Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 19,2011 00:00

Հայ ազգային կոնգրեսում վստահ են, որ Հայաստանում անարյուն ու անցնցում հեղափոխություն անելը հնարավոր է

\"\"

Երեկ Մատենադարանի մոտ ավելի քան երկու ամիս ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որն այս անգամ, այսպես ասած, նվիրված էր փետրվարի 19-ին, ասել է թե՝ 2003 եւ 2008 թվականների նախագահական կեղծված ընտրություններին: Հանրահավաքը վարող ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այդ օրվա խորհրդին անդրադառնալով՝ ասաց, թե փետրվարի 19-ը դարձել է կեղծիքների օր, եւ դրա վերջը պիտի դրվի: Ապա ՀՀՇ վարչության նախագահը ողջունեց հանրահավաքին Գյումրիից եկած վրացական համարանիշներ ունեցող ավտոմեքենաների վարորդներին, «շուկաներից քշված, երկրի իշխանությունների կողմից մոռացված ու տառապանքի ենթարկված բոլոր քաղաքացիներին»: Իսկ երեկվա հանրահավաքը, իսկապես, աննախադեպ բազմամարդ էր, մարզերից Երեւան բերող ճանապարհներն այս անգամ փակ չէին եղել: Ու թեեւ Կոնգրեսի ներկայացուցիչներից ոմանք ընդամենը վերջերս հայտարարում էին, թե Հայաստանում սոցիալական հողի վրա ընդվզումներ չեն լինի, այդուհանդերձ, ելույթներում շեշտադրումները հենց սոցիալական եւ տնտեսական թեմաների վրա էին դրված: Թերեւս պատահական չէր նաեւ այն, որ հանրահավաքը վարող Ա. Մանուկյանը ՀԱԿ-ի եւ հանրահավաքի անունից ողջունեց Եգիպտոսի, Թունիսի, Եմենի ու Բահրեյնի ազատատենչ ժողովուրդներին, որոնք հենց սոցիալական պատճառներով են փողոց դուրս եկել եւ տապալել կամ փորձում են տապալել այդ երկրներում իշխող ռեժիմները: «20 տարի առաջ լավ քամիներ եկան Արեւելյան Եվրոպայից, եւ մենք միացանք այդ շարժումներին: Այս անգամ տաք քամիներ են գալիս աֆրիկյան երկրներից: Ողջունում ենք բոլորին, թող այդ ժողովուրդները հաջողություն եւ անկորուստ հաղթանակներ ունենան: Տարոսը մեզ»,- հայտարարեց Ա. Մանուկյանը:
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, որն առաջին անգամ էր ելույթ ունենում հանրահավաքի հարթակից, հայտարարեց, թե «առեւտրով զբաղվող քաղաքացիներից տեղեկություն են ստացել, որ թաղային իշխանությունները նրանց տեղեկացրել են, թե հնարավոր է, որ առաջիկայում որոշում ընդունվի, ըստ որի՝ փոքր խանութներն ու կրպակներն աշխատելու են միայն մինչեւ ժամը 20-ը»: Ա. Մուսինյանն այդ որոշումն «անմեղսունակ» որակեց ու նկատեց, թե դա նշանակում է, որ «ճանապարհ է բացվում բոլոր սուպերմարկետների եւ խոշոր խանութների ցանցերի եւ օլիգարխների համար»: «Վարչախմբի քաղաքականությունը միջին խավի նկատմամբ այլ կերպ, քան թշնամական, անվանել չի կարելի: Բայց մենք պիտի հասկանանք, որ միայն ժողովրդի նկատմամբ տածած ատելությամբ չէ միայն, որ առաջնորդվում է այս վարչախումբը»,- հայտարարեց նա ու մանրամասնեց, որ իշխանություններն առաջնորդվում են նաեւ «թույլ ես՝ սողա, ուժեղ ես՝ նվաստացրու» սկզբունքով: Մուսինյանը նաեւ փաստեց, որ տնտեսական, սոցիալական քաղաքականության դեմ դիմադրությունը մեր երկրում գնալով աճում է, եւ դրա վկայությունն այն բողոքի ալիքն է, որ ծայր է առնում երկրի մարզերում ու նաեւ մայրաքաղաքում հենց միջին եւ ավելի ցածր խավի կողմից: Նա հավաստիացրեց, որ ՀԱԿ-ն իր ծրագրերից ու պահանջներից ետ չի կանգնելու, որ այսօր Կոնգրեսը, քաղբանտարկյալներն ու երիտասարդները կանգնած են այդ քաղաքականության դեմ «ճակատի առաջին գծում եւ չեն նահանջելու»: Մուսինյանը շեշտեց, թե այդ պայքարում որոշիչ է միջին խավի դիմադրությունը՝ ճակատի ողջ երկայնքով, որի դեպքում միայն իշխանությունը չի կարող այլեւս դիմադրել:
Իր ելույթում իշխանությունների տնտեսական եւ սոցիալական քաղաքականությանն անդրադարձավ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ասելով, թե ինքը փաստեր՝ պաշտոնական տվյալներ կհրապարակի, իսկ հետեւությունները կթողնի հասարակությանը: Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմն իշխանության եկան երեք տարի առաջ՝ խոստանալով, որ երկրի համախառն ներքին արդյունքը՝ ՀՆԱ-ն, 2 անգամ կաճի: «Անցել է երեք տարի, եւ ՀՆԱ-ն պակասել է 7 տոկոսով:
Եթե 2008-ին ՀՀ-ն բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով աշխարհում 193 երկրների թվում 114-րդն էր, ապա 2009-ին՝ 124-րդն էր, 2010-ին՝ 139-րդը: Եթե այս տարվա բյուջեն կատարվի եւ ՀՆԱ-ի 4 տոկոս աճ լինի, իսկ աշխարհում այն կազմելու է 5 տոկոս, ապա մենք կդառնանք 141-րդը:
Այսօր իշխանությունը պայքարում է, որ 2011-ին ոչ թե լավանա ինչ-որ բան, այլ վատանա: 2008-2010-ին գներն աճել են 23,3 տոկոսով, այդ թվում՝ պարենամթերքը՝ 44 տոկոս: Երեք տարում գյուղմթերքների արտադրությունը պակասել է 15 տոկոսով, չմշակվող վարելահողերը ավելի քան կրկնապատկվել են 150 հազար հեկտարով: Մենք ընդամենը 400 հազար հա վարելահող ունենք: Սերժն ասում էր՝ բյուջեն կդարձնեմ 4 մլրդ դոլար: Երեք տարի աշխատում է՝ բյուջեն 2,5 մլրդ դոլարից իջել է ուղիղ 2 մլրդ դոլարի»,- պաշտոնական տվյալներից մեջբերումներ արեց նախկին վարչապետը: Ըստ նրա, «ՀՀ-ում միջին աշխատավարձն ամենացածրն էր հարեւան երկրներից՝ 280 դոլար, մինչդեռ Վրաստանում այն կազմում էր 318, իսկ Ադրբեջանում՝ 400 դոլար»: Նա հայտարարեց, թե 1996թ.-ին ՀՀ-ում միջին աշխատավարձը 1,7 անգամ ավելի էր, քան Վրաստանում, եւ 1,2 անգամ ավելի, քան Ադրբեջանում: «Լավ չէին ապրում 96-ին, չէ: Բայց երկու անգամ ավելի լավ էինք ապրում, քան Ադրբեջանը»,- փաստեց Բագրատյանը: Նա հավելեց, թե կապիտալի արտահանմամբ Հայաստանն աշխարհում գրավում է 7-րդ տեղը. «Էս ցուցանիշով մենք առաջ ենք այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Ճապոնիան, Իսպանիան, Իտալիան, ու զիջում ենք Գերմանիային եւ ԱՄՆ-ին»:
Հ. Բագրատյանի ասելով, փոխարենը Հայաստանում աճում է ալկոհոլիզմը. «Արտադրությունն անկում է ապրում, բացի ալկոհոլային խմիչքների արտադրությունից: Ոնց որ ասում են՝ հպՐՋ րտՈՌՉՈպՑ վՈՐՏՊ: Էս է էդ մարդու երեք տարվա աշխատանքը»: Նա խոսեց նաեւ աշխատանքային շաբաթը վեցօրյա դարձնելու կառավարության ծրագրերի մասին՝ շեշտելով, թե դրանով գործատուներն ազատվում են շաբաթ օրերն աշխատելու համար իրենց աշխատողներին հավելավճար վճարելուց, ու «այդ օրենքով միանգամից օլիգարխները ստանում են 400 մլն դրամ»: Իր ելույթը ՀՀ նախկին վարչապետն այսպես եզրափակեց. «Ես այս տարի եղել եմ հերթով՝ Թունիսում, Եգիպտոսում, Հորդանանում, ու իմ գլխում մտել են հետեւյալ բայերը՝ եգիպտանալ, թունիսանալ, ղրղզանալ, հորդալ: Սա ձեր միակ փրկությունն է»։
Ելույթ ունեցավ նաեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ հայտարարեց, թե բոլոր նախադրյալները կան՝ պնդելու, որ ռեժիմի գոյության ռեսուրսները սպառվում են, որ իշխանությունները հազիվ եւ արհեստականորեն զսպում են դրամային զանգվածի աճը, իսկ դա նշանակում է, որ շատ շուտով մենք կարող ենք բախվել դրամի թռիչքային արժեզրկման եւ սարսափելի գնաճի հետ, պետությունը չի կարողանում վճարել ուսուցիչների, նույնիսկ ոստիկանների աշխատավարձը: «Մուբարաքի եւ այլ բռնապետական ռեժիմների կոլապսից հետո միջազգային հանրությունը սկսեց հասկանալ, որ անիմաստ է ներդրումներ կատարել՝ ֆինանսական կամ տնտեսական օգնություն տրամադրել կոռումպացված եւ օլիգարխիկ ռեժիմներին, որ այդ միջոցները նպաստում են թալանչի օլիգարխների հարստացմանը կամ օգնում երկրի ղեկավարներին՝ լինելու կազինոներում, իսկ հասարակ ժողովուրդը մատնված է աղքատության եւ սովի»,- հայտարարեց Լ. Զուրաբյանն ու հավելեց, թե այդ պատճառով ՀՀ կառավարության հետ 1997-ից ի վեր իր համագործակցությունն է դադարեցրել «Լինսի» հիմնադրամը, ԱՄՆ սառեցրել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի՝ Հայաստանի համար նախատեսված մասը, որով հարյուրավոր միլիոնների գումարներ էին նախատեսվել ճանապարհաշինության, ոռոգման եւ այլ բնագավառներում: Զուրաբյանի մատուցմամբ, հակառակ այս կառավարության բազմաթիվ խնդրանքների՝ ՌԴ կառավարությունը նույնպես մերժում է վարկերի տրամադրումը: Նա հայտարարեց, թե ՀՀ առջեւ ծառացած ներքին, արտաքին եւ տնտեսական մարտահրավերների արդյունքում երկրին սպառնացող քաոսից խուսափելու միակ տարբերակը այս ռեժիմից օր առաջ ազատվելն է: «Հիմա միակ հարցն այն է, թե արդյոք ժողովրդավարական հեղափոխությունը հնարավո՞ր է անել «թավշյա» եղանակով՝ առանց արյունահեղության, պետական կառավարման մեքենայի կազմալուծման եւ ռազմաճակատում մեր դիրքերի քայքայման: ՀԱԿ-ը համոզված է, որ դա հնարավոր է»,- ասաց Զուրաբյանն ու հավելեց, որ եթե առաջիկա 1-2 ամիսներին իշխանությունները չկատարեն ընդդիմության պահանջները, «ապա նրանք իրենց ձեռքով բացելու են ժողովրդի ցասման ճանապարհը, ինչպես դա եղավ Եգիպտոսում եւ Թունիսում», ինչին հավաքվածները արձագանքեցին «Հիմա» կարգախոսի երկարատեւ վանկարկումներով:
Հանրահավաքը եզրափակեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի ելույթից հետո տեղի ունեցավ նաեւ երթ: Ընդդիմության հաջորդ հանրահավաքը կկայանա մարտի 1-ին:

Հ. Գ. Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը կարդացեք էջ 11-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել