Ֆրանսիացի կինեմատոգրաֆները որոշել են գեղարվեստական ֆիլմ նկարահանել երգչուհի Դալիդայի մասին։ Ֆիլմը կպատմի 20-րդ դարի երկրորդ կեսին ֆրանսիական էստրադայի խորհրդանիշը դարձած հանրահայտ երգչուհու կյանքի եւ մահվան պատմությունը։ Ապագա ֆիլմի սցենարը գրել է երիտասարդ հեղինակ Քարիմ Այնուսը, բեմադրիչը Լիզա Ազուելոսն է։ Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2011թ. ամռանը։ Գլխավոր դերակատարը Նադյա Ֆարեսն է։ Վերջինս, ինչպես եւ հայտնի երգչուհին, ծնվել եւ մեծացել է Աֆրիկայում, իսկ Ֆրանսիա եկել է արդեն հասուն տարիքում։ Ֆրանսիական ԶԼՄ–ները նաեւ ընդգծում են դերասանուհու արտաքին նմանությունը Դալիդային։ Ֆրանսիացիների համար երգչուհին դեռեւս կենդանության օրոք դարձել է լեգենդ։ Նա ծնվել եւ մեծացել է Կահիրեում, հետո տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ արժանացել է փառքի։ Նրա ամենահայտնի երգերից են «Բամբինոն», ինչպես նաեւ Ալեն Դելոնի հետ կատարած «Խոսքեր, խոսքեր» հիթերը։ Դալիդայի երեք սիրելի տղամարդիկ մահացել են եւ երգչուհին 54 տարեկանում ինքնասպանությամբ վերջ է տվել իր կյանքին։ Երգչուհին Ժաննա դ’Արկից, Սառա Բեռնարից եւ Էդիտ Պիաֆից հետո դարձել է չորրորդ կինը, որի հուշարձանը կանգնեցվել է Փարիզում։