Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գրեմմի մրցանակակիրն իրեն մի քիչ հայ է զգում

Փետրվար 19,2011 00:00

Աշխարհահռչակ երաժիշտ Մաքսիմ Վենգերովը հայկական շփումների պակաս չունի

Փետրվարի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում անվանի ջութակահար եւ դիրիժոր Մաքսիմ Վենգերովը հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա խոստովանեց, որ շնորհակալ է ճակատագրից՝ Հայաստանում հայտնվելու համար: 1/4 մասով իրեն հայ համարելու զգացողությունը նա կապեց աշխարհի տարբեր անկյուններում հայ ընկերներ ունենալու հետ. «Աշխարհի տարբեր երկրներում ունեմ լավ երաժիշտ հայ ընկերներ՝ Վահագն Պապյան, Վահրամ Սարաջյան, որոնց հետ միշտ հանդես եմ գալիս համերգային ծրագրերով: Հենց սա է պատճառը, որ որոշակիորեն ինձ հայ եմ զգում»:
Երաժիշտը նշում է, որ իր առաջին այցը Հայաստան՝ որպես դիրիժոր է. «Հանդես կգամ որպես դիրիժոր, սակայն չի բացառվում, որ հանդիսատեսի պահանջով ջութակ նվագեմ… Ջութակն իմ հոգու շարունակությունն է, փայտիկն էլ՝ ձեռքիս շարունակությունը… Ջութակն իմ կապն է հանդիսատեսի հետ: Երբ նվագում եմ, ասես զրուցում եմ հանդիսատեսի հետ: Իսկ դիրիժորությունը երաժիշտների հետ շփման միջոցն է»:
Հարցին՝ արդյո՞ք երաժշտությունն ազգություն ճանաչում է, Մ. Վենգերովը պատասխանեց. «Տարբեր ազգեր երաժշտությունը տարբեր կերպ են ընկալում, կարեւորը երաժշտի համար այն է, որ իր երաժշտությունը հասնի հանդիսատեսի հոգուն՝ անկախ ազգությունից»:
Հայկական երաժշության մասին ջութակահար-դիրիժորը իր ուրույն վերաբերմունքն ունի. «Ինձ շատ է գրավում հայկական երաժշտությունը: Առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Արամ Խաչատրյանի երաժշտության հանդեպ: Հուսամ, նրա որոշ գործեր հայ հանդիսատեսին Հայաստանում կներկայացնեմ»:
Արվեստագետը անդրադարձավ նաեւ մամուլի հրապարակումներին, դրանցից մեկն այն մասին էր, թե իբր դադարեցնում է երաժշտի՝ իր կարիերան. «Ես երբեք չեմ դադարի նվագել, քանի որ դա է իմ շփման լեզուն մարդկության հետ: Այն, ինչին հիմա ես հասել եմ, ծնողներիս քրտնաջան աշխատանքի արդյունքն է: 5 տարեկանում, երբ մի համերգի ժամանակ առաջին անգամ տեսա ջութակներով մարդկանց, ծնողներիս ասացի, որ ուզում եմ ջութակահար դառնալ, մինչդեռ հայրս ինձ ապագա դիրիժոր էր պատկերացնում…… Մայրս, որ 20 տարի մանկատան ղեկավար է աշխատել, մի առիթով ինձ ասաց՝ շատ չարաճճի երեխաներ ունեմ, բայց ամենադժվար դաստիարակվողը դու ես եղել, Մաքսիմ»:
Մ. Վենգերովը Հայաստանում գտնվելու ընթացքում դեռ չի կարողացել ծանոթանալ տեսարժան վայրերին: Համերգի նախապատրաստական աշխատանքներով զբաղված լինելու պատճառով՝ հասցրել է այցելել միայն Ս. Փարաջանովի տուն-թանգարան եւ գեղագիտական հաճույք ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28