Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ԶԱՐՈՒՀՈՒ ԴԵ՞Մ

Փետրվար 19,2011 00:00

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության, նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը պահանջել եւ ապօրինի ստացել է վարձատրություն: Մասնավորապես՝ Տ. Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու, օրենքով սահմանված կարգով այն չդադարեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, այդ մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար Հ. Ս.-ից  2010թ. սեպտեմբերին  պահանջել եւ ստացել է 100 000 դրամ վարձատրություն:
Երեկ Տիգրան Փոստանջյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Ես՝ Տիգրան Փոստանջյանս, հանդիսանում եմ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը: Քույրս հայտնի է Հայաստանում իր ակտիվ քաղաքական եւ քաղաքացիական գործունեությամբ: Հատկանշական է այն փաստը, որ իմ նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ առանց նախապես ինձանից բացատրություններ ստանալու կամ որեւէ այլ կերպ իմ տեսակետը լսելու: Տեղի ունեցածը ինձ հիմք է տալիս հայտարարելու, որ ուժային կառույցների միջոցով հետապնդումներ են սկսվել Զարուհու դեմ, եւ առաջին «զոհերից» մեկը որոշված է դարձնել ինձ: Մտավախություն ունեմ նաեւ, որ հետապնդումներ կսկսվեն մեր մյուս հարազատների եւ Զարուհու ընտանիքի նկատմամբ, ընդ որում, հիմքեր կան մտածելու, որ հետապնդումները կկրեն ցանկացած բնույթ, ընդհուպ մինչեւ ֆիզիկական հաշվեհարդարի տեսքով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել