Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 19,2011 00:00

Սեքսը եւ թռիչքը տիեզերք՝
անհամատեղելի են

Վտանգ կա, որ տիեզերական թռիչքը բացասաբար կազդի հղի կանանց եւ մարդկային սաղմի վրա, այս մասին հաղորդում է «The New Scientist»-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Կանադայի Մոունթ Սեինթ Վինսենթի համալսարանի փորձագետների կատարած հետազոտությունները դանի-ռեռիո կոչվող ձկան սաղմերի վրա՝ բացահայտել են, որ գրեթե լիակատար անկշռության պայմաններում ծնված ձկներն ունեն գանգի թերություններ:
Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ տիեզերքը հարմար վայր չէ երկրային բնակիչների համար, համոզված է «The New Scientist»-ի լրագրողը: Նշվում է նաեւ, որ նմանատիպ մի փորձ էլ կատարվել է էգ մկների վրա, որից հետո գիտնականները հանգել են նույն պնդմանը:

Համբույրների գաղտնիքները

Շերիլ Կիրշենբաումի «Համբույրի գիտությունը» (The Science of Kissing, by Sheril Kirshenbaum) գրքում համբույրի առեղծվածը դիտվում է կենսաբանության, մշակույթի, պատմության, հոգեբանության եւ նույնիսկ կենդանաբանության հենքի վրա, սակայն որոշ գաղտնիքներ մնում են չբացահայտված, գրում է «The New Scientist»-ի տեսաբան Դեբորահ Բլումը:
Այնուհանդերձ, Կիրշենբաումին՝ Տեխասի համալսարանի հետազոտողին հաջողվել է հավաքել բազմաթիվ արժեքավոր տեղեկություններ. այսպես՝ մարդկանց համբույրի մասին առաջին անգամ հիշատակվում է 2-րդ դարի հնդկական հնագույն փաստաթղթերում: Հետազոտողը գտել է 17-րդ դարի մի տրակտատ, որտեղ 20 տարբեր տեսակի համբույրներ այնքան մանրակրկիտ են նկարագրված, որ գիրքն ունի ավելի քան 1000 էջ, գրում է հանդեսը:
Ոչ միայն մարդիկ են համբուրվում, այլ նաեւ բոնոբո կոչվող կապիկները, չղջիկները եւ ընձուղտները: Հետեւաբար, համբույրները կրում են կենսաբանական կարեւոր գործառույթ: «Եվ, իսկապես, որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ կանանց գրգռում է տեստոստերոնի քանակությունը տղամարդու թքի մեջ, որը զգացվում է ֆրանսիական համբույրի ժամանակ»,- գրում է հեղինակը՝ պարզաբանելով, որ համբույրը, ըստ էության, ինֆորմացիայի փոխանակում է գեների եւ հորմոնների մասին:

Մարդու ԴՆԹ-ն 97  տոկոսով համանման է
օրանգուտանի ԴՆԹ-ին

\"\"Նոր գենետիկական հետազոտությունը, որի արդյունքները հրապարակված են «Genome Research» ամսագրում, հաստատել են՝ մարդանման կապիկներն ավելի մոտ են մարդկանց, քան ենթադրվում էր մինչ այս: Առաջին անգամ օրանգուտանի գենետիկական կոդի սխեման ցույց տվեց, որ նրա շղթան 97 տոկոսով համանման է մարդկայինին, հաղորդում է «The Daily Mail»-ը: Թեեւ դա նշանակում է, որ «շիկահեր» կապիկները նվազ սերտորեն են կապված մեզ, քան շիմպանզեները, որոնց ԴՆԹ-ի 99 տոկոսը նույնանման է մարդու ԴՆԹ-ին: Մարդանման կապիկի գենի որոշ տեղամասեր ավելի մոտ են մարդուն, քան շիմպանզեինը, պարզել է հետազոտողների միջազգային խումբը: Ծագումնաբանները հուսով են, որ իրենց հայտնագործությունը կօգնի պահպանելու այդ տեսակը, որը զանգվածային անտառահատումների պատճառով հայտնվել է անհետացման սպառնալիքի տակ:
Մարդանման կապիկի ԴՆԹ-ի հետազոտությունների ընթացքում նաեւ պարզվել է, որ եթե մարդու եւ շիմպանզեի ընդհանուր նախնիները ապրել են մոտ 5-7 միլիոն տարի առաջ, ապա մարդու եւ օրանգուտանի նախնիները՝ 14 միլիոն տարի առաջ:
«Էվոլյուցիայի տեսանկյունից մարդանման կապիկի գենը հատուկ տեղ է գրավում պրիմատների մեջ, քանի որ այն զարմանալիորեն անփոփոխ է մնացել վերջին 15 միլիոն տարում»,- պարբերականը մեջբերում է հետազոտության հեղինակներից մեկի՝ դոկտոր Ռիչարդ Ուինսթոնի՝ Վաշինգթոնի համալսարանի Սենտ-Լուիսի բժշկական դպրոցին առընթեր գեների ուսումնասիրման կենտրոնի տնօրենի խոսքերը:
Հետազոտության հեղինակները նաեւ հայտնաբերել են, որ անհատից անհատի գենետիկական սխեման չափազանց տարբեր է: Նման գենետիկական բազմազանությունը մեծ դեր է խաղում տեսակի պահպանման համար, քանզի այն կենդանիներին օգնում է չհիվանդանալ եւ հարմարվել բնակության միջավայրի փոփոխություններին: Սակայն, ինչպես խոստովանել է տիպերով զբաղվող մասնագետ Ջեֆրի Ռոջերսը, «եթե անտառն անհետանում է, նման գենետիկական բազմազանությունից ոչ մի օգուտ չի լինի»: «Եթե մոտակա 30 տարիների իրավիճակը չփոփոխվի, վայրի բնությունում օրանգուտաններ չեն մնա»,- ընդգծել է Ռոջերսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել