Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ն հակադարձում է

Փետրվար 19,2011 00:00

«Միջազգային ճգնաժամային խումբը» կարելի է կոչել ճգնաժամեր ստեղծող խումբ, կարծում է ԼՂՀ արտգործնախարարությունը:

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, մեկնաբանելով «Միջազգային ճգնաժամային խմբի» զեկույցը, եզրակացնում է, որ այն գրվել է բացառապես մեկ նպատակով, այն է՝ համոզել Հայաստանին մեղմացնել դիրքորոշումը բանակցային գործընթացում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում:
ԼՂՀ արտաքին գործերի գերատեսչությունը հայտարարում է. «Հայտնի է, որ այսօրվա դրությամբ ԼՂՀ դիրքորոշումները բանակցային գործընթացում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը՝ այն մասով, որով ԼՂՀ-ն լիազորել է նրան: Սակայն խաղաղարար գործընթացի բոլոր գործող անձինք, ինչպես նաեւ հասարակական հատվածը, որը շահագրգռված է ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության խաղաղ կարգավորման մեջ, այդ թվում նաեւ ICG-ն, պետք է հաշվի առնեն այն փաստը, որ վերջին խոսքը, այնուամենայնիվ, պատկանում է ԼՂՀ ժողովրդին ու իշխանություններին: Այլ հարց է՝ ինչքանով է օբյեկտիվ այն զեկույցը, որը գրվել է Լեռնային Ղարաբաղից հազարավոր կիլոմետրեր հեռու, իսկ զեկույցի հեղինակները ոչ մի անգամ, թեկուզ քաղաքավարության համար, չեն այցելել ԼՂՀ: Էլ չխոսելով այն բանի մասին, որ վերջին ժամանակներս «Միջազգային ճգնաժամային խմբի» եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը հաստատվել է Ստամբուլում, որտեղ, հիմք ընդունելով ԶԼՄ-ի հրապարակումներն ու հաճախ իրականությունից կտրված տեղեկությունները, խորհուրդներ է տալիս հակամարտության կողմերին: Չէ՞ որ նույնիսկ մեկ անգամ այցելելով ԼՂՀ՝ ոչ միայն կարելի է ըմբռնել հակամարտության էությունը, այլեւ համոզվել հանրապետության կայացած լինելու եւ կենսունակության մեջ: Փաստորեն, ICG-ն առաջարկում է լուծել հակամարտության հետեւանքները, այլ ոչ թե բուն հակամարտությունը, ինչը կողմերի հասարակությունների միջեւ ծայրահեղ լարվածության պայմաններում կրակի վրա յուղ է լցնում: Սաբինա Ֆրեյզերը, գուցե առանց գիտակցելու, նոր ճգնաժամային իրավիճակ է ստեղծում, ինչին էլ հենց ձգտում է ադրբեջանա-թուրքական տանդեմը, որպեսզի, օգտվելով աղմուկից, փորձի լուծել հարցը իր ձեւով: Պատահական չէ, որ Ֆրեյզերը Անկարային է վերագրում տարածաշրջանում հիմնական կարգավորողի եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում միջնորդի դերը: Այնպես որ, «Միջազգային ճգնաժամային խմբին» տեղին է անվանել «Ճգնաժամերի ստեղծման խումբ»:
Անշուշտ, Արցախում կիսում են ՄՃԽ-ի անհանգստություններն առ այն, որ պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի, եւ որ այն ամբողջ տարածաշրջանի համար աննախադեպ կործանարար հետեւանքներ է ունենալու: Սակայն նմանատիպ զեկույցներում հարկ է նշել ստեղծված պայթյունավտանգ իրավիճակների կոնկրետ մեղավորներին: Շփման գծում առկա լարվածությունը վերջին տարիներին Ադրբեջանի կողմից իրականացվող նպատակամետ քաղաքականության արդյունքն է: Ադրբեջանում սաստկացող ռազմական հռետորաբանության եւ ռազմատենչ տրամադրությունների աճի պայմաններում անհասկանալի է արտասահմանյան պետությունների միջնորդների եւ ներկայացուցիչների մեղմ դիրքորոշումը, որոնք արդեն վաղուց պետք է վճռականորեն դատապարտեին նախագահ Ալիեւին՝ կոչ անելով նրան հրաժարվել սպառնալիքների քաղաքականությունից եւ բանակցությունների սեղանի շուրջ նստել հակամարտության հիմնական կողմի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: ՄՃԽ առաջարկությունները, ցավոք, չեն կարող լուծել սկզբունքային տարաձայնությունները: Մանր զիջումների մարտավարությունն ագրեսիվ կողմի օգտին պարզապես կբորբոքի նրա ախորժակը: Պատերազմին պետք է հակադրել ոչ թե շրջանակային համաձայնության ստորագրումը եւ այլ կիսամիջոցներ, այլ ԼՂՀ ճանաչումը: Հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնության ստորագրման արագացումը, առանց նրա բոլոր հիմնական դրույթների մանրակրկիտ ուսումնասիրման, «դանդաղ գործողության ական» կդառնա ամբողջ խաղաղարար գործընթացի համար: Ներկա իրավիճակում անհրաժեշտ է ինչպես ռազմական, այնպես էլ ոչ ռազմական բնույթի վստահության միջոցների արագ իրականացում: Միջազգային հանրությունը պետք է անմիջական հարաբերություններ հաստատի Լեռնային Ղարաբաղի հետ: ԼՂՀ ինտեգրումը միջազգային գործընթացներին գրեթե այն միակ գործիքն է միջազգային հանրության արսենալում՝ հակազդելու նոր պատերազմի տանող իրավիճակին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել