Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայալեզու գրական ռեսուրսները՝ համացանցում

Փետրվար 19,2011 00:00

Թվայնացումը կանխում է բնագրերի ոչնչացումը

Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները, մասնավորապես՝ համացանցը այսօր իրականացնում են նաեւ գրահրատարակչական գործունեություն՝ վիրտուալ հնարավորություններ ընձեռելով գրականության տեղակայման, ստեղծման ու տարածման համար: Հայ խոսքարվեստի հարուստ ժառանգությունը եւս՝ ժողովրդական բանահյուսությունից մինչեւ արդի գրողներ, հասանելի է գրական համացանցից: Թվային գրադարանները գրականությունն ընդգրկում են ըստ ժամանակաշրջանի՝ 5-18-րդ դդ. դասական մատենագրություն (https://www.digilib.am), 19-20-րդ դդ. արեւելահայ գրականություն (https://www. eanc.net), հեղինակների այբբենական (https://hayeren.hayastan.com) եւ բնագրային նյութի թեմատիկ-ժանրային (https://www .armenianhouse.org) դասակարգմամբ: «Հայգիրք» նախագիծը (https:// haybook.wordpress.com) գեղարվեստական ստեղծագործությունները ներկայացնում է ըստ լեզվի զարգացման շրջանների՝ գրաբար, արեւմտահայերեն, արեւելահայերեն: Առցանց ընթերցանությանը զուգահեռ, այս գրադարանները միջնադարյան գրականության բոլոր ժանրերը՝ Գողթան երգերից մինչեւ Սայաթ-Նովա, նոր եւ նորագույն գրականությունը՝ Աբովյանից մինչեւ Չարենց, արեւմտահայ, սփյուռքահայ, արդի հեղինակների ստեղծագործությունները վիրտուալ հանրությանը տրամադրում են նաեւ գիտական հետազոտությունների նպատակով: Թվային գրապահոցը (https://freebooks.do.am) հնարավորություն է տալիս դասական եւ ժամանակակից գրողների՝ Վ. Սարոյան, Մ. Գալշոյան, Վ. Թեքեյան, Կ. Անտաշյան, Ղ. Սիրունյան, Ն. Ադալյան եւն, հարյուրից ավելի գրքեր ներբեռնել համակարգչի վրա եւ կարդալ «օֆլայն»: Պ. Սեւակի, Դ. Վարուժանի, Գ. Էմինի, Մ. Մեծարենցի, Պ. Դուրյանի, Սիամանթոյի, Ռ. Սեւակի, Վ. Տերյանի, Ե. Չարենցի բանաստեղծական ժողովածուներն ամփոփված են https://www.armenianpoets.com գրական կայքում, իսկ դասական, արդի ու թարգմանական հայ գրականության լավագույն նմուշները՝ հրապարակախոսական, կենսագրական հարուստ նյութի համադրմամբ՝ «Հայարտ» գրական ցանցում (https:// hayart. net): Ցանցային հանրագիտարանները (https://hy.wikipedia.org, https://www.armeniapedia.org), գրողների պաշտոնական (https://teryan.com, https://hrantmatevossian.org) ու կենսագրական (https://www.Persons.am) կայքերը, վիրտուալ թանգարանները (https://www.komitas.am, https://www.toumanian.am) գրողների կյանքն ու ստեղծագործությունը՝ որպես ազգային-մշակութային արժեքներ հավաքագրելուն, պահպանելուն, ցուցադրելուն զուգահեռ, ընթերցողներին առաջարկում են նաեւ վերլուծական տեղեկություններ՝ ստեղծելով տեսական գիտելիքների բազմալեզու թվային շտեմարանը: Օրինակ, «Վիքիփեդիա» ազատ հանրագիտարանում ընթերցողը կարող է ծանոթանալ հայ մատենագիրների, բանաստեղծների, արձակագիրների, դրամատուրգների ու մանկագիրների, գրականագետների, թարգմանիչների ու հրապարակախոսների գործունեությանը, գրական խմբավորումների, պարբերականների, ժանրերի ու տաղաչափության պատմությանը: Վիրտուալ հանրության զարգացման արդյունքում գրական խմբակների, սալոնների, երեկույթների թվային համարժեքը դառնում են գրական ֆորումները (www.armsoul. com; www.dnforum.am; www.akumb.am), որոնք կազմակերպում են հայերեն ու հայատառ քննարկումներ՝ մշակելով ցանցային հաղորդակցման, հասարակական երկխոսության կայացման սկզբունքները: Հայալեզու ռեսուրսներն ամբողջացնում են գեղարվեստական հանդեսները (www.narcis-handes.am, www.inknagir.org, https://www.wua. am/serund եւն)՝ տարածելով ընթացիկ գրականությունը: Նույն գործառույթն են իրականացնում նաեւ մասնագիտական ու անձնական բնույթի գրական բլոգները (www.lit-bridge.com, www.armenian-poetry.blogspot. com, www.ankakh.com/inknagir, www.granish.org,https://haygrak.wordpress.com, www.gir.am):
Գրական թվային համակարգերի արդյունավետ կիրառումն ու պահանջարկի բարձրացումը պայմանավորված են կայքերի վիզուալ ձեւավորմամբ ու կառուցվածքով: Դրանք ունեն տեքստային նյութի ընտրության ու դասակարգման յուրահատուկ սկզբունք, գրական տեղեկույթի արագ որոնման հնարավորություն, հղումների լայն ցուցակ, ցույց են տալիս գրքերի դիտումների, ներբեռնումների, մեկնաբանությունների քանակը: Թվայնացումը կանխում է բնագրերի ֆիզիկական մաշումն ու ոչնչացումը, գիրքը դարձնում մատչելի ու կենսունակ, իսկ համացանցն օգնում է տարածել հայ գիրն ու գրականությունը վիրտուալ աշխարհում, կապեր ստեղծել համաշխարհային ու հայկական, դասական ու արդի գրական արժեքների միջեւ, վերականգնել միջմշակութային կապը սփյուռքահայ հատվածի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել