեն քայլափոխի ծեծում են, նվաստացնում: Նա նույնիսկ չի կարողանում ազատ օգտվել հասարակական տրանսպորտից, դժվարությամբ է մարդաշատ վայրեր այցելում: Զբոսնելու դուրս է գալիս միայն գիշերային ժամերին, երբ փողոցները քիչ թե շատ դատարկ են լինում: «Հասարակությունն ինձ ամեն օր է ցույց տալիս, որ ես նրանում տեղ չունեմ,- խոստովանում է էմո պատանին,- տանը ես խնդիրներ ունեմ հատկապես հորս հետ: Չեմ հասկանում, թե ինչու հայրս ինձ չի ընդունում: Ախր ես ոչ մի վատ բան չեմ անում՝ ոչ ծխում եմ, ոչ խմում, ոչ էլ թմրանյութեր եմ օգտագործում»: Նա հիմա աշխատում է ջրերի գործարաններից մեկի պլաստիկե շշերի պատրաստման արտադրամասում՝ գիշերային հերթափոխում: Ասում է՝ իրեն մեծ դժվարությամբ են աշխատանք տալիս: «Ընդունվել էի աշխատանքի «Գալաքսի» սուպերմարկետում, մի տասնհինգ օր աշխատեցի, հետո շեֆս մի օր եկավ, թե՝ վաղը մազերդ կկտրես, նոր գործի կգաս: Ես էլ առանց բան ասելու դուրս եկա աշխատանքից: Ամենօրյա սթրեսների պատճառով ավելի եմ պարփակվում ինքս իմ մեջ: Եթե առաջ ամենուր նոր շփումներ էի փնտրում, ապա այժմ ընկերներիցս մի տեսակ օտարացել եմ: Ես հասարակության կարիքը չունեմ, բայց բոլոր էմոների պես սիրում եմ, երբ ինձ տարօրինակ աչքով են նայում: Բայց ուզում եմ, որ մենակ նայեն, ոչ թե նվաստացնեն»,- ասում է Արգամը:
 Արգամի պնդմամբ, առաջին էմոները Հայաստանում հայտնվել են 2007-ին: Եթե սկզբնական շրջանում հայ էմոներին կարելի էր մատների վրա հաշվել, ապա այսօր նրանց հաճախ մեծ խմբերով կարելի է հանդիպել Կասկադում, Կոմայգում եւ Կարապի լճի շրջակայքում: Հակառակ իրենց արտասահմանյան ընկերների, իրենց էմո համարող հայ պատանիներն ու աղջիկները հաճախ ծանոթ չեն էմո մշակույթին: Նրանք բավարարվում են ընդամենը վառ հագուստով ու էքսցենտրիկ սանրվածքով: Այնինչ, իրական էմո մտածելակերպը չափազանց խորն է: Էմոն ազատ մտածելակերպի դրսեւորում է, իսկ այն, ինչ մենք առօրյայում տեսնում ենք, ըստ Արգամի, ընդամենը ցածրորակ նմանակում է կամ այլընտրանքային նորաձեւության վատ ցուցադրություն:
Այլախոհության նմանօրինակ դրսեւորումները մեզանում, սակայն, ամենեւին էլ նորություն չեն: Ավագ սերնդին քաջ հայտնի հիպիական շարժումը մեր երկրում արմատավորվեց իր համար չափազանց դժվար ու արգելքներով լի պայմաններում, եւ նույնիսկ ԽՍՀՄ-ի երկաթյա վարագույրը չկարողացավ խոչընդոտել դրա տարածումը: Մի տարբերությամբ միայն. հիպիները հստակ գիտեին՝ ինչ են ուզում եւ ինչ պետք է անել իրենց ուզածին հասնելու համար: Մի բան, որ չի կարելի ասել էմոների մասին, որոնք մեր իրականության մեջ ուզում են միայն տարբերվել ու դրանով իսկ իրենց անհատականությունը դրսեւորել:

Հ. Գ. Էմո տերմինն առաջացել է անգլերեն emotional-զգացմունքային բառից: Դա կապված է Hardcore երաժշտական ժանրի հետ, որի հիմքում վոկալիստի էմոցիոնալ, գերհուզիչ կատարումն է: Էմոները սկզբնական շրջանում եղել են էմո ռոքի ֆանատներ, իսկ հետո ձեւավորվել է էմո ենթամշակույթը: Էմոների համար թիվ մեկ նախապայմանը էմոցիաներ արտահայտելն է, զգացմունքներ չթաքցնելը: Նրանք կարծում են, որ հասարակությունից պիտի տարբերվեն իրենց ինքնաարտահայտմամբ, իրենց զգացմունքայնությամբ ու խոցելիությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել