Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԴՊՐՈՑԸ»

Փետրվար 19,2011 00:00

Տնօրենը հայհոյում է եւ ծեծո՞ւմ: Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքի կրթօջախներից մեկում, մեղմ ասած, անառողջ մթնոլորտ է:

Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցը շատ էջմիածինցիներ «Շկիդ հանրապետություն» են կոչում: Այս դպրոցից այլ կրթօջախ տեղափոխված երեխաներն ու նրանց ծնողներն են նախկինի մասին սոսկալի բաներ ասում. օրինակ, որ տնօրեն Սուսաննա Նազարյանը բարձր դասարանցիներից հեղինակություններ, ծեծողներ ու նայողներ է պատրաստում: «Սա հո բերդ չի՞, սա դպրոց է: Ասվածը լրիվ հերյուրանք է: Վարկաբեկելու համար շատ բան կարող են ասել: Իսկ ինչու՞ չեն ասում, որ կանգնած ենք ինքնահաստատվելու համար անընդհատ խնդիրներ հարուցող երեխաների թիկունքին»,- մեզ հետ զրույցում հակադարձեց տնօրենը:
Թեեւ իրեն ուղղված մեղադրանքները Սուսաննա Նազարյանը հերքում է, բայց փաստն այն է, որ նրա ղեկավարած դպրոցից երեխաները գնում են: Գնում են հատկապես 5-րդ ավագ դպրոց: 5-րդի տնօրեն Գայանե Սաֆարյանից տեղեկացանք, որ այս ուստարում 9 աշակերտ արդեն տեղափոխվել է: Վերջին տեղափոխվածներից է 10-րդ դասարանցի Ալբերտ Հարությունյանը, ում համոզմամբ՝ մեղավորը տնօրենն է, ով աշակերտների հետ հայհոյանքով եւ ժարգոնով է խոսում: Ըստ նրա՝ դպրոցում կարգ ու կանոն հաստատելու տնօրենի յուրօրինակ մեթոդներին աշակերտները հաճախ են ականատես լինում, երբեմն էլ հատուցում՝ տեսածի նկատմամբ վերաբերմունք արտահայտելու համար: Ինքն անձամբ ակամա ներկա է գտնվել մի դեպքի, որն էլ պատճառ է դարձել իր նկատմամբ սկսված հալածանքներին: «Դպրոցի բակում աշակերտուհիներից մեկը հեռախոսով խոսում էր: Ընկեր Նազարյանը տեսավ, ասաց՝ հեռախոսդ պահիր, թե չէ՝ կվերցնեմ, կմտցնեմ մորդ համապատասխան տեղը: Մենք տղաներով կանգնած էինք՝ լսեցինք: Ես ասացի՝ պահո, էս ո՞ւր ենք ընկել, էս ի՞նչ դպրոց է: Էս խոսքը հասավ տնօրենի տղային՝ 12-րդ դասարանցի Տիգրանին, ով դրանից հետո առիթ էր ման գալիս, որ կռիվ սարքեր»,- պատմում է Ալբերտը:
Հունվարի 31-ին պատանուն են մոտենում նույն դպրոցի մի քանի տղաներ՝ Տիգրանի ընկերները եւ Ալբերտին մեղադրելով աղջիկների մոտ հայհոյելու համար, սկսում են ծեծել: «9-10 հոգով հարձակվել էին վրաս ու առել ոտքերի տակ: Կարողացել եմ միայն գլուխս պաշտպանել հարվածներից»,- հիշում է Ալբերտը: Տղայի պապի ասելով՝ ծանր վնասվածքներից հնարավոր է եղել խուսափել շնորհիվ լավ մարզավիճակի. պատանին կարատե է պարապում հենց նույն դպրոցում: Ալբերտի պատմելով՝ տնօրենը հաջորդ օրը տղայի հետ մտել է իրենց դասարան եւ բոլորի ներկայությամբ հայհոյել իրեն. «Սկսեց խփել ինձ: Նրան միացավ նաեւ տղան: Պաշտպանվելու համար Նազարյանի ձեռքերը բռնեցի, իսկ տատս, որ դպրոցում ուսուցչուհի է եւ այդ պահին կողքիս էր, նա էլ ինձ հարվածեց, ասելով՝ եթե տնօրենը խփում է՝ մի պաշտպանվիր»: Տնօրեն Սուսաննա Նազարյանի պատմելով՝ ինքն ուղղակի ցանկացել է երեխային կարգի հրավիրել, բայց երեխան հրել-գցել է իրեն նստարանի վրա: Նոր միջադեպը նոր կռվի առիթ է դարձել. այս անգամ՝ Ալբերտի եւ տնօրենի տղայի միջեւ: «Ցանկացած մարդ մոր պատիվը կպահեր, եթե ձեռք բարձրացնեին նրա վրա, այդպես կվարվեր նույնիսկ աղջիկ-երեխան: Համամիտ չե՞ք»,- հարցրեց Սուսաննա Նազարյանը: Միջադեպից հետո, Ալբերտի ասելով՝ տնօրենն իրենից պահանջել է ազատվել դպրոցից, այլապես կհեռացվի: «Ասացի՝ դուրս կգամ ու կգնամ 5-րդ դպրոց: Նա էլ թե՝ խուժանը խուժանի դպրոց էլ պետք է գնա: Ասաց ու տղամարդու նման հայհոյեց»,- պատմում է Ալբերտ Հարությունյանը:
«Ափսոս էս հայոց լեզուն, որ նա է դասավանդում: Նրա հայհոյելը չեմ լսել, բայց որ ժարգոնով է խոսում՝ ահավոր է: Երեխաներն էլ ինչ տեսնում, լսում են ուսուցչից՝ սովորում են: Ինչո՞ւ չի մտածում, որ իր տգեղ օրինակով են երեխաները դաստիարակվում: Մի երկու տարի առաջ ծնողներով մտանք մոտը, որ խնդրեինք՝ դպրոցական համազգեստ հագնելու պարտադրանքից ազատեր մեզ էլ, մեր երեխաներին էլ: Զարմանքից քարացել էինք նրա պահվածքի, բառապաշարի, խոսելաձեւի վրա: Կաբինետից դուրս էինք եկել ու բուն խնդիրը քննարկելու փոխարեն նրան էինք քննարկում: Բա դա մանկավարժին, տնօրենին, ի վերջո՝ կնոջը հարի՞ր է»,- «Առավոտին» անկեղծացավ ծնողներից մեկը՝ շատ խնդրելով անունը չհրապարակել: «Նրանից ամեն ինչ կարելի է սպասել»,- ասաց:
Երբ ծնողի ասածը փոխանցեցինք տնօրենին, ասաց, որ պարզապես ինչ-որ մեկն ուզում է հեղինակազրկել իրեն եւ դպրոցը:
Դպրոցում կատարված տուրուդմփոցի մանրամասները հասել են ոստիկանության Էջմիածնի բաժանմունք: Հանցակազմի բացակայության պատճառով գործ չի հարուցվել: Իսկ Ալբերտի դրական նկարագիրը գործին ընթացք տալու որեւէ հիմք չի տվել: «Խելոք, ոստիկանությունում հաշվառման մեջ չգտնվող, վատ վարքագծով էլ աչքի չընկնող երեխա է»,- ասացին ոստիկանությունում:
Այս ամիս էլ դպրոցում մանկխորհրդի նիստ է հրավիրվել՝ քննարկելու 10-րդ դասարանցի Ալբերտ Հարությունյանի՝ դպրոցից ազատվելու իրական պատճառը: «Տնօրենը փորձել է թոռնիկիս ներկայացնել որպես վերջացած խուլիգան ու անուղղելի հանցագործ: Երբ տատիկը՝ նույն դպրոցի պատմության ուսուցչուհի Բահար Եղիազարյանը խնդրել է անկեղծ լինել եւ իրերն իրենց անուններով կոչել, նիստը խանգարելու համար տնօրենը նրան գրավոր նկատողություն է հայտարարել՝ խիստ նախազգուշացումով, որից հետո նիստը հայտարարել է ավարտված: Ավելի ուշ սպառնացել է, թե 10 օրը մեկ նկատողություն կտա եւ կհեռացնի դպրոցից: Իսկ եթե ուսուցչուհին փորձի դիմել լրատվամիջոցներին՝ աշակերտներին կսովորեցնի, որ ասեն, թե Եղիազարյանը գնահատական դնելու համար իրենցից գումար է պահանջել»,- ասաց ուսուցչուհու ամուսինը՝ Սիրեն Եղիազարյանը:
Վերջինս ԽՍՀՄ տարիներին Էջմիածնի ժողկրթության բաժնի երկարամյա ղեկավարներից է եղել, ստեղծված լարվածությունը մեղմելու նպատակով փորձել է հանդիպել ու զրուցել երիտասարդ գործընկերուհու հետ: Տնօրենը չի ընդունել: Եղիազարյանի պատմելով՝ կարգադրել է դպրոցի դռները փակել եւ թույլ չտալ նրան ներս մտնել:
Դեպքի մասին տեղեկանալով, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խոսել է Սուսաննա Նազարյանի հետ: Տնօրենը մարզպետին ասել է, թե Եղիազարյանը եկել ու գեներալներով էր իրեն վախեցնում: «Բայց ո՞նց կարող էի նրան սպառնալ, եթե նա ինձ չի ընդունել, ինձ չի լսել, դպրոց չեն թողել: Փաստորեն՝ տնօրենը նաեւ ստախոս է»,- ասաց նախկին ժողկրթբաժվարը:
Այս ամենում դպրոցի տնօրենն իրեն վարկաբեկելու, տարիների քրտնաջան աշխատանքով ձեռք բերած անունը մրոտելու միտում է տեսնում: Իսկ երեխաների ծնողները, մասնավորապես՝ Ալբերտ Հարությունյանի ընտանիքը փաստեր է ներկայացրել ԿԳ նախարարություն: Մտադիր են նաեւ հերթագրվել եւ հանդիպել կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին:

Հ. Գ. Նյութն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ լրատվամիջոցների հետաքրքրությունից հետո դպրոցի աշակերտները, ի պաշտպանություն տնօրենի, բողոքի ակցիա են կազմակերպել, որը, ըստ ականատեսների, իրականում ուսուցիչների թելադրանք-պարտադրանքն էր: Բացի սրանից, ոստիկանությունը հենց դպրոցից բերման է ենթարկել Ալբերտ Հարությունյանին: Մեծ է հավանականությունը, որ ծեծկռտուքների փաստերով քրեական գործ հարուցվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել