Լրահոս
Օրվա լրահոսը

Աչքերը մարդուհոգու հայելին են

Փետրվար 19,2011 00:00

Բայց լինզաները դժվարացրել են մարդուն ճանաչելը

Ըստ ակնաբույժ Արմեն Բաղդասարյանի՝ հնարավորության դեպքում պետք չէ հրաժարվել ակնոցից, քանի որ լինզաները պրակտիկ են, բայց ոչ օգտակար: Աչքն ամենանուրբ օրգանն է, եւ օպտիկական լինզաները հաճախ կարող են հանգեցնել աչքի ջրազրկման եւ մի շարք այլ հիվանդությունների, իսկ գունավորների ներկը վնասում է աչքի լորձաթաղանթի նյութափոխանակությանը: «Կարեւոր նշանակություն ունի նաեւ լինզայի խնամքը, քանի որ դրանք կարող են պատռվել, տաքությունից հալչել, վնասվել եւ այսպիսով վնասել նաեւ աչքը: Մշտական օգտագործման դեպքում խորհուրդ է տրվում լինզաների համար նախատեսված հեղուկը փոխել ամեն օր, իսկ լինզան օրական կրել 5-6 ժամից ոչ ավելի, նաեւ հետեւել պիտանելիության ժամկետին»,- ասում է ակնաբույժը:
Մարդիկ լինզաներ սկսել են օգտագործել դեռեւս 16-րդ դարից: 1568 -ին Լեոնարդո դա Վինչին նկարագրել է այնպիսի լինզա, որը փոխում էր աչքի օպտիկական հատկությունները: Այսօր էլ շատերը նախընտրում են ակնոցի փոխարեն լինզա կրել:
Օպտիկական խանութ-սրահներից մեկի աշխատակից Անահիտ Ավետյանը նշում է, որ լինզաները մարդկանց գրավում են այն պատճառով, որ անտեսանելի են եւ ունեն մի շարք առավելություններ: «Լինզաները ավելի մեծ տեսադաշտ են ապահովում, արտաքինից չեն երեւում, բացի այդ, մասնագիտություններ կան, որտեղ ակնոց կրել ուղղակի հարմար չի»,- ասում է Անահիտ Ավետյանը: Մայրաքաղաքի օպտիկական խանութների խորհրդատուների հավաստմամբ՝ նախընտրելի են կապտավուն եւ մոխրագույն լինզաները: Լինզաների գները տարբեր են. գունավորները համեմատաբար ավելի էժան են, քան օպտիկականները:
«Լինզաները տարածված են հատկապես աղջիկների շրջանում: Հոգեբանական տեսանկյունից կարող եմ ասել, որ աղջիկների մեծ մասը գունավոր կամ տարբեր պատկերների ձեւ ունեցող լինզաները կրում են այն պարզ պատճառով, որ ցանկանում են ավելի ինքնահաստատվել իրենց շրջապատում եւ ավելի վստահ զգալ»,- ասում է հոգեբան Սաթենիկ Վարդանյանը: «Ես կրում եմ երկնագույն լինզաներ՝ արդեն երկու տարի, բայց ոչ պարբերաբար: Երբեւէ որեւէ խնդիր չեմ ունեցել, սակայն շատ-շատ դեպքեր գիտեմ, երբ լինզաների հետեւանքով վատացել է մարդու տեսողությունը: Կրում եմ լինզաներ, որովհետեւ սիրում եմ փոփոխություններ եւ դրանցով ինձ ավելի վստահ ու գեղեցիկ եմ զգում»,- ասում է 25-ամյա Դայանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել