Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-3

Փետրվար 19,2011 00:00

Հ2-ի մրցութային առաջարկի համաձայն՝ «Հ2-ի բարի լույսը կարող է դիտել ցանկացած հայ տղամարդ եւ չթաքցնել այդ փաստը»:

\"\"

\"\"

Հեռուստաընկերության մրցութային առաջարկում, ըստ էության, պիտի լինեն արտոնագրված անձի ընտրության համար «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված 6 չափանիշների պատասխանները: Թիվ 3 մրցույթի մասնակցի՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» մրցութային առաջարկը 3 հաստլիկ հատորներից է բաղկացած, որոնցից մեկում հավելվածներ են՝ տեխնիկական միջոցների տեխանձնագրերը, անցկացված աուդիտի մասին տվյալները եւ այլ փաստաթղթեր: Անգամ կցել են «Մաքուր Աջափնյակ» ՓԲԸ-ի հետ կնքած պայմանագիրը՝ «Պատվիրատուի տարածքում կուտակված եւ հեռացման նախապատրաստված կենցաղային աղբի եւ բակային տարածքի մաքրումից առաջացած փոշու տեղափոխման» վերաբերյալ: Երկրորդ հատորն ամբողջությամբ վերաբերում է աշխատակազմին, որի մասնագիտական պատրաստվածությունը հավաստելու համար կցել են ամեն տեսակ թղթեր. ասենք, որ լրագրողներից մեկը մասնակցել է «Հոգեբուժական ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով սեմինարի, կամ, որ հեռուստաընկերությունն է ստացել շնորհակալագիր «անվարձահատույց դոնորության քարոզմանը աջակցելու համար»: Հատկապես հետաքրքիր էր «համալսարանական իրադարձությունները հաճախ լուսաբանելու համար» տրված պատվոգիրը: Ինչ վերաբերում է երրորդ փաթեթին. հիշեք Հ2-ի «Սիրված երգեր» հաղորդաշարը, «Բնակարան համար 2» սերիալը, «Անեկդոտ շոու» կամ նման հաղորդումները եւ կարդացեք մրցութային առաջարկում ամրագրված հետեւյալ տողերը. «Հեռուստաընկերությունը փորձել է եւ, մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում, շարունակելու է փորձել խորքային եւ հիմնավոր լուծումներ տալ այն խնդիրներին, որոնք բխում են նախեւառաջ հասարակության, ազգի, պետության ու պետականության շահերից, շարունակելու է փորձել ձեւավորել հասարակական այնպիսի կարծիք, որն անհրաժեշտ եւ բավարար մթնոլորտ կստեղծի հայրենիքում ապրելու եւ արարելու հողի ձեւավորման համար: Շարունակելու ենք փորձել նպաստել հասարակության աշխարհայացքի ձեւավորմանն ու աշխարհընկալմանը»: Սա դեռ ամբողջը չէ. «Հեռուստաընկերությունն արտադրում է եւ նպատակ ունի արտադրել այնպիսի հաղորդումներ, որոնց օգնությամբ հեռուստադիտողն իրեն իրապես կզգա համաշխարհային քաղաքակրթության մաս հանդիսացող անկախ երկրի քաղաքացի, այնպիսի հաղորդումներ, որոնք նպաստում են եւ կնպաստեն հասարակության հոգեւոր վերելքին եւ գեղագիտական դաստիարակությանը»: Հ2-ն, իր համոզմամբ, «ստեղծել եւ ստեղծելու է» այնպիսի հաղորդումներ, որոնք «հեռուստադիտողին հաղորդակից կդարձնեն համաշխարհային մշակութային եւ համամարդկային արժեքներին, ազգային ավանդույթներին, հայոց պատմությանը եւ ընդհանրապես հասարակական կյանքին»: Եվ խոստանում են, որ հետագայում էլ դրվատելու են «ազգային միաբանության, ինքնության, պետականության ու ազգային իղձերի մարմնավորում հանդիսացող գաղափարները, խորհրդանիշները, ստեղծագործություններն ու հերոսներին»:
Հ2-ը հանգամանալից ներկայացրել է իր ծրագրերը: Ասենք՝ «Լրաբերի» մասին նշված է. «Թողարկումներն առավոտյան սկսվում են բարեւով, հետո՝ անոնսով: Անոնսը գրում է մեկ մարդ, որպեսզի լեզուն եւ ոճը մշտապես նույնը լինեն»: Նաեւ, որ «Լրաբերը» վերջին տարիներին մի փոքր հեղափոխական քաղաքականություն որդեգրեց եւ որոշեց օգտագործել սեփական միջազգային փորձն ու մարդկային ռեսուրսը: Այսպես, փոխվեց առաջին հերթին լրատվության լեզուն, ապա նաեւ ոճը: Ամերիկյան հեռուստաընկերություններում ոճը, որով խոսում ու գրում է «Լրաբերը», կանվանեին նեովիզուալ բառամթերք»: Կամ բացահայտված է, որ հեդլայները «նույնպես գրում է միեւնույն մարդը, եւ մշտապես օգտագործվում է բառային սիմվոլիկան»: Եվ վերջապես՝ ազդարարված է. «Լրաբերում» բոլորը փորձված են»՝ այստեղ աշխատում են «հետխորհրդային Հայաստանի ամենահին կին հաղորդավարը, ամենագրավիչ տղամարդ հաղորդավարը»: Բավական կասկածելի գովասանք է «ամենահին կին» լինելը: Իսկ ամենագրավիչ տղամարդ լինելը թերեւս շեշտել են, քանի որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրության հեղինակները վստահեցնում էին, որ հեռարձակման մրցույթները նման են գեղեցկության մրցույթների: Այսքանով չեն ավարտվում «Լրաբերի» թղթակիցների արժանիքները. «Կան լրագրողներ, որոնք ՀԵՆՑ ԻՐԵՆՔ ՆՍՏՈՒՄ եւ մոնտաժում են իրենց տեսանյութը»:
Մի քանի մեջբերումներ անենք այլ հաղորդումների վերաբերյալ շարադրանքից, որոնք պատկերացում կտան, թե նաեւ ինչպես է լցվել Հ2-ի փաթեթի այս մի հատորը: «4-րդ ստուդիայի» վերաբերյալ նշված է, որ դրա «տաղավարում հյուրընկալվում են նաեւ ընդդիմադիր թեւի ամենակրակոտ անդամները»: «Բարի լույս Հայաստան» ծրագրի մասին գրված է. «Հ2-ի բարի լույսը կարող է դիտել ցանկացած հայ տղամարդ եւ չթաքցնել այդ փաստը»: «Մագավտո+» հաղորդաշարի հեղինակ-վարող Մագայի մասին՝ «Նա սիրահարվեց մեքենային, ինչպես տղամարդը, եւ որոշեց հաղորդում անել տղամարդկանց համար», ու նաեւ՝ «Առաջին հայացքից փխրուն թվացող ավտոսեր այս կինն ինքնաթիռով գնաց ավտոմրցույթների ետեւից»: «Չէին սպասում»-ի մասին. «Հաղորդման բրենդը՝ հեղինակներ Դավիթը եւ Սուրենը պարզապես հաղորդավար եւ օպերատոր չեն. նրանք վաղուց արդեն ձուլված են իրար»: «Քաղցած չէին սպասում. սա Դավիթի եւ Սուրենի նոր հաղորդաշարի անունն է, որը եթեր է դուրս գալիս «Չէին սպասում»-ին զուգահեռ. այս անգամ արդեն տղաները բախում են հայտնիների դռները եւ նրանցից ուտելիք ուզում»: «Ինչ եփել այսօր. սա վաղուց արդեն ոչ թե այն հիմնական հարցն է, որ հայ կանայք տալիս են իրենք իրենց՝ արթնանալուն պես, այլ նաեւ խոհանոցային ժանրի հաղորդման վերնագիր, որը մի քանի տարի է՝ Հայկական երկրորդի եթերում է»:
Եվ վերջապես՝ մրցութային առաջարկում ծավալ են ապահովել նաեւ այսպիսի նկարագրությունները, թե 1,7 հա տարածքով պտղատու այգի ունեն, «որտեղ ազատ ժամին իրենց հանգիստն են անցկացնում Հ2-ի աշխատակիցները»: Ներառել են լուսանկարներ, որտեղ պատկերված են Հ2-ի ոչ միայն սրճարանները, այլ անգամ զուգարանները եւ այդ տարածքում առկա բանկոմատները՝ հատ առ հատ:

Հ. Գ. Այս փաթեթում բավական թափանցիկ ակնարկներ կան գործընկեր հեռուստաընկերությունների հասցեին՝ ասենք, թե իրենց եթերում բացառված է եղել «քրեական ապրելակերպի դրվատում պարունակող հեռուստաարտադրանքի մատուցումը», կամ «Հ2-ն այն եզակի հեռուստաընկերություններից է, որը տուրք չտալով այլ ընկերությունների ռեյտինգային մրցավազքին՝ չարտադրեց սերունդ փչացնող հեռուստասերիալներ ու հաղորդումներ: Այսուհանդերձ՝ Հ2-ին հաջողվեց ետ չմնալ հեռուստատեսության սկզբունքներին հակասող գործելաոճով ռեյտինգ հավաքող ընկերություններից եւ կայուն 4-րդ տեղը զբաղեցնել ռեյտինգային աղյուսակներում»: Որպեսզի ակնհայտ լինի, թե ում են վերաբերում այս ակնարկները՝ հիշեցնենք, որ առաջին 3 տեղերը զբաղեցնում են «Արմենիան», «Շանթը» եւ Հ1-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել