Կամ մեկնաբանություններ՝ «Քաղաքական կոալիցիայի հայտարարության» հուշագրի շուրջ
ՀՀԿ, ԲՀԿ եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների միջեւ ստորագրված «Քաղաքական կոալիցիայի հայտարարության» հուշագիրը մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության լայն շերտերում: Վերլուծաբան Արծրուն Պեպանյանին եւ հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանին անհանգստացրել է հուշագրի շուրջ առաջացած աղմուկը: Տ. Պասկեւիչյանը չի կարծում, որ կոալիցիոն նոր հուշագրի շուրջ ստեղծված աղմուկն արհեստածին է. «Նախագահի պաշտոնը զբաղեցնող որեւէ մարդ չէր ցանկանա այդ աստիճան նվաստանալ՝ ինչ-որ բաներ ապացուցելու եւ հասարակությանը ցույց տալու համար: Նույնիսկ այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը ստորագրեց Սերժ Սարգսյանի անունը պարունակող ներկոալիցիոն հուշագիրը, ես կարծում եմ, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը նվաստացած վիճակում է: Եթե իրենք կոալիցիա էին, քաղաքական թիմ, նման հարց չպիտի առաջանար: Իրականում ստեղծվեց մի այսպիսի իրավիճակ. ճիշտ է՝ ամեն ինչ լավ չէ, ամեն ինչ այնպես չէ, դու լավ նախագահ չես, բայց մենք ստիպված ենք ստորագրել այդ հուշագիրը: ՀՀ երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ունեմ ընդգծված բացասական վերաբերմունք, բայց կարծում եմ՝ նույնիսկ նրա պաշտոնավարման տարիներին նման բան հնարավոր չէր»: Կոալիցիոն նոր հուշագիրը Տ. Պասկեւիչյանը պայմանավորում է Մերձավոր Արեւելքում տիրող եւ շղթայական ռեակցիայով տարածվող իրավիճակով, որը կարող էր հասնել նաեւ Հայաստան:
Վերլուծաբան Ա. Պեպանյանը հայտնեց, որ իրեն քաղաքական կուսակցությունները բացարձակ չեն հետաքրքրում՝ այդ թվում նաեւ ներքաղաքական կյանքը. «Հայաստանյան կուսակցությունները Հայաստանին դեպի առաջ տանելու ամենամեծ ցանկության դեպքում իսկ չեն կարող առաջ տանել երկիրը: Դրանք ավելի շատ բիզնես- կառույցներ են: Իշխանության վարքը քննելը ես համարում եմ անլուրջ գործ: Կցանկանայի, որ ԲՀԿ-ՀՀԿ միասնությունը չլիներ, լիներ հակասություն… Կար տենդենց, որ հակակշիռ բեւեռներ առաջանան, բայց չստացվեց: Եթե իշխանության մեջ երկու բեւեռներ լինեին, ընդդիմության հետ միասին կլինեին երեք ուժեր, եւ հանրությունն ավելի ճիշտ կկողմնորոշվեր»:
Խոսելով հայաստանյան իրականության մասին, Ա. Պեպանյանը ասաց. «Վիճակը շատ տխուր է: Նժդեհի այն խոսքերը, որ բուն հայկական խնդիրը դարավոր ստրկության արդյունքում ուծացած հայկական զանգվածները վերստին ազգի վերածելու մեջ է, լիովին համապատասխանում են այսօրվա մեր վիճակին: Հիմա մենք նորից ունենք այդ ուծացած հայկական զանգվածները, որոնք չունեն առաջադիմական արժեհամակարգ, որը կկարողանար իր տեսակի համար առաջ տանող կեցություն ստեղծել: Եվ ունենք այն, ինչ ունենք: Մենք ազգովին ինչ-որ մի հակահամակարգ ենք ստեղծել, որ ի վնաս մեզ է, քայքայում է մեր ամբողջ կապերը եւ տանելու է երկրի մահվան, ընդդիմությանն էլ հետը»:
Տ. Պասկեւիչյանն էլ ասաց. «Ես այդքան էլ «մութ» չեմ տեսնում իրավիճակը: Կարող է լինել կամ գործող իրավիճակի հաստատում, կամ որոշակի փոփոխություններ»:
Փոփոխությունների առումով Ա. Պեպանյանը նշեց. «Իշխանություն ունեցողներին ներկա վիճակը ձեռք է տալիս, քանի որ ունեն օլիգարխներ, որոնցից ամեն մեկն ինչ-որ ոլորտում տիրություն է անում: Իրենց որ մնա, համակարգում փոփոխություններ չեն անի: Այլ հարց է, որ հանրությունը փորձի կազմակերպել կամ ի վերջո կհասկանա, որ այսպես շարունակելով՝ միջազգային ասպարեզում պրոբլեմներ կունենանք… Եթե շարունակենք կիսատ-պռատ ախտորոշում տալ, կիսատ-պռատ քայլեր կունենանք ու կստացվի այնպես, որ 20 տարի ընդդիմությունը փորձում է ինչ-որ բանի հասնել, բայց արդյունքում վնաս է տալիս: Եթե մինչ այժմ ընդդիմությունը չի հաղթել, նշանակում է՝ ինչ-որ բան լավ չի հաշվարկվել» :
Երկու բանախոսներն էլ նույն կարծիքին հանգեցին. չի բացառվում, որ ընդդիմությունը ինքնասպան լինի: