Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ով ուզում է՝ կարող է մեզ միանալ»

Փետրվար 19,2011 00:00

«Ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժման» մասին ասում է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ լրագրողների հետ զրույցում խիստ բացասաբար գնահատեց կոալիցիայի փետրվարի 17-ի հայտարարությունը. «Չեմ կարող հասկանալ՝ ի՞նչ է նշանակում ընտրություններին մասնակցել, բայց համամասնությունն իրար նկատմամբ պահպանել: Բա  ժողովուրդն ո՞ւր է, բա քվեարկության երեւույթն ո՞ւր է: Սրանով իշխանության դաշտում ստեղծվում է դիկտատուրա, տոտալիտարիզմ, որից չի շահելու մեր ժողովուրդը, չի շահելու մեր քաղաքական դաշտը»: Հավելեց, թե արտաքին վտանգները Հայաստանի առջեւ «անշուշտ, միշտ կան, ու պետք է բոլորս համախմբված լինենք: Բայց սա չի նշանակում, որ ներհայաստանյան կյանքում պետք է դառնանք անգույն, միաձեւ ու տափակ»:
Զրույցը տեղի էր ունենում ՀՅԴ նախաձեռնած «Ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժման» անդրանիկ հավաքի ժամանակ: «Մեր շարժումն այս երկրի միակ փրկությունն է, քանի որ հենվում ենք այն փաստի վրա, որ յուրաքանչյուր քաղաքացի դերակատարություն ունի այս երկրի մեջ փոփոխություններ առաջ բերելու հարցում: Եթե ուզում ենք մեր կյանքը փոխվի, եթե ուզում ենք մեր վիճակը փոխվի՝ տեր պետք է լինենք մեր ընտրական իրավունքին, մեր քվեն չպետք է ծախենք 5 հազար դրամով»,- ասաց Հրանտ Մարգարյանը: «Առավոտը» հիշեցրեց ՀՅԴ ընտրարշավային հոլովակներից մեկը, որով կոչ էր արվում ընտրակաշառք վերցնել, բայց ձայնը տալ իրենց ցանկացածի օգտին: Հարցին, թե այս անգամ է՞լ են նման քարոզչություն տանելու՝ պրն Մարգարյանը պատասխանեց. «Կարող է՝ առանձին անձինք այդպես են արտահայտվել, բայց մեր սկզբունքն այս է՝ ամեն մարդ պետք է քվեարկի իր համոզումին համաձայն: Սա պետք է դառնա բարոյական նորմ: Պետք է ամոթ համարվի, որ մարդ իր քվեն պայմանավորի վախերով՝ վախի ազդեցությամբ քվեարկի, առեւտրի նյութ դարձնի»: 
Անդրանիկ հավաքին մասնակցում էին բազմաթիվ գործիչներ «Ժառանգությունից», «Նոր ժամանակներից», ՀՌԱԿ-ից, ԱԺԿ-ից եւ այլն: Սակայն շարժմանը միանալու հրապարակավ պատրաստակամություն հայտնեցին միայն «Ալիք» արհեստակցական միության ներկայացուցիչ Կարեն Հակոբյանը, «Նոր Հայաստան» հ/կ ղեկավար Էլեոնորա Մանանդյանը եւ «Իրավունք եւ արդարություն» հ/կ նախագահ Նելլի Բաղդասարյանը։
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հայտնեց, որ շարժմանը մինչ այդ միացել էին մի շարք հ/կ-ներ՝ «Ռազմավարական մշակումների կենտրոնը», «Քաղաքագետների եւ միջազգայնագետների ակումբը», «Հայ երիտասարդների դաշինքը», «Երիտասարդ արեւելագետների ակումբը», «Միտք» վերլուծական կենտրոնը, «Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միությունը», «Հայ երիտասարդների ֆորումը» եւ «ԵՊՀ երիտասարդ պատմաբանների միությունը»: Նա նշեց. «Շարժումը բաց է եւ չունի քաղաքական ուղղակի նախընտրական նպատակ»: Հրանտ Մարգարյանն էլ էր ասել. «Ով ուզում է՝ կարող է մեզ միանալ»: Իսկ «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե ՀՅԴ-ն հնարավոր համարո՞ւմ է ընտրական իրավունքի պաշտպանության հարցում համագործակցել նաեւ ՀԱԿ-ի հետ՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Բոլորի հետ ենք հնարավոր համարում, բոլորի»: Իր ելույթում նա նշեց, թե հստակ է այս շարժման նպատակը. «Ընտրական իրավունքի իրացման միջոցով հասնել ժողովրդի իշխանության հաստատմանը: Այս նպատակին հասնելու համար շարժումը պետք է ձեւավորի համապատասխան միջավայր»: Արմեն Ռուստամյանը կանխատեսեց. «Շարժման չհաջողելը նշանակում է ոչ այլ ինչ, քան հաշտվել իշխանության վերարտադրման հետ, որի համար, ի դեպ, արդեն բացահայտ ընտրական դաշինք է ստեղծվել, կամ էլ տանել երկիրը դեպի պետականությանը սպառնացող հետընտրական առճակատումների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել