Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՀՈՒՇԱԳԻՐԸ

Փետրվար 19,2011 00:00

Երեկ ՀՀ քաղաքացի ներկայացած ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը հանդես եկավ մեկնաբանությամբ, որում, մասնավորապես ասված է «Հետեւելով ներիշխանական զարգացումներին՝ կարելի է փաստել, որ վարչակազմը հերթական անգամ օրինախախտում իրականացրեց՝ ստորագրելով եռակողմ հուշագիր 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ: Այս անգամ խախտվեց ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ ենթակետը, որտեղ գրված է, որ կուսակցությունները հանրապետության նախագահի թեկնածուին հաստատում են իրենց համագումարներում՝ պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ընտրություններից առնվազն մեկ ամիս առաջ ժամկետում: Փաստորեն արհամարհվեց եւ սեփական կանոնադրությունը եւ շարքային կուսակցականների, իրավունքը: Այս ընդհանուր ֆոնին զավեշտալի է ունկնդրել նույն վարչակազմին սպասարկող մամուլի հորթային հրճվանքը, թե տեսեք՝ գործող նախագահը ինչ շուստրիություն արեց ու իրեն ենթարկեցրեց Գագիկ Ծառուկյանին՝ իր ԲՀԿ-ով հանդերձ: Անկեղծ ասած, լսելով ԲՀԿ-ի ղեկավարի մեկնաբանությունը, այլ տպավորություն ստացա: Նա պարզ ասաց, որ նախագահի թեկնածուին անդրադառնալու ենք 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ հիմա ուժեղացնում ենք գործող նախագահին հայտարարություն ստորագրելով, որպեսզի արտաքին հարաբերություններում ավելի հզոր զգա իրեն: Փաստորեն լրիվ հակառակ պատկերն է՝ եթե գործող նախագահը այդքան ամուր էր իր դիրքերում, ինչո՞ւ էր այս երկարաշունչ օրինախախտ գործընթացը: Իսկ եթե նախագահն այդչափ թույլ էր, որ կարիք կար նրա դիրքերն ամրապնդելու, ապա բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր թույլ եւ ե՞րբ թուլացավ, երբ 2007թ.-ին նրա ղեկավարած կուսակցությունը իր հավաքած ձայների քանակով դարձավ խորհրդարանական մեծամասնություն, 2008-ին Սերժ Սարգսյանը հաղթեց նախագահական ընտրություններում հենց առաջին փուլում, 2009-ին նրա ղեկավարած կուսակցությունը բացարձակ հաղթանակ տարավ Երեւանի ավագանու ընտրություններում: Այո, ստորագրած փաստաթուղթը պայմանագիր չէր, այլ բարի ցանկությունների”բառակույտ, մանավանդ՝ այդտեղ բացակայում էր գալիք ընտրությունների կեղծիքների դեմ համատեղ պայքարին միտված որեւէ միտք: Այն դեպքում, երբ ընդամենը օրեր առաջ էր ԲՀԿ առաջնորդը խոսում մրցակցային պայմաններում անցկացվելիք ազատ, արդար ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին: Ստացվում է՝ վարչակազմի անհանգստության հիմնական սկզբնաղբյուրը Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի վերջին նախադասությունն էր, որտեղ խոսվում էր ապագա ընտրությունների արդարացի անցկացման հրամայականի մասին, իսկ արդար ընտրությունների պարագայում մենք՝ ընտրողներս, գոնե լավ գիտենք, թե ում կտանք մեր ձայները, որը հաստատ այսօրվա վարչակազմինը չի լինի»:
<Առավոտի> կողմից- Ինչ խոսք, Ռոբերտ Քոչարյանը արդար ընտրություններ անցկացնելու հարուստ փորձ ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել