Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ՝ ԵՄ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ

Փետրվար 19,2011 00:00

Լեհ դիրիժոր Պավել Կոտլոյի ղեկավարած հանձնախումբը որոնում է հայ շնորհալիներին

\"\"Եվրամիության եւ ԱՊՀ երկրների նախաձեռնությամբ վերջին շրջանում ստեղծված երիտասարդական նվագախմբերի օրինակով, այժմ էլ Լեհաստանը, որը 2011թ. կեսից կստանձնի ԵՄ նախագահությունը, կազմավորում է նմանատիպ նվագախումբ, որի կազմում կընդգրկվեն Լեհաստանի եւ Արեւելյան համագործակցության երկրների (Հայաստան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Վրաստան, Ադրբեջան) երիտասարդ երաժիշտներ: ԱՊՀ երկրների երիտասարդական նվագախմբում ընդգրկված են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 6 ուսանողներ:
Երեկ Լեհաստանից ժամանած հանձնախումբը՝ դիրիժոր, ծրագրի գեղարվեստական տնօրեն Պավել Կոտլոյի գլխավորությամբ, Երեւանի կոնսերվատորիայում անցկացնում էր ուսանող-երաժիշտների լսումներ:
«Առավոտի» հետ զրույցում Պ. Կոտլոյը նշեց, որ ստեղծվելիք «I, CULTURE Orchestra» նախագիծը նախաձեռնել է Ադամ Միցկեւիչի անվան ինստիտուտը: «Ուկրաինայից եւ Ռուսաստանից հետո Հայաստանը երրորդ երկիրն է, որտեղ անցկացնում ենք լսումներ՝ մոտ 105 երաժշտից բաղկացած նվագախմբում ընդգրկելու նպատակով: Հայ ուսանողներից ստացել ենք շուրջ 50 հայտ: Առաջիկայում, երբ մյուս երկրներում էլ կավարտենք լսումները, որոնք նկարահանվում են, հանձնախումբը եւս մեկ անգամ լսելուց հետո կհայտարարի ընտրվածների անունները: Փորձերը կսկսվեն օգոստոսին, իսկ աշնանը նորաստեղծ, բազմազգ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Եվրոպայի ճանաչված համերգասրահներում, այդ թվում՝ Լոնդոնի Rogal Festival Hall, Բրյուսելի des Beaux-Arts, Մադրիդի Teatro Real եւ Բեռլինի ֆիլհարմոնիայի: Նվագախմբի ելույթները նախատեսված են նաեւ Վարշավայի, Մինսկի եւ Կիեւի ազգային ֆիլհարմոնիաներում»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Ռեպլիկին, թե երկարատեւ փորձերի ու համերգային շրջագայությունների հետեւանքով, այնուամենայնիվ, խաթարվում է ուսանողների ուսման ընթացքը, դիրիժորը հավաստիացրեց, որ Լեհաստանում կայանալիք փորձերի ընթացքում Եվրոպայից կհրավիրվի սիմֆոնիկ նվագախմբի կազմում ընդգրկված բոլոր գործիքների շուրջ 15 պրոֆեսոր, որոնք կպարապեն երիտասարդների հետ, ինչն էլ վերջիններիս համար յուրատեսակ վարպետության դաս կլինի:  Կանխելով մեր հարցը, թե երաժիշտների ընտրությունը թվային առումով ամեն երկրից հավասարաչա՞փ է լինելու, Պ. Կոտլոյը հայտնեց. «Բազմազգ նվագախումբը մեծ մասամբ կկազմվի ԵՄ-ի մեջ դեռեւս չընդգրկված երկրների երաժիշտներից, նպատակ ունենալով շեշտել արեւմտյան եւ արեւելյան մշակույթների ազդեցությունը եվրոպականի վրա»: Հարցին՝ բացի իրենից ո՞վ է կանգնելու նորաստեղծ նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ, երաժիշտը տվեց աշխարհահռչակ 80-ամյա դիրիժոր Սըր Նեվիլլե Մարիների անունը: Տեղեկացնենք, որ ինքը՝ Կոտլոյը վերջին երեք տարիներին ղեկավարել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը: Հարցին՝ ինչքանո՞վ է ծանոթ հայ մշակույթին եւ ապագա Երիտասարդականի նվագացանկում կլինե՞ն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, Պավել Կոտլոյը պատասխանեց. «Առայժմ ընտրել ենք ռուս եւ լեհ կոմպոզիտորների երկեր, հետագայում, անշուշտ, կհարստացնենք ծրագիրը»: Ինչ վերաբերում է հայկական մշակույթի իմացությանը, մեր զրուցակիցը առանձնահատուկ նշեց միայն Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անունը: Ասաց, որ տպավորված է մասնավորապես նրանց՝ Գերմանիայում կայացած ելույթներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել