Լրահոս
Օրվա լրահոսը

Կդառնան Վրաստանի քաղաքացի՞

Փետրվար 19,2011 00:00

Վրացական գրանցումով մեքենաների վարորդները ՀՀ կառավարությանը 10 օր ժամանակ են տվել

Վրացական գրանցումով ավտոմեքենաների վարորդները Վրաստանին սահմանակից մարզերում եւ մայրաքաղաքում մի քանի օր բողոքի ակցիաներ կազմակերպելուց հետո, երեկ հայտարարություն են տարածել: Առայժմ՝ Շիրակի մարզի վարորդների անունից: Հայտարարությունը բաց է ստորագրման համար:
«2011 թ. փետրվարի 5-ից ուժի մեջ մտած ավտոմեքենաների ժամանակավոր ներկրման ռեժիմի սահմանափակման, եւ այդպիսով վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների՝ Հայաստանում ազատ տեղաշարժման սահմանափակման դեմ բողոքով եւ առաջարկներով դիմել էինք ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին,  Շիրակի մարզից  9 պատգամավորների, Գյումրու քաղաքապետին, ավագանու  բոլոր անդամներին, Ոստիկանության մարզային վարչության պետին եւ Շիրակի մարզպետին:
ՀՀ նախագահի աշխատակազմից ստացվել է պատասխան, թե դիմումը ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ: «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավորներ մի քանի անգամ այցելել են Գյումրի, հանդիպել մեզ հետ եւ քննարկել լուծման հնարավոր ուղիները: Շիրակի մարզից մյուս 8 պատգամավորները (Ս. Ավետիսյան, Ս. Բալասանյան, Ռ. Զաքարյան, Ա. Ղուկասյան, Ա. Աղաջանյան, Մ. Վարագյան, Ա. Աղաբաբյան, Հ. Մարգարյան), ՀՀ վարչապետը, Գյումրու ավագանու անդամները, Շիրակի մարզպետը եւ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը մինչ օրս մեզ պաշտոնապես չեն պատասխանել: Մենք այս անտարբերությունը գնահատում ենք որպես արհամարհանք սեփական քաղաքացիների նկատմամբ:
Մեր հարցերին անդրադառնալու փոխարեն, անցած օրերին մեր ձեռնարկած խաղաղ եւ օրինական բողոքի միջոցառումները (հավաքներ եւ ավտոերթեր) Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Գյումրու քաղաքային եւ Ախուրյանի տարածքային բաժինների, ինչպես նաեւ ՃՈ ոստիկանները, գրեթե ամբողջ կազմով բազմակի եւ հանդուգն կերպով խոչընդոտել են: Ազատ տեղաշարժման եւ ազատ արտահայտման, ՀՀ Սահմանադրությամբ մեր ունեցած հիմնարար իրավունքների այս ոտնահարումները մենք գնահատում ենք որպես այլանդակ ապօրինություն, որ տեղի է ունեցել սրանցից ավելի վեր եղող, առայժմ մեզ անհայտ պաշտոնյաների թողտվությամբ եւ հրամաններով:
Մենք դատապարտում ենք Շիրակի եւ Լոռու ոստիկանների այս սերիական հանցագործությունները եւ դրանց կատարման հրամանները տվողներին, եւ տեղեկացնում հանրությանը, որ մեր իրավունքները պաշտպանելու հարցում մենք վճռական ենք, չենք նահանջելու եւ դիմադրելու ենք այնքան, մինչեւ ամենավերջին պաշտոնյան հասկանա, որ մենք ենք մեր իրավունքների տերը եւ ոչ թե իրենք: Հավատում ենք, որ երբ էլ լինի՝ այս հանցագործությունները կատարած պաշտոնյաները պատասխանատվություն են կրելու:
Մենք դատապարտում ենք նաեւ ՀՀ իշխանությունների՝ մաքսազերծման պահանջների անակնկալ եւ դիտավորյալ խստացման դեմ մեր բողոքների նկատմամբ անտարբերությունը, եւս մեկ անգամ կոչելով ողջամտության սեփական քաղաքացիների կյանքի եւ ապագայի նկատմամբ. հասկացե՛ք վերջապես, մենք չունենք այդ առասպելական գումարները (համարյա մեր ավտոմեքենաների գնի չափ), որ վճարենք պետական բյուջե ու մաքսազերծենք այս մեքենաները, մենք քաղաքական ակտիվիստներ չենք, եւ դուք ձեր անհեռատես մաքսային քաղաքականությամբ, անտարբերությամբ ու հալածանքներով է, որ ստիպում եք մեզ փողոց դուրս գալ ու պայքարել տարրական կենսական ապահովության համար:
Մենք ՀՀ իշխանություններից պահանջում եւ ակնկալում ենք այս հարցի լուծման շուտափույթ արձագանք եւ կոնկրետ միջոցառումներ: Պատրաստ ենք փողոցից ներս գալ եւ մասնակցել բանակցությունների՝ ցանկացած ձեւաչափով:
Մենք՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի՝ ՀՀ ԱԺ կատարած խնդրո առարկա  փոփոխությունների բերումով չենք կարող սպասել մեր խնդիրների լուծման ուղղությամբ պատշաճ արձագանքի, ավելի, քան մինչեւ փետրվարի 28-ը:
Մեր պարտքն է տեղեկացնել, որ պատշաճ արձագանք չունենալը մեզ համար նշանակում է  այլընտրանքի բացակայություն: Այդ դեպքում դիմելու ենք ծայրահեղ միջոցների, այդ թվում՝ մեր մեքենաների ազատ անցուդարձը Հայաստան ապահովելու համար դիմելու ենք Վրաստանի իշխանություններին, խնդրելու ենք մեզ Վրաստանի քաղաքացիություն շնորհել եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել