Լրահոս
Օրվա լրահոսը

SMS՝ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ

Փետրվար 19,2011 00:00

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության վերջին տվյալներով՝ բանկային համակարգով թոշակը ստանալու դիմում է ներկայացրել մոտ 1000 երեւանցի թոշակառու: Երեկ «Հայէկոնոմբանկում» տեղի ունեցած ասուլիսում կենսաթոշակների վարչության պետ Սմբատ Սաիյանը վստահեցրեց, որ բանկային համակարգով թոշակ ստանալու հնարավորությունից օգտվել ցանկացող թոշակառուների թիվը գնալով մեծանում է: «Հայէկոնոմբանկի» «կլասիկ» քարտերի սպասարկման վարչության պետ Վարդան Եղիազարյանն էլ տեղեկացրեց, որ իրենք կսպասարկեն թոշակառուների մոտ 20% -ին: Բանկն արդեն պատրաստել է մոտ 100.000 քարտ: Այս բանկից օգտվող թոշակառուների համար որոշակի արտոնություններ են նախատեսված: Օրինակ, դեղատնային ցանցերում առեւտուր անելիս թոշակառուների համար  կգործի մինչեւ 5% զեղչ: Պարոն Եղիազարյանը տեղեկացրեց, որ քարտերը կտրամադրվեն անվճար, թոշակառուներից չի գանձվի տարեկան սպասարկման վարձը: Քարտում դրական մնացորդ ունենալու դեպքում էլ տարեկան 5% -ի չափով գումարը կավելանա: «Հայէկոնոմբանկից» օգտվող թոշակառուները թոշակը քարտին փոխանցվելու մասին էլ կիմանան sms-ով:
Սմբատ Սաիյանն էլ համոզված է, որ կենսաթոշակների՝ բանկային համակարգով ստանալու հնարավորությունը կստեղծի առողջ մրցակցություն բանկերի միջեւ, ինչն էլ իր հերթին կստիպի բանկերին զարգացնել ծառայությունների քանակն ու որակը: Պարոն Եղիազարյանն էլ իր հերթին հիշեցրեց, բանկային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով թոշակը ստանալու համար թոշակառուները պետք է այցելեն իրենց նախընտրած բանկը, կնքեն համապատասխան պայմանագիր, եւ հաշվեհամարը հաստատող փաստաթուղթը ստանալուց հետո այն ներկայացնեն սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային կենտրոն: Նրա խոսքով, թոշակառուներն իրենց կարող են դիմել եկող երկուշաբթի օրվանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել