Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

800 ՀԱՐՑԻ «ԶՈՒԲՐԻՏ» ԵՎ 11 «ԿՏՐՎԱԾ» «ՏՆՕՐԵՆԱՑՈՒ»

Փետրվար 19,2011 00:00

\"\"Դպրոցի ղեկավար դառնալու հայաստանյան բանաձեւը

Երեկ Խ. Դաշտենցի անվան 114 դպրոցում մեկնարկեցին հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննությունները: Արդեն մեկ բացակա կար՝ Աշոցքի ներկայացուցիչը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հույս հայտնեց, թե «քննվողներին» ներկայացվող առաջադրանքները կլինեն ոչ թե դժվար հաղթահարելի պատնեշ, այլ գիտելիքներն ու հմտությունները փաստելու միջոց: Նախարարն առաջարկեց ինչ-ինչ անհամաձայնություն ունենալու դեպքում՝ ազատ լինել, սեփական տեսակետը հիմնավորել փաստերով ու անկաշկանդ մասնագիտական բանավեճի բռնվել: Նաեւ հավելեց, որ «մաղել» են այն թեստերն ու հարցերը, որոնք «կարող են երկիմաստ, մեկնաբանելի եւ առաձգական լինել՝ իրենց պատասխանների մեջ»: Հիշեցնենք, որ 10 տարվա մանկավարժական փորձ ունեցող «տնօրենացուները» պետք է պարապեն 800 հարց, որից 60-ը ընտրվում է համակարգչի միջոցով՝ քննության օրը: Թեստը մասնակիցները պարտավոր են լրացնել 90 րոպեի ընթացքում: Այս քննությունը 90 եւ ավելի տոկոսով հաղթահարածները, եթե ունեն 10 տարվա մանկավարժական փորձ, իրավունք են ստանում մասնակցել հաջորդ՝ բանավոր փուլին, որտեղ էլ 5 հարցի պիտի պատասխանեն:
«Առավոտը» ԿԳ նախարարից հետաքրքրվեց՝ ինքը կկարողանա՞ հաղթահարել թեստային 60 հարցերը: «Ես չեմ ուզում դառնալ դպրոցի տնօրեն, բայց եթե մի օր կարիք եւ ցանկություն լինի, կնստեմ-կպարապեմ ու վստահ եմ, որ ինչպես կյանքումս հանդիպած մնացած քննություններն է հաջողվել գերազանցությամբ հանձնել, սա էլ կհանձնեմ»,- պատասխանեց նա:
ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի ղեկավարած քննական հանձնաժողովը բաղկացած է 7 հոգուց, 3-ը նախարարության ներկայացուցիչներն են, երկուսը՝ գիտամանկավարժական կազմակերպություններից, մյուս երկուսը՝ մարզպետարանից ու քաղաքապետարանից:
Նախարարը նշեց, որ քննությունները հավանաբար մինչեւ մարտի վերջ կտեւեն ու առաջին անգամ ներդնելով այս մեխանիզմը, նախարարությունը չի հավակնում այն ի սկզբանե կատարյալ դիտարկել: Այնպես որ, առաջիկայում հնարավոր են շտկումներ: Քննական գործընթացին զուգահեռ, ուսումնասիրվել են մասնակիցների անձնական գործերը, ու, նախարարի խոսքով, ոմանց ներկայացրած աշխատանքային գրքույկի կամ կրթական աստիճանի վկայության մասին փաստաթղթերը կասկածներ են հարուցում: «Չեմ բացառում, որ լինեն դեպքեր, երբ մարդիկ բարեհաջող կհանձնեն քննությունները, սակայն կպարզվի, որ իրենց ներկայացրած անձնական տեղեկույթը թերի է, եթե չասեմ՝ կեղծ»,- «գուժեց» Ա. Աշոտյանը:
Տնօրեն աշխատելու իրավունք տվող սերտիֆիկատը ուժի մեջ է 5 տարի, անձը դրանով կարող է ընտրվել տնօրեն՝ ՀՀ տարածքում գործող ցանկացած պետական դպրոցում:
Իսկ ի՞նչն է դրդել կրթության պատասխանատուներին՝ նման «փորձարկում» իրականացնել տնօրենի պաշտոն հավակնողների համար: «Կրթության կառավարման խնդիրները շաղկապված են կրթության որակի, օրինականության հետ: Այսօր մամուլում շատ են ահազանգերը՝ այս կամ այն տնօրենի կողմից թույլ տված ապօրինության վերաբերյալ: Մենք ուզում ենք, որ դպրոցներում մեր երեխաների ապագայով զբաղվեն գիտակ, համապատասխան հմտություններով ու գիտելիքներով մարդիկ, իսկ դա մեկ անգամ ապացուցելը դժվար չէ…»,- ասում է ԿԳ նախարարը: «Առավոտը» նրան փոխանցեց շրջանառվող այն կարծիքը, թե քննությունների առաջին օրը «կտրվողներն» ավելի շատ կլինեն՝ օբյեկտիվության իմիտացիա ստեղծելու համար, որովհետեւ հիմնականում չհովանավորվող տնօրեններ են այդ օրը քննվելու, ինչին Ա. Աշոտյանը պատասխանեց. «Մեծերից մեկն ասել է՝ եթե ես հիմա Սեւանի վրայով քայլեմ, շատ քչերը կողջունեն իմ այս հմտությունը եւ հիմնականում կասեն՝ լողալ չգիտեր, դրա համար է քայլում: Այն մարդկանց համար, որոնք մեծամասնություն են եւ մեզ սատարում են, այս գործընթացն իրականում ընկալելի է: Դժգոհություններ, իհարկե, կան երեւույթից. տնօրենների մի մասը իր արժանապատվությունից ցածր է համարել պարապել, քննություն հանձնել, բայց շատուշատ մասնակիցներ ու տնօրեններ էլ ըմբռնումով եւ ոգեւորությամբ են մասնակցել այս գործընթացին, որովհետեւ հասկանում են՝ օբյեկտիվությունը մեզ թույլ է տալիս պարզ ճակատով նայել իրենց, լրագրողների երեսին, հասարակությանը հաշվետու լինել կատարած աշխատանքների համար: Մենք ցանկություն չունենք այսօր ստեղծել դաժան մթնոլորտ, բայց օբյեկտիվությունը կպահպանենք քննությունների ողջ ընթացքում: Եթե ընթացիկ դժգոհություններ հնչեն եւ օբյեկտիվ լինեն, կփորձենք մեր սխալներն ուղղել, իսկ եթե դրանք ինքնանպատակ են ու ասեկոսե, ոմանք ցանկացել են հարցեր լուծել՝ չի ստացվել, ինչի՞ մասին է խոսքը»:
ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը նորմալ է վերաբերվում տնօրենացուների քննություն հանձնելուն. «Այստեղ ավելի հեշտ է՝ մեծահասակներ են, գիտակից մարդիկ, աշխատանքներն էլ կոդավորված են: Քննություն հանձնելն իսկապես ճիշտ է, բայց ինչքանո՞վ է կատարյալ ընթացակարգը՝ կերեւա առաջիկայում»:
Թիվ 114 դպրոցի տնօրեն Կարինե Մատինյանն ասում է, որ քննությունները դպրոցում չեն խաթարել դասապրոցեսը, իրենք հյուրընկալ են, ուղղակի այս անգամ մի քիչ ձգված են:
Գրավոր փուլից «կտրվել» է 24 մասնակցից 9-ը, բանավորից՝ 2-ը: Երեւանի թիվ 146 դպրոցի տնօրեն Ազգուշ Դիլբարյանը եւ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի տնօրեն Արմինե Շեգունցը 100% արդյունք են ցուցաբերել գրավորից: Քննությունները հաջողությամբ է հանձնել նաեւ Պռոշյան սովխոզի դպրոցի նախկին տնօրեն Դավիթ Դավթյանը, որն այս պահին ոչ մի տեղ չի աշխատում եւ ժամանակին ազատվել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի «շնորհիվ»:
Քննությունների ընթացքին հետեւող ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը կարծում է, որ նախարարությունը քննական գործընթացը կազմակերպելիս ցուցաբերել է օբյեկտիվություն եւ թափանցիկություն, ու ինքը այս գերատեսչությանը եթե գնահատելու լիներ 20 միավորանոց սանդղակով, ապա հաստատ գոնե 19 կնշանակեր, որովհետեւ ամեն ինչ համապատասխանում է օրենքի պահանջին: Պատգամավորը, սակայն, մի վերապահում ունի՝ բանավոր փուլը այժմ ավելորդ է համարում: Կարծում է՝ գրավորը լրիվ բավարար է, իսկ բանավորը կարելի է կազմակերպել այն ժամանակ, երբ կոնկրետ թեկնածուն կոնկրետ դպրոցում տնօրեն առաջադրվելու հայտ ներկայացնի: «Բավարար է, որ 800 հարցի 90%-ը հաղթահարած մարդը ստանա հավաստագիր: Եթե անգամ նա ինչ-որ մեկի ծանոթը լինի եւ փորձեն խցկել դպրոց, գոնե կիմանաս, որ օրենսդրական դաշտի 90%-ին տիրապետում է, դաշտը պատկերացնում է: Փաստորեն, սա մի քայլ է, որով փակվում է դպրոցի տնօրենի աթոռին պատահական, տգետ, կիսագրագետ մարդկանց ճանապարհը»,- համոզված է ԱԺ պատգամավորը: Ա. Բախշյանը ասաց, թե տնօրենների հետ զրույցից պարզել է, որ նրանք գոհ չեն իրենց վերապատրաստող կազմակերպություններից, մասնավորապես Կրթության ազգային ինստիտուտից, ու լավ կլիներ, որ իրենց վերապատրաստեին ոլորտին քաջատեղյակ մարդիկ: Ոմանց բավարարել են «Մանկավարժական նախաձեռնություն» ասոցիացիայի տված գիտելիքները: Տնօրեն դառնալ ցանկացողները նաեւ մտահոգված են՝ եթե անգամ հավաստագիր ունենան, ինչպե՞ս են վարվելու, երբ քաղաքական իշխանության ուղղահայաց թելադրանքը շարունակվի:

Հ. Գ. Ամեն դեպքում՝ չենք կարծում, թե 800 հարց անգիր անելուց հետո մարդն ի զորու է հրաշալի տնօրեն լինել: Նաեւ 5 բանավոր հարց ուղղելով «տնօրենացուին», նույնպես հնարավոր չէ պարզել նրա մարդկային եւ մանկավարժական որակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել