«Պեչա կուչան» յոթերորդ անգամ
«Պեչա կուչան» ճապոներենից թարգմանաբար նշանակում է «ասել-խոսել», «շաղակրատություն» կամ էլ «բլա-բլա-բլա»: «Microsoft PowerPoint» ծրագրի միջոցով հեղինակը հանդիսատեսի հետ կիսվում է իր գաղափարով՝ այն ներկայացնելով 20 պատկերի տեսքով, որոնցից յուրաքանչյուրին տրվում է ընդամենը 20 վայրկյան ժամանակ: Պատկերները ինքնաբերաբար են փոխվում, այսինքն՝ բացառվում են հետեւյալ արտահայտությունները՝ «հաջորդ պատկերը, խնդրում եմ», «կարելի՞ է ետ փոխել» եւ այլն:
«Պեչա-կուչան» ստեղծվել է 2003 թ.՝ Տոկիոյում, այժմ այն կազմակերպվում է աշխարհի 327 երկրներում: Երեւանում «Ասել-խոսելով» սկսեցին հետաքրքրվել 2010 թվականից:
«Պեչա կուչա» նախագծի մասին իմացա ինտերնետից, որոշեցի այստեղ նույնպես կազմակերպել նմանատիպ հանդիպումներ: Դիմեցի պատկան մարմիններին ու լիցենզիա վերցրի: Գումարային ոչ մի հարց չկա. սա եկամուտ չհետապնդող ծրագիր է, հիմնական պայմաններն են՝ տարին գոնե չորս անգամ հանդիպումներ կազմակերպել եւ մարդկանց արտահայտվելու հնարավորություն տալ»,- մեզ հետ զրույցում ասաց Վահե Բալուլյանը, ով առաջինն է, որը ստացավ նախագիծն իրականացնելու լիցենզիան:
Ըստ Վահեի՝ այս միջոցով հայերն իրենց գաղափարները խոհանոցից, սրճարաններից, նեղ շրջանակից դուրս են հանում եւ դրանցով կիսվում բոլորի հետ. «Շատերը կան, որ հետաքրքիր մտքեր, կարծիքներ ու գաղափարներ ունեն: Այստեղ նրանց արտահայտվելու հնարավորություն է տրվում, որից հետո նրանք համախոհներ են գտնում, անգամ գործնական առաջարկներ ստանում»:
Հերթական «Պեչա կուչան» բազմազան էր թեմատիկ առումով: Օրինակ՝ մասնագիտությամբ քաղաքագետ, աշխատանքային կարգավիճակով լրագրող, իսկ հոգով բնապահպան Նունե Գրիգորյանը ներկայացնում էր «Հեծանիվ+» էկո-մարզական հ/կ-ն՝ կարեւորելով առողջ ապրելակերպը եւ մարդկանց զգուշացնելով զերծ մնալ մթնոլորտն աղտոտելուց: Նունեն նաեւ դժգոհ է, որ մեզ մոտ հեծանվային սպորտաձեւի զարգացման համար պայմաններ չկան. «Հայաստանում բացակայում են հեծանվային գծերը, բացի այդ, հեծանիվ քշելու համար կառուցված չեն համապատասխան վայրեր»:
Այս խնդրին համահունչ եւ թերեւս առավել արդիական հարց էր բարձրացնում Գայանե Մելքումյանը՝ «Մեր այգին» թեմայով: Նրա ելույթը վերաբերում էր «Ուսանողական այգու» խնդրին: «Այնտեղ մեկ տարի առաջ շինարարություններ սկսվեցին, այդ առիթով ստեղծվեց «Մենք ենք այս քաղաքի տերը» հասարակական նախաձեռնությունը, որը նպատակադրված է տեր կանգնել քաղաքի այգիներին, մասնավորապես՝ Ուսանողական այգուն, ուր գտնվում է Աստղադիտարանը, որն էլ հարակից է Ազգային գրադարանին: Այդ շենքերը մշակութային հուշարձաններ են, ուստի պահպանվում են օրենքով, եւ դրանց մոտակայքում նման կառուցապատում իրականացնել չի կարելի, դա նաեւ խոչընդոտելու է Աստղադիտարանի աշխատանքներին, քանի որ արհեստական լույսից առաջանալու է օդի աղտոտվածություն՝ խանգարելով գիտական հետազոտություններին»,- իր ելույթում ասում էր Գայանեն: Նրա խոսքերով՝ շինարարությունը կանգնեցնելու նպատակով իրենք մոտ 20000 ստորագրություն հավաքելով՝ դիմեցին քաղաքապետարան, սակայն՝ ապարդյուն. «Որից հետո մոտ 100-ից ավելի հայցվոր հայտ ներկայացրեց դատարան: Այժմ գործը գտնվում է վարչական վերաքննիչ դատարանում, սպասում ենք վերջնական պատասխանին»:
Մեկ այլ մասնակից էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Ընդհատված երգը» ներկայացրեց: Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը հանդիսատեսին ծանոթացրեց իրենց նախագծի հետ, պատմեց խոչընդոտների մասին եւ հույս հայտնեց, որ նկարահանումները վերսկսվել են, իսկ ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունենա Մոսկվայում, մայիս ամսին:
Բացի այս թեմաներից, կային նաեւ հետեւյալները՝ «Ես 3000 տարեկան եմ», «Ծաղկի հիշողություն», «Դեսից-դենից», «Ներաշխարհի խաչմերուկներում», «Անպիտան պիտակներ», «Ով եմ ես» եւ այլն: Վերջում Վ. Բալուլյանը հայտնեց, որ հաջորդ «Պեչա կուչան» կազմակերպվելու է «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ եւ նվիրված է լինելու մամուլին: