Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԹԵԼԱԴՐՎԱԾ ՎՃԻՌ՝ ՆԻԿՈԼԻ ԴԵՄ

Փետրվար 19,2011 00:00

\"\"Ինչպես եւ սպասվում էր, երեկ վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանը չբավարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի՝ պատժաչափի սխալ հաշվարկման հետ կապված բողոքը: Չնայած Փաշինյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը մեկ ժամից ավելի հանգամանորեն ներկայացրեց, թե ինչպես է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կոպտորեն ոտնահարվել իր պաշտպանյալի իրավունքները, այդուհանդերձ դատարանը մնաց անդրդվելի: Վերջինս տառացիորեն վերընթերցեց Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, համաձայն որի՝ քաղբանտարկյալը նախատեսված պատժաչափից 5 ամիս ավելի է մնալու գաղութում, այսինքն՝ կազատվի այն ժամանակ, երբ ավարտված կլինեն նախագահական ընտրությունները: Վճիռը դեռ չընթերցած՝ ներկաները անգիր գիտեին, թե ինչ է գրված այնտեղ: «Մենք գիտենք ձեր վճիռը»,- նախապես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Դատավորի առարկությանը՝ «դժվար թե իմանաք», քաղբանտարկյալն առաջարկեց գրազ գալ: Նա նաեւ հայտարարեց, որ ինչ վճիռ էլ լինի, բացարձակապես չի հետաքրքրում իրեն, քանի որ այն չի կարող փոխել իր ու իր ընկերների անելիքը, իրենք հաղթանակի հասնելու են:
Պատժաչափի սխալ հաշվարկման հետ կապված իր հիմնավորումները ներկայացնելիս Ն. Փաշինյանը ծաղրեց, թե արդյոք ՔԿՀ աշխատակիցները թույլ կտա՞ն խոսել, նկատի ունենալով, որ վերջիններս ամեն կերպ խոչընդոտում են իր նամակագրությունը, փաստաբաններին փաստաթղթեր փոխանցելը: «Հարգելի դատարան, երբ որ Արագածոտնի մարզի 1-ին ատյանի դատարանի որոշումը կարդացի, ես հասկացա, որ էդ որոշումը բնորոշ է մեր ժամանակներին եւ մեր ժամանակների դատարաններին, մեր ժամանակների իրավաբանությանը: Ռոբերտ Քոչարյանի եւ Դավիթ Հարությունյանի ձեռքով ՀՀ-ում ստեղծվել են դատարաններ եւ նշանակվել են դատավորներ, որոնց կարելի է շատ պարզ հարց տալ՝ հարգելի դատավոր, էս թուղթը սե՞ւ է, թե՞ սպիտակ: Ի՞նչ կանի դատարանը, կասի՝ ինչպես ցույց են տալիս միջազգային իրավական պրակտիկայի նրբությունները, եւ մասնավորապես «Ցյուգեռբեռն ընդդեմ Գոռգասի հանրապետության» եվրոպական դատարանի վճռի, միջազգային իրավապահ պրակտիկայում վերջերս տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք թույլ չեն տալիս անդրադառնալ տվյալ հարցին, որովհետեւ Ճապոնիայի Սահմանադրության 6-րդ հոդվածում կատարված փոփոխությունները ուղղակիորեն ազդում են միջազգային իրավական գիտակցության վրա»,- ծաղրեց Փաշինյանը: Նա նաեւ հայտարարեց, որ դատարանները իրեն սպառնում են շատ չխորանալ համաներման թեմայով, այլապես դրանից էլ կզրկեն իրեն: Ասաց նաեւ, որ դատի է տալու ՔԿՀ-ին իր մասին «լկտի ու սանձարձակ» ստեր տարածելու համար:
ՔԿՀ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն էր տարածել, որ Նիկոլ Փաշինյանը իր անձի շուրջ պատրանք է ստեղծում՝ ստելով, թե «Արթիկ» ՔԿՀ-ն իր նամակները չի ընդունում: «Եթե ՀՀ-ում օրինական իշխանություն, օրինական դատախազություն, օրինական դատարաններ լինեին, եթե օրենքը գործեր, Հայաստանն էս օրի չէր լինի, եւ այս դատական նիստը ընդհանրապես տեղի չէր ունենա: Իշխանությունները լեղաճաք են, չունեն էդքան բարոյականություն, որ ինձ հետ դեմ առ դեմ կանգնեն ու խոսեն, ոչ թե խոսեն կրիմինալ թափթփուկի, օլիգարխ թափթփուկի ու դատարանների միջոցով»,- ասաց քաղբանտարկյալը: Ի դեպ,  երեկ «Արթիկ» ՔԿՀ գաղութի պետ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ ամենախիստ միջոցառումներ էին ձեռնարկել Փաշինյանին լրագրողներից հեռու պահելու, վերջիններիս մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար: Գաղութի պետը, չիմանալով, որ իր արածը քրեորեն պատժելի հանցանք է, մի կողմ էր հրմշտում լրագրողներին: Լրագրողները կարողացան մի կերպ աշխատել դատավորին իրենց բողոքը ներկայացնելուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել