Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Փետրվար 19,2011 00:00

 \"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսանմեկերորդ

ՀԻՇԱՐԺԱՆ ԲՈՒՐՄՈՒՆՔ

Էդ օրը, հիշում եմ, շատ երկար նստեցինք, եւ երբ Գագոյի շնորհիվ բոլորը վերջնականապես հասկացան, որ եթե Մեսրոպն իր ավագ եղբորը հետեւելով՝ տասնհինգ թվականին Օչեմչիր հասներ, իրենք երբեւէ չէին ծնվելու ու էս կյանքում չէին հայտնվելու ու էս կյանքում ծաղիկ չէին ծախելու, եւ երբ ներկաները Գագոյի շնորհիվ էդ պարզ ու հասարակ բանը հասկացան, եւ երբ Գագոն էլ ներկաների շնորհիվ էդ պարզ ու հասարակ բանը հասկացավ, մեկից լրջանալով ասաց՝ «փաստորեն, էս սաղս պիտի պապայից շնորհակալ ըլնենք, որ փախեփախի վախտ իրա մեծ ախպոր խելքին չի ընկել» եւ մի քիչ մտածեց ու Վարդանին նայելով ավելացրեց՝ «իզուր էլ դժգոհում ենք», եւ Մեսրոպը հոգոց հանելով խոսեց ու ասաց՝ «էսօրվա պես հիշում եմ», եւ Լիլոն հարցրեց՝ «ի՞նչն ես հիշում», եւ Մեսրոպը մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «որ Երեւան հասանք, ես ահավոր հոգնել էի ու Սահակին ասեցի՝ որ սպանես էլ, էլ չեմ շարունակի», եւ Վարդանը հարցրեց՝ «բա ի՞նքն ինչ ասեց», եւ Մեսրոպը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ահագին կռվեցինք, ու որ տեսավ՝ ինձ չի կարում համոզի, ու որ տեսավ՝ մամաս ու քուրս էլ չեն ուզում ճանապարհը շարունակեն, ինքը Գաբրիելենց հետ Գաբրիելենց սելով գնաց», եւ Գագոն հարցրեց՝ «Գաբրիելն ո՞վ ա», եւ Ֆրեդն ասաց՝ «հորեղբայր Սահակի ընկերներից էր. իրար հետ են Վանից Օչեմչիր հասել», եւ մայրս ասաց՝ «Գաբրիելը որ մահացավ, ես Օչեմչիրում էի» եւ մի քիչ մտածեց ու Մեսրոպին ասաց՝ «հորեղբայրը կարծում էր, որ Գաբրիելի թաղմանը կգնաս», եւ Մեսրոպը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ախպերս Գաբրիելի խելքին ընկավ, որ գնաց հասավ էդ քամբախը», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ քամբախ», եւ Լիլոն ասաց՝ «պապան Օչեմչիրին քամբախ ա ասում. էդ քաղաքի անունը ոչ մի անգամ տված չկա», եւ մայրս Մեսրոպին ասաց՝ «հորեղբայրը հույս ուներ, որ Գաբրիելի թաղմանը կգնաս», եւ Լիլոն Մեսրոպին ասաց՝ «շատ դաժան մարդ ես, պապ», եւ Մեսրոպը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ եմ դաժան», եւ Լիլոն հորն ասաց՝ «ոչ մեկին չես ներում», եւ Վարդանը ծիծաղելով ասաց՝ «պապան հեչ իրա մեծ ախպորը չի ներում, ուր մնաց՝ Գաբրիելին ներեր», եւ մայրս ասաց՝ «Գաբրիելին մի շաբաթ պահեցին՝ հետո նոր թաղեցին», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «մի շաբաթ ինչի՞ պահեցին», եւ Վարդանն ասաց՝ «աբխազների օրենքով ըտենց ա. իրանք իրանց մեռելներին մի շաբաթ տունը պահում՝ հետո նոր թաղում են», եւ Գագոն հարցրեց՝ «խի Գաբրիելն աբխազ է՞ր», եւ Ֆրեդն ասաց՝ «որ աբխազների մեջ ես ապրում, պիտի իրանց օրենքներին ենթարկվես», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «մեռած վախտ է՞լ պիտի իրանց օրենքներին ենթարկվես», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրենք որ մահացածին մի շաբաթ պահում են, էդ հարգանքի նշան ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դրանով ուզում են ցույց տան, որ իրենց մահացած հարազատից դժվարությամբ են բաժանվում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «որ ըտենց ա՝ թող մի ամիս պահեն», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ արդեն մեզ չի վերաբերում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «որ հորեղբայրը մեռնի, իրան էլ ե՞ն մի շաբաթ պահելու», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իրան երեւի ավելի երկար կպահեն», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «խի՞ ավելի երկար», եւ Վարդանը ծիծաղելով ասաց՝ «էնքան կպահեն, մինչեւ մենք պապային համոզենք», եւ Գագոն հարցրեց՝ «պապային ի՞նչ համոզենք», եւ Վարդանը ժպտալով ասաց՝ «համոզենք, որ իրա ախպոր թաղմանը գնա», եւ Մեսրոպը թարս նայեց Վարդանին ու ոչինչ չասաց, եւ Լիլոն ասաց՝ «պապան ոչ մեկին չի ներում, բայց իրա մեծ ախպորը հոգու խորքում շատ ա սիրում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «պապան աշխարհում ամենից շատ հորեղբայրին ա սիրում», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ժպտալով Լիլոյին հարցրեց՝ «այսինքն, թաղմանը կգնա՞», եւ Ֆրեդը Վարդանի վրա գոռաց՝ «հերիք ա բայղուշություն անես», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բնության օրենքը պահանջում ա, որ սկզբում մեծը մեռնի, հետո նոր՝ փոքրը», եւ Մեսրոպը ժպտալով ասաց՝ «Սահակն ամբողջ կյանքում բնության օրենքներին հակառակ ա գնացել», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «համ էլ հորեղբայրը հիվանդ ա, պապան՝ առողջ», եւ Լիլոն սեղանին թխկթխկացնելով ասաց՝ «թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ. սատանի ականջը խուլ», եւ մայրս ասաց՝ «հորեղբայրի հիվանդությունն առանձնապես վտանգավոր հիվանդություն չի», եւ Գագոն ասաց՝ «բայց պապան վաբշե հիվանդացած չկա», եւ Վարդանը ժպտալով ասաց՝ «պապան նույնիսկ պոլիկլինիկայում քարտ չունի», եւ Լիլոն գոռաց՝ «հերիք ա աչքով տաք», եւ մայրս ասաց՝ «հորեղբայրն էլ առանձնապես լուրջ հիվանդ չի», եւ հայրս մորս հարցրեց՝ «չեք կարա՞ լավ բաներից խոսաք», եւ Գագոն մեծավարի ասաց՝ «լավ բան կա՞, որ լավ բանից խոսանք», եւ հայրս ժպտալով Ֆրեդին հարցրեց՝ «հեչ լավ բան չկա՞, Ֆրեդ», եւ Ֆրեդը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պիտի որ ըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու Լիլոյին ասաց՝ «մի շիշ կոնյակ բեր», եւ Լիլոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «որի՞ց», եւ Ֆրեդը ծիծաղելով ասաց՝ «որը որ պատահի», եւ Գագոն ասաց՝ «ընդամենը մի շիշ կոնյակ ա մնացել», եւ Ֆրեդը զարմացած ասաց՝ «ես հինգ շիշ էի բերել», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «Գոքորը մի հատը թողել ա, մնացածը տարել ա», եւ Ֆրեդը զարմացած հարցրեց՝ «ո՞ւր ա տարել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պապան էդ բառը չի սիրում, դրա համար էլ չեմ ուզում ասեմ», եւ Լիլոն հարցրեց՝ «Օչեմչի՞ր», եւ Գագոն ժպտալով Լիլոյին ասաց՝ «պապայի մոտ էդ բառը մի ասա. պապան էդ բառը չի սիրում», եւ մայրս ժպտալով ասաց՝ «Գագոն Գրիգորի բոլոր գաղտնիքները գիտի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «Գոքորն իրա սաղ գաղտնիքներն ինձ ասում ա, որովհետեւ գիտի, որ բերանբաց չեմ», եւ Ֆրեդը Լիլոյին ասաց՝ «գնա՝ էդ մի շիշը բեր», եւ մայրս հորս հարցրեց՝ «խմելու ե՞ք», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «չէ. նայելու են» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «դնելու են սեղանին ու ուշադիր նայեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով մորս ասաց՝ «վաստակավոր դասատու ես, բայց հասարակ բաները չես հասկանում», եւ մայրս Գագոյին հարցրեց՝ «ի՞նչ չեմ հասկանում», եւ Գագոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «չես հասկանում, որ կոնյակը խմելու համար ա», եւ Ֆրեդը թարս նայեց Լիլոյին ու ասաց՝ «քեզ ասեցի՝ էն շիշը բեր», եւ Լիլոն մի քիչ մտածեց ու Ֆրեդին ասաց՝ «Սեդան դեմ ա», եւ Ֆրեդը հարցրեց՝ «ինչի՞ն ա դեմ», եւ Լիլոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «խմելուն», եւ հայրս ժպտալով ասաց՝ «բայց ոչ ոք Սեդային չի ստիպելու, որ խմի», եւ Ֆրեդը թարս նայեց Լիլոյին ու ասաց՝ «ասում եմ՝ գնա էն շիշը բեր», եւ Լիլոն մի քիչ մտածեց ու նորից ասաց՝ «Սեդան խմելուն դեմ ա», եւ մայրս ասաց՝ «ես առանց առիթի՝ ինքնանպատակ խմելուն եմ դեմ», եւ Գագոն մորս հարցրեց՝ «ինքնանպատակը ո՞րն ա», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքնանպատակն աննպատակն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես առանց առիթի խմելուն եմ դեմ», եւ հայրս ժպտալով ասաց՝ «շատ լավ էլ առիթ կա», եւ մայրս զարմացած հարցրեց՝ «ի՞նչ առիթ կա», եւ հայրս ժպտալով ասաց՝ «մի բաժակ խմենք՝ Գիքորին բարի ճանապարհ ասենք», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց Գրիգորն արդեն ճանապարհին ա», եւ հայրս նայեց ժամացույցին ու ժպտալով ասաց՝ «հիմի ինքը Թիֆլիսի կողմերում ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «խմենք, որ բարեհաջող Օչեմչիր հասնի», եւ մայրս թարս նայեց հորս, մի քիչ մտածեց ու ասաց՝ «ընենց բան ես ասում, որ լեզուս չի պտտվում հակաճառեմ», եւ Ֆրեդը Լիլոյին ասաց՝ «գնա բեր», եւ Լիլոն մորս հարցրեց՝ «բերե՞մ, Սեդ», եւ մայրս մի քիչ մտածեց ու շիվարած ասաց՝ «ճարներս ինչ», եւ Ֆրեդը Լիլոյին ասաց՝ «էն շոկոլադներից էլ բեր», եւ Լիլոն հարցական նայեց Գագոյին ու հարցրեց՝ «շոկոլադ մնացել ա՞, Գագ», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ի՞նձ խի ես հարցնում», եւ Վարդանը ժպտալով Գագոյին ասաց՝ «բա ո՞ւմ հարցնի. մեջներիցս դու ես շոկոլադ սիրում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «մարդու աչքը դուս գա՝ անունը դուս չգա», եւ Լիլոն ժպտալով Գագոյին հարցրեց՝ «շոկոլադ մնացել ա՞, թե՝ չէ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «չգիտեմ», եւ Մեսրոպը Լիլոյին ասաց՝ «գարդիրոբի գլխին բանբաներկա կա», եւ Գագոն աշխուժանալով ասաց՝ «էն՝ որ կառոբկի վրա գրած ա Անահիտ», եւ Վարդանը ժպտալով Գագոյին հարցրեց՝ «էդ Անահիտը կա՞», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «Անահիտին մատով չեմ կպել», եւ Վարդանը ժպտալով Գագոյին ասաց՝ «չհավատալու բան ես ասում», եւ Գագոն ասաց՝ «պապայի արեւ», եւ Վարդանը ժպտալով ասաց՝ «որ պապայի արեւ ես ասում, հավատում ենք», եւ Գագոն թարս նայեց Վարդանին ու ասաց՝ «մեկն ըլնի՝ քեզ հավատա կամ չհավատա» եւ մի քիչ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «փաստորեն, քու կերածներն էլ եմ ամեն անգամ վրես վեկալում», եւ Վարդանը կարմրելով ասաց՝ «սաղն էլ գիտեն, որ շոկոլադից զզվում եմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով Վարդանին ասաց՝ «որ զզվելով էդքան ուտում ես, պատկերացնում եմ՝ որ չզզվեիր՝ ինչքան կուտեիր», եւ Ֆրեդը Լիլոյին հարցրեց՝ «ո՞ւմ ես սպասում», եւ Լիլոն շիվարած նայեց մորս, եւ մայրս ժպտալով համաձայնության նշան տվեց, եւ Ֆրեդը Լիլոյին ասաց՝ «բաժակները չմոռանաս», եւ Լիլոն հարցրեց՝ «քանի՞ հատ բաժակ բերեմ», եւ Ֆրեդը ժպտալով ասաց՝ «դու բեր՝ մենք կհաշվենք», եւ Լիլոն Ֆրեդին հարցրեց՝ «ո՞ր բաժակներից բերեմ», եւ Գագոն ասաց՝ «պապայի առած խրուստալի էն պստիկ բաժակներից», եւ Վարդանն ասաց՝ «կակռազ դրանք կոնյակի համար շատ հարմար են», եւ մայրս ժպտալով Վարդանին հարցրեց՝ «դո՞ւ որտեղից գիտես», եւ Վարդանը ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ կոնյակը չայի բաժակով խմեն», եւ մայրս նայեց հորս, հետո ժպտալով Վարդանին ասաց՝ «մարդ կա՝ չայի բաժակով ա խմում», եւ Լիլոն մորս հարցրեց՝ «բերե՞մ», եւ Ֆրեդը թարս նայեց Լիլոյին ու գոռաց՝ «կարող ա՞ Սեդան ա խմելու, որ Սեդային ես հարցնում», եւ մայրս թարս նայեց հորս ու Լիլոյին ասաց՝ «որ Ֆրեդն ա ասում, ուրեմն՝ բեր», եւ երբ Լիլոն տեղից վեր կացավ, Ֆրեդը ժպտալով Լիլոյին ասաց՝ «կոնյակը չմոռանաս», եւ երբ Լիլոն գնաց, մայրս Ֆրեդին ասաց՝ «ինչի՞ ես աղջկա վրա գոռում», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «որովհետեւ անջատված ա», եւ մայրս զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա անջատված», եւ Գագոն փռթկացնելով ասաց՝ «ավելի ճիշտ՝ սիրահարված ա», եւ մայրս ավելի զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա սիրահարված», եւ Գագոն փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «Լիլոն» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ իրան են սիրահարված», եւ մայրս զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա իրան սիրահարված», եւ Վարդանը Գագոյի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «մեկը կա», եւ Գագոն ասաց՝ «անունը Ռուբիկ ա. ժամերով Մետաքսի գործարանի մոտերը կայնում ա, որ Լիլոն դուս գա՝ տենա», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «զարմանալի ա, որ էդ մասին Լիլիկն ինձ ոչ մի բան չի ասել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «հո չասեցի՜ր» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «Լիլոն մինչեւ անգամ կոնյակը բերելուց ա քեզնից թույլտվություն հարցնում, այ Սեդա», եւ Գագոյի խոսքի վրա Լիլոն կարմրած ներս մտավ՝ կոնյակով, բաժակներով ու բոնբոներկայով մատուցարանը ձեռքին, եւ Գագոյի խոսքի վրա՝ հենց շեմքին Լիլոյի ձեռքից էդ ամենը ցած ընկան, եւ կոնյակի շիշը փշուր-փշուր եղավ, եւ բաժակներն էլ տարբեր կողմեր գլորվեցին, եւ կասկարմիր Լիլոն հոնգուր-հոնգուր լաց էր լինում, եւ Ֆրեդը ներողամտորեն ժպտալով Լիլոյին ասաց՝ «էդ նրանից ա, որ չուզենալով բերիր», եւ Գագոն հատակից բաժակները հավաքելով ասաց՝ «էդ նրանից ա, որ ուշքումիտքն ուրիշ տեղ ա», եւ, հիշում եմ, երբ Գագոն էդ ասաց, Լիլոն արդեն մեծ սենյակում չէր, եւ քիչ անց՝ երբ Լիլոն ցախավելն ու հատակի շորը ձեռքին մեծ սենյակ վերադարձավ, հայրս Ֆրեդին հարցրեց՝ «հիմի ի՞նչ անենք», եւ Ֆրեդը կոնյակի կոտրված շշի կտորտանքներին նայելով՝ Գագոյին հարցրեց՝ «Գիքորն էս մի շիշն ա՞ թողել», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Վարդանը ծիծաղելով ասաց՝ «որ խելք ունենար՝ էս մեկն էլ չէր թողի», եւ հայրս նորից Ֆրեդին հարցրեց՝ «հիմի ի՞նչ անենք», եւ մայրս թարս նայեց հորս ու ասաց՝ «ի՞նչ ես ուզում անենք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «պիտի գնաս՝ մեր կոնյակը բերես», եւ հայրս հիացմունքով նայեց մորս ու ժպտալով ասաց՝ «հազիվ մի խելոք բան ասեցիր» ու էդ ասելով՝ հայրս վեր կացավ ու գնաց եւ մինչ կոնյակով ու շոկոլադներով կվերադառնար, Լիլոն հոնգուր-հոնգուր լաց լինելով հատակն ավլեց ու շողշողացրեց, եւ չնայած հատակը փայլում ու պսպղում էր, կոնյակի բույրը սենյակով մեկ էր տարածվել, եւ, հիշում եմ, իմ մորաքույր Աիդան ժպտալով մորս ասաց՝ «լավ հոտ ա չէ՞, Սեդա», եւ մայրս շնչեց ու ասաց՝ «անմահական» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էս բուրմունքից կարելի ա հարբել», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «մեջներիցս մենակ Սեդան ա հոտին բուրմունք ասում», եւ Վարդանն ասաց՝ «որովհետեւ մեջներիցս մենակ Սեդան ա հայերենի դասատու», եւ մայրս խորը շնչելով ժպտաց ու ասաց՝ «էս ոչ թե հոտ ա, այլ՝ իսկական բուրմունք», եւ Լիլոն շնչելով ու արցունքախառն ժպտալով ասաց՝ «ճիշտ ա», եւ Ֆրեդը թարս նայեց Լիլոյին ու ասաց՝ «հերիք ա լացես», եւ Վարդանը ծիծաղելով Լիլոյին ասաց՝ «մի շիշ կոնյակի համար էդքան լաց չեն ըլնի», եւ Գագոն ծիծաղելով Լիլոյին ասաց՝ «հազիվ պոլերը փայլացրել ես, հիմի էլ արցունքներդ ե՞ս պոլին չռռացնում» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով մորս ասաց՝ «էս ոչ թե կոնյակի՛ բուրմունքն ա, այլ՝ Լիլոյի արցունքներինը», եւ Լիլոն արցունքները սրբելով թարս նայեց Գագոյին ու ասաց՝ «չես զգո՞ւմ, որ շատ ես խոսում», եւ Գագոն հարցրեց՝ «ե՞րբ եմ շատ խոսացել», եւ Լիլոն մի քիչ մտածեց ու լացակումած ասաց՝ «էսօր», եւ Գագոն ծիծաղելով երգեց՝ «ոչ մի ծաղիկ քո բուրմունքը՜ չունի», եւ մայրս Գագոյին սաստելով ասաց՝ «արդեն չափդ անցնում ես», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «կոնյակի մասին եմ երգում», եւ Վարդանը ծիծաղելով ասաց՝ «պախառոնի ա երգում», եւ մայրս մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կոնյակի շիշը փշուր-փշուր էղավ, բայց պապայի առած էս խրուստալի բաժակներից ոչ մեկը չկոտրվեց», եւ Վարդանը ծիծաղելով ասաց՝ «պապան վանեցի ա. ինքը լավ գիտի՝ ինչ բաժակ ա առնում», եւ Աիդան ժպտալով ասաց՝ «դրա համար ա պապան ամեն մեկիս ծնունդին խրուստալի վազ ու բաժակ առնում», եւ Վարդանը ծիծաղելով ասաց՝ «առաջ վանեցիք ոսկի էին առնում, հիմի՝ խրուստալ», եւ մայրս ժպտալով ասաց՝ «խրուստալն էլ ա մնայուն արժեք», եւ հայրս մեր կոնյակը բացելով ու բաժակները լցնելով Լիլոյին ասաց՝ «Լիլիկ ջան, էդ խրուստալի վազերից մեկը բեր՝ էս շոկոլադները մեջը լցնենք», եւ երբ Լիլոն տեղից վեր կացավ, Գագոն ժպտալով Լիլոյին ասաց՝ «զգուշ՝ էդ վազն էլ չջարդես», եւ Լիլոն թարս նայեց Գագոյին ու գնաց, եւ Վարդանը ծիծաղելով ասաց՝ «պապան լավ գիտի՝ ինչ ա առնում», եւ երբ Լիլոն վերադարձավ ու մեր շոկոլադները լցրեց վազի մեջ, հայրս Լիլոյին ասաց՝ «էդ բանբաներկեն տար՝ իրա տեղը դիր», եւ Լիլոն հարցական նայեց մորս, եւ մայրս ասաց՝ «տար», եւ Վարդանը ծիծաղելով Լիլոյին ասաց՝ «զգուշ տար՝ հանկարծ չջարդես», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «պապան լավ գիտի՝ ինչ ա առնում», եւ երբ Լիլոն գնաց, Աիդան ասաց՝ «էդ բանբաներկեն պապան չի առել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Լիլիկենց խանութի հաճախորդներից մեկն ա Լիլիկի ծնունդին նվեր տվել», եւ Գագոն խորամանկ ժպտալով հարցրեց՝ «Ռուբո՞ն», եւ Աիդան Գագոյին ասաց՝ «արդեն շատ ես ավելպակաս խոսում», եւ Վարդանը Գագոյին ասաց՝ «չես կարո՞ւմ բերանդ փակ պահես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մեջներիցս ամենափոքրը դու ես, բայց սաղիցս շատ ես խոսում», եւ Գագոն նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «մեջներիցս ամենափոքրն Արմենն ա», եւ Վարդանը ժպտալով ասաց՝ «դրա համար էլ չի խոսում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Արմենը չի խոսում, բայց շատ ուշադիր ա լսում», եւ Վարդանը Գագոյին ասաց՝ «Արմենից օրինակ վերցրու», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ օրինակ», եւ Վարդանը ժպտալով ասաց՝ «պիտի շատ լսես ու քիչ խոսաս», եւ Ֆրեդը Վարդանին ասաց՝ «որ դու էլ Արմենից օրինակ վերցնես՝ չի խանգարի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դու էլ առանձնապես մեծ չես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մեջներիցս ամենամեծը Հակոբն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Հակոբը պիտի խոսա՝ մենք պիտի լսենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ասա, Հակոբ ջան», եւ հայրս զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ասեմ», եւ Ֆրեդը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «կենաց» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «խոսքը մեծինն ա», եւ հայրս մի քիչ մտածեց ու Ֆրեդին ասաց՝ «մեջներիս մեծը պապադ ա», եւ Լիլոն՝ որ արդեն վերադարձել էր, ժպտալով ասաց՝ «պապան իրա կյանքի մեջ կենաց ասած չկա», եւ Գագոն ավելացրեց՝ «պապան կենաց ասել չի սիրում», եւ Մեսրոպը ժպտալով հորս ասաց՝ «ես իմ խոսքը քեզ եմ զիջում, Հակոբ ջան», եւ մայրս հորս ասաց՝ «դե մի բան ասա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «քեզ շատ ես թանկացնում», եւ Ֆրեդն ասաց՝ «լսում ենք, Հակոբ ջան», եւ հայրս բաժակը բարձրացնելով՝ շիվարած ասաց՝ «ի՞նչ ասեմ», եւ մայրս ասաց՝ «Գրիգորին բարի ճանապարհ մաղթենք», եւ Ֆրեդը ժպտալով ասաց՝ «շատ ճիշտ կենաց ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «այ Սեդա, հետո էլ ասում ես՝ խմելու առիթ չկա», եւ հայրս բաժակը բարձրացնելով ասաց՝ «Գիքորին բարի ճանապարհ», եւ Գագոն բաժակը բարձրացնելով ասաց՝ «Գոքորին բարի ճանապարհ», եւ Լիլոն ասաց՝ «բարովխերով տեղ հասնի», եւ Վարդանը ժպտալով ասաց՝ «իրա տարած կոնյակները հալալ ըլնեն», եւ Լիլոն ասաց՝ «էդ կոնյակներն ինքը երեւի Միշային ու Ժորային ա տալու», եւ Վարդանը ժպտալով ասաց՝ «դրա համար էլ ասում եմ՝ հալալ ըլնեն», եւ երբ Գոքորին բոլորս բարի ճանապարհ մաղթեցինք, եւ երբ Ֆրեդն ու հայրս իրենց բաժակները դատարկեցին, մայրս իր բաժակից կում անելով ու դեմքը ծռմռելով ասաց՝ «էս կոնյակի բուրմունքն ավելի լավն ա, քան՝ համը», եւ Գագոն իր բաժակից կում անելով ասաց՝ «Սեդան ճիշտ ա ասում», եւ Ֆրեդն ասաց՝ «Սեդան միշտ էլ ճիշտ ա ասում», եւ մայրս ժպտալով հորս ասաց՝ «դե հիմի մի հատ կենաց ասա», եւ հայրս զարմացած հարցրեց՝ «էդ կենաց չէ՞ր», եւ Ֆրեդն ասաց՝ «շատ լավ կենաց էր», եւ մայրս ասաց՝ «շատ լավ կենաց էր, բայց իմ առաջարկած կենացն էր», եւ Ֆրեդը ժպտալով հորս ասաց՝ «մի հատ ինքնուրույն կենաց ասա, Հակոբ ջան», եւ Մեսրոպն ասաց՝ «քեֆ չի, որ շարան-շարան կենացներ ասենք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ամենակարեւոր կենացն ասեցինք պրծանք», եւ Ֆրեդը ժպտալով ասաց՝ «որ կենաց չասենք, Սեդան էլի ասելու ա՝ առանց առիթի ենք խմում», եւ հայրս անսպասելի տեղից վեր կացավ, բաժակը բարձրացրեց ու ասաց՝ «էս բաժակով ուզում եմ Մեսրոպի կենացը խմենք», եւ Մեսրոպը զարմացած հարցրեց՝ «իմ կենա՞ցն ինչ կապ ունի», եւ հայրս ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «շատ մեծ կապ ունի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ փախեփախի վախտ դու էլ Գաբրիելի խելքին ընկնեիր ու հասնեիր Օչեմչիր, հիմի էս ներկաներից ոչ մեկն էստեղ ներկա չէր ըլնի», եւ մայրս ժպտալով հորս ասաց՝ «բացի քեզանից» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մեկ էլ՝ պապայից», եւ հայրս մի քիչ մտածեց ու մորս նայելով ասաց՝ «ծնված չէիք ըլնի ու չէիք իմանա, որ աշխարհում Օչեմչիրի պես տեղ կա», եւ Գագոն ասաց՝ «որ չծնվեինք, Երեւանի ու Մետաքսի տեղն էլ չէինք իմանա», եւ Վարդանը ծիծաղելով ասաց՝ «որ չծնվեիր, ոչ մի անգամ ծաղիկ չէիր ծախի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա ո՞վ պիտի ծաղիկ ծախեր», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրիշները» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «որ պապան էլ Գաբրիելի խելքին ընկներ ու հասներ Օչեմչիր, իմ ու քո փոխարեն ուրիշները կծնվեին ու Օչեմչիրում ծաղիկ կծախեին», եւ Գագոն հարցրեց՝ «Օչեմչիր ծաղիկ կա՞», եւ Վարդանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Օչեմչիր ամեն ինչ էլ կա», եւ Գագոն հարցրեց՝ «մեր ծաղիկների պես ե՞ն», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մերոնց չեն հասնի, բայց կան», եւ Լիլոն ծիծաղելով ասաց՝ «որ պապան Օչեմչիր ապրեր, իրանց ծաղիկները մերիններից լավը կըլնեին», եւ Գագոն նայեց Լիլոյին, հետո ժպտալով Վարդանին հարցրեց՝ «որ պապան Երեւանի տեղակ Օչեմչիր քոչեր, Լիլոն էլ չէր ծնվի, չէ՞», եւ Վարդանը պատասխանեց ու ասաց՝ «չէ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու փռթկացնելով հարցրեց՝ «որ Լիլոն ծնված չըլներ, Ռուբոն Մետաքսի զավոդի մոտ ո՞ւմ էր սպասելու», եւ Լիլոն կարմրելով Գագոյին ասաց՝ «արդեն շատ ես էրես առնում», եւ մայրս թարս նայեց Գագոյին ու ասաց՝ «քո տարիքին չվերաբերող ավելորդ բաներ ես խոսում», եւ Գագոն հարցրեց՝ «ավելորդ ի՞նչ եմ խոսացել», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ դիմացինիդ տարիքն ես հաշվի առնում, ոչ էլ՝ քոնը», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ տարիքս հաշվի առնեիք, հետներդ ծաղիկ ծախելու չէիք տանի», եւ մայրս մի քիչ մտածեց ու Գագոյին ասաց՝ «քեզ ոչ ոք չի ստիպել», եւ Վարդանը Գագոյին ասաց՝ «շատ վախտ պոչ ես ըլնում ու հետներս գալիս ես», եւ Լիլոն ասաց՝ «զոռով հետներս գալիս ա, որ դպրոց չգնա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու լացակումած ասաց՝ «որ մեկ էլ գամ՝ կուրախանաք»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել