Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հույսը պապենական մեթոդներն են ու Աստված

Փետրվար 19,2011 00:00

Գյուղնախարարը որոշել է ոլորտը զարգացնել սերմն օծելով, բերքն օրհնելով

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ակնարկեց, որ մեր երկրի գյուղատնտեսության զարգացումը ոչ թե իրենցից, այլ Աստծուց է կախված: Ասուլիսի ամենահետաքրքիր մասը լրագրողների եւ նախարարի հարցուպատասխանն էր: Լրագրողները Ս. Կարապետյանից հետաքրքրվեցին, թե վերջերս գյուղնախարարության եւ Մայր աթոռի միջեւ նախատեսվող համագործակցությունը ի՞նչ փուլում է: Հիշեցնենք, որ, ըստ այդմ, կաթողիկոսը Մայր աթոռի կողմից ներկայացուցիչ է նշանակել գյուղնախարարությունում՝ համագործակցության առավել արդյունավետ կազմակերպման համար: Թե ինչպե՞ս է այդ համագործակցությունը զարգացնելու մեր տնտեսությունը, նախարարը վստահեցրեց, որ սերմը ցանելուց ու բերքահավաքից առաջ եկեղեցու ներկայացուցիչը կօրհնի ու կօծի, որպեսզի Աստված բարեհաճ լինի այդ ոլորտի հանդեպ. «Ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Ի՞նչ վատ բան եք տեսնում: Գյուղատնտեսական հաջողությունների մեծ մասը կախված է Աստծո բարեհաճությունից, բնակլիմայական պայմաններից: Ինչ վատ բան կա դրա մեջ, որ զարմանում եք: Հենց կարկուտը գալիս է՝ մեր տատերն ու պապերն ասում են՝ Աստված, թող կարկուտ չգա: Չե՞ք լսել տենց բան: Մենք ոչ միայն եկեղեցու, այլեւ բոլորի հետ ենք համագործակցելու»: Լրագրողների այն դիտարկմանը, թե եկեղեցին իրավունք չունի միջամտելու պետական գործերին, նախարարը պատասխանեց. «Բայց ո՞վ է ասում, որ միջամտելու է մեր գործերին: Մենք հեսա սերմ ենք ստանալու, ես առաջարկում եմ բաժանելուց առաջ սերմի օծություն կազմակերպենք: Սա նշանակում է՝ միջամտո՞ւմ է: Ես ասում եմ՝ բերքի հասունության ժամանակ այգիներն օծվեն, վա՞տ բան եք տեսնում դրա մեջ: Մեր պապերն ու տատերը հողն են օրհնել, բերքն են օրհնել, խաղողն են օրհնել: Դուք հայ քրիստոնյա չե՞ք: Ինչո՞ւ եք եկեղեցուն տենց դեմ խոսում: Եկեղեցական կարգեր կան: Մեր պապերից եկած տրադիցիաները պիտի վերականգնենք»: Նախարարի այս հայտարարությունները հավաքվածների շրջանում բավականին ակտիվ քննարկումների տեղիք տվեցին, լրագրողներն էլ տարբեր ռեպլիկներ արեցին. «Դե, հույսներդ դրեք Աստծո վրա, գյուղնախարարությունն էլ՝ փակեք»:
Չլինի՞ թե նախարարի վերադաս, վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ մեր տնտեսության զարգացումը թողել է Աստծո հույսին: Ասում են, որ Տ. Սարգսյանն էլ կարեւոր գործ սկսելուց առաջ աղոթք է անում՝ ապավինելով Աստծուն, սակայն, ինչպես ՀՀ քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգում, մեր տնտեսությունը օր օրի անկում է ապրում:
Մինչ աստվածապաշտության թեմաներին անցնելը, նախարարը ներկայացրեց նախօրեին ՀՀ կառավարությունում ընդունված գյուղնախարարությանը վերաբերող նախագծերը: Ս. Կարապետյանի խոսքերով, կառավարության նիստից հետո չի ցանկացել հանդիպել լրագրողների հետ՝ մտադրություն ունենալով հանդիպումը տեղափոխել իր ղեկավարած գերատեսչություն՝ որպեսզի, ըստ նախարարի, մտերմիկ շփվի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Գյուղնախարարի ներկայացմամբ, ոլորտի առաջնահերթ ծրագրերից է անասնագլխաքանակի հաշվառման, համարակալման եւ անձնագրավորման ծրագիրը, որը սկսելու են Արմավիրի մարզից: Իսկ կրծողների դեմ պայքարելու համար նախարարությունը ոչ թե արմատապես է հարցը լուծելու, այլ՝ փուլ առ փուլ. «Անցյալ տարի 17 տոննա թույներ են ներկրվել ու բաժանվել մարզային կառույցներին, համայնքներն իրենք են զբաղվել այդ հարցով, այն շարունակվելու է, այնպես որ՝ աշնանը տեղադրված թույների արդյունքը գարնանը կերեւա»: Ասուլիսի ժամանակ հնչած նախարարի միակ մխիթարող հայտարարությունը, թերեւս, գյուղատնտեսական վարկերին էր վերաբերում: Ս. Կարապետյանը վստահեցրեց, որ բանակցություններ են վարվում «ԱԳԲԱ- կրեդիտ ագրիկոլ» բանկի հետ, եւ այս տարի գյուղացիներին տրվող վարկերի տոկոսադրույքները մի փոքր ցածր կլինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել