Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Սարգիսը եւ Ձմեռ պապը նման են

Փետրվար 19,2011 00:00

Կարծում է 20-ամյա Արթուր Օրդոյանը, ով մտածում է Սուրբ Սարգիսի մասին ֆիլմ նկարելու շուրջ

Արսենին իր ընկերը Սուրբ Սարգիսի տոնին հրավիրում է խնջույքի եւ պատվիրում գալ ընկերուհու հետ: Արսենն էլ մանկության ընկերուհի Աննային խնդրում է իրեն ընկերակցել: Խնջույքի ժամանակ բաժանվում են աղի բլիթներ, հետո մասնակիցները պայմանավորվում են հանդիպել հաջորդ օրը նույն տեղում՝ երազները պատմելու: Հաջորդ օրը բոլորը ուրախ հավաքվում եմ, պատմում իրենց երազների մասին: Արսենն ու Աննան խուսափում են պատմելուց, իսկ հետո ասում են, որ ոչինչ չեն տեսել: Միայն բաժակներ բարձրացնելիս Աննան Արսենի ձեռքի վրա տեսնում է այն նշանը, որ կար իր՝ այդ գիշեր երազին ջուր տված ձեռքի վրա: Շփոթվում է եւ վազում դուրս, Արսենն էլ հետեւում է նրան:
Այդ գիշերն Արսենն էլ էր երազ տեսել, նրան էլ էր մի արտասովոր նշանով ձեռք ջուր տվել: Իսկ դեռ մի քանի օր առաջ Արսենն ու Աննան երկար մտածում էին՝ ինչպես են իրենց ձեռքերին հայտնվել այդ նշանները, ու ոչինչ չէին հիշում:
Սա մոտավոր պատկերն է այն ֆիլմի սցենարի, որ միշտ պտտվել է 20-ամյա Արթուր Օրդոյանի գլխում: Ֆիլմի սցենարը ունի իր ավարտը, այն ռոմանտիկ, հետաքրքիր եւ հայկական տոնին նվիրված ֆիլմ է: «Միշտ խորհել եմ, ինչո՞ւ մեր կինոարտադրությունը նման բարի, գեղեցիկ ֆիլմերի մասին չի մտածում»: Իսկ այս ֆիլմի մասին մտածել է դեռեւս բանակ գնալուց առաջ: «Դեռ հանձնում էի Թատերական ինստիտուտի ընդունելության քննությունները, որ սցենարը ստեղծվեց: Հետո, երբ զրո կուրսում էի, ցույց տվեցի դասախոսներիս, նրանք հավանեցին, մի քանի դերասաններ էլ են նայել ու հավանության արժանացրել»,- ասում է Արթուր Օրդոյանը: Նա սովորում է Թատերական ինստիտուտի կինոօպերատորության բաժնի առաջին կուրսում: Հիմա զինվորական ծառայությունն ավարտել է եւ որոշել է ավելի մեծ սիրով նվիրվել իր կրթությանը եւ գործին: Իսկ վերոնշյալ սցենարի ֆիլմային տարբերակը տեսնելու համար նա միջոցներ չունի: Հովանավորներ միշտ էլ փնտրել է: «Մի օր էլ գնացի եւ դիմեցի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շահե Հայրապետյանին: Նա նայել էր սցենարը, կարծես թե հավանել էր եւ իր հովանավորությունը առաջարկել՝ տրամադրել «Շողակաթ» հեռուստաընկերությունից տեխնիկա եւ փակել ֆինանսական ծախսերը, դերասանների խնդիրը ես ինձ վրա էի վերցրել: Բայց հետո գնացի, նա ընդունարանում ասել էր, որ ինձ չընդունեն: Այդպես չկարողացա նրան տեսնել»,- պատմում է Արթուրը:
 Սուրբ Սարգիսի տոնը նրա սիրած տոներից է, անընդհատ ուսումնասիրել է այն. «Այնպես չէ, որ ես կուրորեն հավատում եմ Սուրբ Սարգիսի հրաշքին, բայց ամեն արարողակարգ այդ տոնի ժամանակ շատ հետաքրքիր է: Ինձ համար Սուրբ Սարգիսի կերպարը նույն Ձմեռ պապի կերպարն է»,- ասում է Արթուրը: Նա էլ է սիրում եւ սիրված է, բոլորին էլ Սուրբ Սարգիսի տոնին անսահման սեր է ցանկանում եւ հույս է հայտնում, որ մի Սուրբ Սարգիսի տոնի էլ իր ֆիլմը կնվիրի բոլորին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել