Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԴԱԲՐՈՆ» ՍՏԱՑԵԼ Է

Փետրվար 19,2011 00:00

Արմավիրի հերթական քաղաքապետը կնշանակվի՞,  թե՞, այնուհանդերձ, կընտրվի

Երեկվանից արդեն սկսվել են մարտի 20-ին Արմավիրի մարզի մարզկենտրոն Արմավիր քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածուների առաջադրումները: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 23-ն է: Երեկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ փաստաթղթերի ներկայացման առաջին օրն իր «թեկնածուական» փաստաթղթերը ներկայացրել է միայն գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանը, որը երկու ժամկետ արդեն պաշտոնավարել է: Արմավիրցիները Խլղաթյանի մասին խոսելիս նկատում են, որ նրա «քաղաքապետության» առաջին շրջանում վստահել են, հույսեր են կապել: Թեեւ տեղի բնակչությունը Խլղաթյանի հետ հույսեր է կապել անցյալում, հարազատ կուսակցությունը հույսեր է կապում նաեւ առաջիկայում: ՀՀԿ մարզային կառույցն իր՝ օրերս կայացած խորհրդի նիստում որոշում է կայացրել քաղաքապետի առաջիկա ընտրություններում Ռուբեն Խլղաթյանին պաշտպանելու մասին: Հետաքրքիրն այն է, որ սույն հայտարարության պաշտոնական տարածումը նախորդեց ՀՀԿ Արմավիրի մարզային կառույցի ղեկավար, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եւ Ռուբեն Խլղաթյանի՝ նախագահական նստավայր այցելությանը: «Առավոտը» փորձեց պարոն Խլղաթյանից պարզել այս հետաքրքիր զուգադիպության պատճառները: Քաղաքի սոցիալ-տնտեսական ու այլ խնդիրներին վերաբերող հարցեր էլ կային, որոնց պատասխանները ցանկալի էր ստանալ քաղաքապետից: Թեեւ պարոն Խլղաթյանն ավելի վաղ խոստացել էր «անձամբ կապվել» մեզ հետ, բայց «Առավոտին» եւս մեկ շաբաթ պահանջվեց Ռուբեն Խլղաթյանի հետ մինի-հեռախոսազրույց ունենալու համար: Նա նախ իր վրդովմունքն արտահայտեց այս թեմայով մեր նախորդ հրապարակումների առիթով, ասաց, որ գրվածների 90 տոկոսը սուտ է: Երբ պատրաստակամություն հայտնեցի լսել իր ճշմարտությունը՝ պարզվեց, որ պարոն Խլղաթյանը բազմազբաղ մարդ է. «Բացի ընտրություններից՝ էնքա՜ն հարցեր կան, որ լուծում են ուզում: Ես ձեր նման պարապ նստած չեմ»,- ասաց՝ խոստանալով իր թանկարժեք ժամանակից եկող շաբաթ մաս հանել «պարապ» լրագրողիս համար: Պարոն Խլղաթյանի ժամանակը խնայելու մղումով պատրաստակամություն հայտնեցի հարցերիս պատասխանները հեռախոսով ստանալ: Պարոն Խլղաթյանը հեռախոսով պատասխանելու տրամադրություն չուներ:
«Առավոտի» հետաքրքրասիրությունը բավարարեց Արմավիրի մարզպետ, ՀՀԿ-ական Աշոտ Ղահրամանյանը: Պարզաբանեց, որ քաղաքապետի հետ նախագահական այցելելու պատճառը տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հետ կապված ինչ-ինչ խնդիրներ պարզաբանել-համաձայնեցնելն է եղել: «Այդ (առաջիկա ընտրությունների- Ն. Գ.) թեմայով նախագահի հետ ընդհանրապես չենք խոսել: Նման հարցերով նախագահի մոտ չեն գնում»,- ասաց մարզպետը՝ հավելելով, որ Խլղաթյանի թեկնածության հարցը ՀՀԿ գործադիր մարմնում է քննարկվել, հանրապետության նախագահն էլ, որպես կուսակցության ղեկավար, բնականաբար տեղյակ է դրանից: «Նախագահի «դաբրոն» ստացե՞լ եք»՝ «Առավոտի» դիտարկմանը մարզպետը հակադարձեց՝ «Ոչ թե նախագահի, այլ ՀՀԿ գործադիր մարմնի»: Արմավիրի քաղաքապետի մյուս հավակնորդներն են՝ Արմավիրի նոտար Անժելա Ցականյանը եւ Արմավիրի դատախազի տեղակալ Սերգեյ Մինասյանի որդին՝ Սեւակ Մինասյանը, ով Արմավիրի ավագանու անդամ է: Ըստ շրջանառվող լուրերի՝ նախագահի «դաբրոն» ստանալու նրա փորձերն ավարտվել են նրանով, որ նախագահը վստահեցրել է, որ ինքն արդար ընտրությունների երաշխավորն է: Ասում են, որ Սեւակ Մինասյանը բավական մեծ թվով կողմնակիցներ ունի հատկապես երիտասարդության շրջանում: Ինքն էլ վստահեցնում է, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում էապես փոխելու է Արմավիրի դեմքը: Երեկ նա մեզ հետ զրույցում ասաց, որ իր հավակնություններին անպայման պաշտոնական տեսք կտա:
ԲՀԿ-ական փոխմարզպետ, նախկինում Ռուբեն Խլղաթյանի մրցակից Արայիկ Աղաբաբյանը դեռ խուսափում է հստակեցնել առաջիկա ընտրություններում իր մասնակցության հարցը:
Մինչ կուսակցությունները մտորում են, Արմավիրում ընտրական գործընթացները իրական փուլ են մտնում: «Առավոտն» արդեն իսկ ահազանգեր ունի ընտրացուցակների հետ կապված: Մեր տրամադրության տակ են փաստաթղթեր, որոնցում նշված են գոյություն չունեցող հասցեներ՝ Մաշտոցի 4-րդ նրբանցք, Շիրազի 1-ին նրբանցք, ուր կան իրական հասցեներում գրանցված մարդիկ: Սա, թերեւս, հայաստանյան ընտրակեղծարարության պատմության մեջ նոր շտրիխ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել