Մտածելն է անքնության պատճառ
ՀԵՐՄԻՆԵ ԽԼՂԱԹՅԱՆ
29-ամյա Ալինան թեեւ չունի առողջական խնդիրներ, սակայն արդեն 3 ամիս է, ինչ տառապում է անքնությամբ: «Անքնությամբ սկսեցի տառապել այն բանից հետո, երբ պարզեցի, որ ամուսինս Ռուսաստանում սիրուհի ունի: Գիշերները անընդհատ դրա մասին եմ մտածում ու չեմ կարողանում քնել»,-ասում է Ալինան: Հոգեթերապեւտ Աիդա Հարությունյանը նշում է, որ Ալինայի անքնության բուն պատճառը հիվանդագին խանդն է ու վիրավորանքը, որը նա ստացել է ամուսնու կողմից: «Նման մարդիկ, գիշերները քնելու փոխարեն, սկսում են երեւակայել ու չափազանցնել իրենց խնդիրները, ինչն էլ թույլ չի տալիս գլխուղեղին հանգստանալ: Նման դեպքերը շատ վտանգավոր են, քանի որ դրանք կարող են վերածվել խրոնիկ անքնության եւ չբուժվել»,-ասում է հոգեբանը:
Պարզվում է՝ քնած ժամանակ մարդու գլխուղեղում տեղի ունեցող բարդ գործընթացներից մեկը բավականին մեծ ինֆորմացիայի վերադասավորումն է: Քնի ժամանակ տարբեր փուլեր գալիս են միմյանց փոխարինելու: Մասնագետները առանձնացնում են քնի հիմնական երկու փուլ: Մի փուլում մարդ տեսնում է երազներ, իսկ երկրորդ փուլում այդ երազները բացակայում են ու մարդը լիարժեք քնում է՝ հնարավորություն տալով գլխուղեղին ամբողջությամբ հանգստանալ: Բայց երբ գիշերվա ընթացքում տարբեր պատճառներով խախտվում է մարդու քունը, կամ նրան արթնացնում են, ապա նրա մոտ առաջանում է հոգնածության տհաճ զգացողություն: Գիշերվա ընթացքում չքնելը իրականում կարող է շատ վատ անդրադառնալ մարդու առողջության վրա: Կան մասնագիտություններ, որոնք ընտրելիս մարդը ակամայից լիարժեք քունը փոխարինում է աշխատանքով, օրինակ՝ բժիշկ կամ պահակ: 42-ամյա Արմենը արդեն 10 տարի է, ինչ աշխատում է գիշերային պահակ եւ նրա մոտ խախտվել է քնի նորմալ ռեժիմը: «Սկզբում շատ դժվար էր չքնել, բայց ժամանակի ընթացքում օրգանիզմս հարմարվեց նման ռեժիմին: Մարդ ուղղակի պետք է աշխատի սովորել չքնելուն եւ կենտրոնանա աշխատանքի վրա: Բայց ավելի լավ է աշխատես ամբողջ օրը, քան գիշերները չքնես»,- ասում է Արմենը:
Եթե ոչ նույն պահին, ապա ապագայում չքնելը կամ քնի պարբերական խախտումները բերում են լուրջ խնդիրների: Քունն ընթանում է խորության տարբեր աստիճաններով: Ամենախոր քնի ժամանակ է, որ մարդը դառնում է անտարբեր արտաքին գործոնների նկատմամբ: «Շատերը ուղղակի ննջում են, այսինքն՝ գտնվում են քնի առաջին կամ երկրորդ աստիճանի խորության մեջ, սակայն անընդհատ լսում են, թե շրջապատում ինչ է կատարվում: Սա հենց համարվում է քնի խանգարում, որը հնարավորություն չի տալիս գլխուղեղին լիարժեք հանգստանալ եւ լիցքաթափել գերլարված նյարդերը»,- ասում է հոգեթերապեւտ Աիդա Հարությունյանը: Հոգեբաններն էլ խորհուրդ են տալիս գիշերները չմտածել ոչ մի բանի մասին, այլ պարզապես վայելել գիշերային հանգիստը: