Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ «ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ»

Փետրվար 19,2011 00:00

\"\"Հոգեբուժական հաստատություններում եւ հատուկ դպրոցներում հոգեկան խնդիրներով երեխաների տարրական իրավունքները չեն պաշտպանվում:

Աշխարհում յուրաքանչյուր 3-րդ մարդ իր կյանքի ընթացքում ունենում է հոգեկան առողջության որոշակի  խնդիրներ: Կարելի է ասել, մենք բոլորս էլ պոտենցիալ հոգեկան հիվանդներ ենք՝ հատկապես հաշվի առնելով, որ ապրում ենք սթրեսային դարաշրջանում: Այս մասին երեկ, երեխաների հոգեկան առողջությանը նվիրված քննարկման ժամանակ տեղեկացրեց  Բժշկամանկավարժահոգեբանական գնահատման կենտրոնի տնօրեն Վարդուհի Կատինյանը: Իսկ «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, որ դեռահասները շատ լուրջ հոգեկան խնդիրներ ունեն. «Այդ շրջանում այդքան շատ հոգեկան խնդիրներ ունենալու հիմնական պատճառը էմոներն ու նման խմբավորումներն են, որոնք շատ մեծ ազդեցություն են ունենում երեխայի հոգեկան աշխարհի վրա: Մյուս խնդիրը ալկոհոլի եւ թմրամիջոցների օգտագործումն է»: Մենք փորձեցինք տիկին Կատինյանից ճշտել՝ խոսքը ալկոհոլ եւ թմրանյութեր օգտագործող ծնողների՞ մասին է, որոնց պատճառով երեխաները հոգեկան խնդիրներ են ձեռք բերել, վերջինիս պարզաբանմամբ՝ «Ոչ միշտ է այդպես: Երեխաներն իրենք էլ հաճախ են դրանք օգտագործում՝ առանց գիտակցելու վնասակար ազդեցության մասին: Դեռահասները, որպես կանոն, եթերային հաճույքներ ստանալու համար օգտագործում են ոչ տիպային հոգեմետ դեղեր, սոսինձներ, որոնք անդառնալի խնդիր են դառնում, դրանք ազդում են ե՛ւ հոգեկան, ե՛ւ ֆիզիկական առողջության վրա: Շատ են նաեւ սիրո հողի վրա եւ ընտանեկան վիճակից առաջացած խնդիրները: Հիմա շատ են ամուսնալուծությունները, իսկ երբ ծնողներն ամուսնալուծվում են, ընտանեկան ծանր բեռը մնում է մի ծնողի վրա, եւ դա ուղիղ կապով անդրադառնում է երեխայի հոգեկան առողջության վրա: Եթե ընտանիքը խաղաղ չի, մի պրոբլեմ ունի, չի կարող երեխան որեւէ հոգեկան խնդիր չունենալ»: Տիկին Կատինյանը նաեւ նշեց, որ շատ հաճախ երեխաները հոգեկան շեղումներ են ձեռք բերում դպրոցում. «Քանի որ բարդույթներ ունեն, ուսուցչի մի կոպիտ խոսքը, դիտողությունը, անզգույշ քայլը, բռնությունը, ծույլիկ որակելը կարող է հանգեցնել հոգեկան առողջության վատթարացման եւ լուրջ հետեւանքների»:
Հայաստանում երբեք հետազոտություն չեն արել, թե հոգեկան խնդիրներ ունեցող քանի՞ երեխա կա, նրանց ո՞ր իրավունքներն են խախտվում եւ այլն: Որպեսզի մեր երկրում ուշադրություն դարձնեն նման խնդիրներով երեխաների իրավունքների վրա, «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը» իր միջոցներով եւ Եվրամիության շուրջ 83 հազար եվրոյի չափով ֆինանսավորմամբ մի ծրագիր է սկսել իրականացնել, որի ընթացքում այցելել են Երեւանի թիվ 2, 12 եւ Վանաձորի թիվ 1 հատուկ դպրոցներ, կատարել ուսումնասիրություններ: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց ծրագրի ղեկավար Նունե Բալյանը՝ «Մեր հասարակությունը հոգեկան խնդիրներով երեխաների հետ շփվել չգիտի, նրանց ճիշտ չեն ընկալում, ասում են գիժ, դեբիլ, նույնիսկ այն աստիճան իրազեկ չեն, որ կարծում են՝ դա վարակիչ հիվանդություն է: Իրականում մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է նման խնդիրներ ունենալ»: Հատուկ դպրոցներ եւ հոգեբուժարաններ այցելության ժամանակ մասնագետները տեսել են, որ այնտեղ չկան երեխաների համար նախատեսված հատուկ պայմաններ, նրանք նույն խնդիրներն ունեցող չափահասների հետ են, մինչդեռ պետք է առանձնացված պայմաններում լինեին, ավելին՝ երեխաներն այնտեղ ասես ազատազրկման վայրում լինեն: «Մենք «Երեխաների իրավունքների մասին» եւ «Հոգեբուժական օգնության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթ ենք ներկայացրել ԱԺ եւ առաջին ընթերցմամբ անցել է, եթե դրանք ուժի մեջ մտնեն, արդեն հոգեբուժական հաստատությունում երեխաների սահմանադրական իրավունքները կպաշտպանվեն, նրանք ունեն կրթություն ստանալու իրավունք, բայց չէին ստանում, իրավունք ունեն շփվել իրենց հարազատների հետ, ունենալ կապի, հաղորդակցվելու իրավունք»,- ասաց ծրագրի ղեկավարը: Մեր հարցին՝ մինչ այդ չէի՞ն շփվում, Ն. Բալյանը պատասխանեց. «Շփվում էին, բայց դա օրենքում ֆիքսված չէր, ուստի եթե մարդկայնորեն թույլ տային՝ կշփվեին, եթե ոչ՝ չէին կարող»:
«Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի» հոգեբան Ամալյա Մկրտչյանը, որն աշխատել էր հատուկ դպրոցներում երեխաների հետ, եկել էր այն եզրակացության, որ հիմնականում ոչ թե պաթոլոգիական հիվանդություններից, այլ սոցիալական խնդիրներից են երեխաների մեծ մասը դարձել մտավոր հետամնաց. «Մեկի մայրը հղի ժամանակ լավ չի սնվել՝ երեխան ծնվել է խնդիրներով, մի թեթեւ սթրեսային վիճակից երեխայի հոգեկանը խանգարվել է, կային երեխաներ, որոնք դաժան վարքի, ծնողների բռնության զոհն էին, ծնողները ծեծել էին՝ ձեռք էին բերել հոգեկան խնդիրներ: Նրանց հետ զրուցելիս ակնհայտ էր, որ երեխաների մեջ շատ էր վիրավորանքը հասարակությունից, նրանք շատ խոցված էին, որ շրջապատում մարդիկ «դեբիլ» են ասել, վանել են, դրանից իրենք ավելի ագրեսիվ են դարձել»:
Ծրագրի փորձագետ-հոգեբույժ Մարիքե Եղիյանի դիտարկմամբ՝ դպրոցների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այնտեղ ուշադրության խանգարումներով երեխաները 50-60% են կազմել, վարքի խանգարումներով երեխաները՝ 20-40%. «Բարեբախտաբար, մեծամասնությունն ունեն թեթեւ մտավոր հետամնացություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել