Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔՆ ՈՒ ԳՐՔԻ «ԲՈՂՈՔԸ»

Փետրվար 19,2011 00:00

 Գիրքն էլ քննություններին տառապում,  հիասթափվում եւ հուզվում է

\"\"
ՀԵՐՄԻՆԵ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Որ իմացա սեպտեմբերի 1-ին համալսարան եմ գնալու, աշխարհով մեկ եղա: Այնքան ուրախ էի, որ մայր բուհում եմ լինելու, կրթված ու դաստիարակված մարդկանց հետ եմ շփվելու, \"\"մեծ շրջապատ եմ ունենալու: Բայց… սպասելիքներս չարդարացան: Առաջին ամիսներին ոչ ոք վրաս ուշադրություն չէր դարձնում. այնքան անտարբեր էին կողքովս անցնում, կարծես գոյություն չունեի: Մտածում էի՝ ի՞նչս է պակաս. տեսքս տեղը, խելքս տեղը, հեղինակությանս մասին էլ չեմ խոսում: Արդեն հույսս կորցրել էի, բայց, ինչպես ասում են՝ «Տաշած քարը գետնին չի մնա»: Հունիսյան գեղեցիկ մի օր «հարձակման» ենթարկվեցի: Մի խումբ ուսանողներ, առանց գրադարանավարուհուն զգուշացնելու, ինձ առեւանգեցին: Ձեռքից ձեռք էին խլում, էջերս քաշքշում, անգամ սառը զենք էին կիրառում՝ մատիտ էլ չէ՝ գրիչ: Մինչ այդ՝ բոլորովին այլ կարծիք ունեի ընթերցասրահի մասին, սակայն այդ օրը խորը հիասթափություն ապրեցի: Պաշտպաններս տեղում չէին, ես էլ ստիպված էի միայնակ պայքարել: Ինձ հավաքեցի, լսողությունս լարեցի եւ, ինչպես ասում են լրագրող ուսանողներս՝ փորձեցի որքան հնարավոր է շատ ինֆորմացիա հավաքել: Պարզվեց՝ քննաշրջանն սկսվել է, ռոմանագերմանական ֆակուլտետի 2-րդ կուրսն էլ երկու օրից քննության է: Դրա համար էին աղջիկները այդպիսի աղմուկ բարձրացրել՝ «հինգ հոգով վեց երգ էին երգում»: Ունկնդիրների պակաս էլ չէին զգում: Դիմացի սեղանին նստած տղաները վաղուց մոռացել էին իրենց առջեւ դրված գրքերը: Դե, իհարկե, աղջիկները ավելի հետաքրքիր թեմաներ էին շոշափում: «Լսի՛, էն Վահանը որ էլի գա՝ ի՞նչ ասեմ: Էս վերջի բուկետը սիրտս ա մտել: Էրեկ էլ որ տենայիր ինչ մեքենայով էր եկել մեր շենք»:
 Դե արի ու բան հասկացիր: Մի քիչ առաջ քննախտով էին տառապում, հիմա էլ անցան անձնական թեմաների: Ես էլ ջանք չէի խնայում նրանց ուշադրությունը գրավելու համար, ինչքան սիրային բանաստեղծություն ունեի՝ ցուցադրում էի, բայց էջերս անիմաստ էին թերթվում: Ի՞նչ անես, ուսանողին չես մեղադրի. «Թե կան դասեր, կա նաեւ սեր»: Մեկ ժամ աղջիկները հոգիս հանեցին, բայց «չկա չարիք՝ առանց բարիք»: Մի քանի անգլերն բառ սովորեցի. ok, shame, boyfriend, dear:
Մի օր էլ ուսանողներից մեկի հետ քննության եմ մտել: Շատ խելացի աղջիկ էր: Կարդաց-կարդաց, վերջում էլ այնքան հուզված էր, որ ինձ էլ տետրերի հետ պայուսակը դրեց եւ գնաց քննության: Չեք պատկերացնի, թե ինչքան էի անհանգստանում, բայց ուսանողս հուսախաբ չարեց, ու առաջին անգամ 20 ստացա, հետն էլ մի հատ պաչիկ: Ինչ տեսակի ուսանողի հետ ասես, որ չեմ շփվում: Մի անգամ իրավաբանականից մի տղա օգնություն խնդրեց, տեսքին խաբվեցի ու համաձայնեցի, բայց որ լսեիք ինչպես էր հեռախոսով խոսում……«Ապե՛, ռոմանոյի դեմը լռվեք, գալիս եմ: Հմի «ընթերց»-ում եմ: Արա՛, չորրորդ լիկվիդս ա, կարո՞ղ ա էդ դասախոսը պատվադիտ անի»:
Բայց բարեխիղճ ուսանողներ էլ ունեմ: Մեկ-մեկ գալիս են ու մեծ սիրով ընթերցում: Այ, որ բոլոր ուսանողները հետս այդքան սիրալիր լինեին, շատ լավ կլիներ, թե չէ՝ շապիկս ու ցանկս է մնացել: Էջերիս մեծ մասը պոկել են, մյուս մասն էլ սիրային երկտողների համար են օգտագործում:
Ու էսպես՝ 12 տարի շարունակ: Հունիսին պահանջարկս մեծանում է, ես էլ մոռանում եմ ուսանողների վիրավորանքները եւ նրանց հետ անցնում գործի՝ գիշեր-ցերեկ պարապում, հուզվում, հիասթափվում կամ ուրախանում: Մեկ-մեկ էլ լիկվիդ ենք մնում ու ամբողջ ամառ միասին անցկացնում: Ես մեղավոր չեմ, ուղղակի ուսանողի հոգեբանություն է՝ քննությունից 48 ժամ առաջ պարապել: Բայց մի բան էլ ասեմ. «Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել