Լրահոս
Օրվա լրահոսը

«Անտիվիրուս՝ «վիրուսոների» դեմ»

Փետրվար 18,2011 00:00

Կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի դեղատոմսը

\"\"«Սարդարապատ» շարժման այլընտրանքային խորհրդարանի մշակութային հանձնաժողովի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ հասարակությանը հուզող մշակութային-կրթական հարցերն ու խնդիրները: Ընթացքի մեջ է հանձնաժողովի կողմից մշակված կոմիտասյան քաղաքականության իրականացման ծրագիրը եւ առաջիկայում կազմակերպվող «Կոմիտասյան շարքը»: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Սարդարապատ» շարժման մշակույթի հանձնաժողովի համակարգող Լալա Մնեյանը: Նրա կարծիքով, այսօր մշակութային առումով Հայաստանն ազգային անվտանգության խնդիր ունի, քանի որ վտանգված է ազգային ինքնությունը, պետական, մշակութային քաղաքականության մեջ չի նկատվում Կոմիտաս երեւույթի ամբողջական, համակարգված մատուցումը, հեռուստատեսությամբ էլ Կոմիտասի ժառանգության քարոզումը անհատների կամ նվիրյալների հույսին է թողնված:

Կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի մեկնաբանմամբ, Կոմիտասը հայի ինքնությունը վերագտնելու ամենակարճ ճանապարհն է. «Կոմիտաս անվան տակ մենք հասկանում ենք նույնիսկ Նարեկացու տաղերը, հազարամյակների մշակույթը՝ երաժշտության լեզվով: Մարդը միայն մարմնից չի բաղկացած, ունի հոգի եւ ազգային ինքնություն»: Կոմիտասագետը «Կոմիտասյան շարքի» շրջանակում առաջարկում է 5 պարզ երգ սկավառակներով եւ այլ միջոցներով տարածել ամբողջ Հայաստանում եւ «պատվաստել» բոլորին. «Ով այդ 5 երգն իմանա, պաշտպանված կլինի հակամշակութային աղետներից, մեր իրականություն ներխուժող թուրքական ելեւէջներից, կվերագտնի իր ինքնությունը: Սա անտիվիրուսն է մեր երգած «վիրուսոների» դեմ»: Ա. Շահնազարյանի փոխանցմամբ, Կոմիտասին ոչ թե ակադեմիական շրջանակներն են մեծարել, այլ՝ ժողովուրդը: «Կոմիտասը երաժշտության լեզվով մեր մշակույթն է: Այդ երգերը մեր բոլորի արյան մեջ են, մնում է հիշել եւ պահպանել: Երգի ուժը մեծ է, գերմանացի ժողովուրդը, 1600-ական թվականներից սկսած, իր հույսը կապել էր իր երաժշտության հետ,- ասում է կոմիտասագետը եւ հավելում, որ նա համաշխարհային երաժշտության մեջ երաժշտության ներդաշնակության, հարմոնիայի նոր համակարգի հեղինակ է:- Պրոֆեսիոնալ երաժշտության մեջ նա համաշխարհային հեղափոխություն է կատարել, փրկել, վերականգնել է մեր հազարամյակների մշակույթը: Ունենք մի ադամանդ, որ աշխարհում որտեղ հնչի՝ կկանգնի ամենաբարձր մշակույթի, նույնիսկ եգիպտական բուրգի կողքին»: Հարցին՝ այսօրվա էստրադայի մաս կազմող մելիզմները եւ մուղամները մեր երաժշտության մեջ տեղ գտնո՞ւմ են: «Կոմիտասը ձեւակերպել է հայ երաժշտության չափանիշները՝ մաթեմատիկական ճշգրտությամբ: Հայ երաժշտությունը հայ ճարտարապետության նման չունի այդ մելիզմատիկան: Կլկլոցները մերը չեն, մերը պարզություն, խորություն ունեցող երգերն են, որոնք առույգ են ու ուրախ եւ ներկայացնում են մեր կենցաղը»,- պատասխանում է կոմիտասագետը: Անդրադառնալով այսօր հեռուստատեսությամբ մատուցվող արտադրանքին՝ Ա. Շահնազարյանը կարծում է՝ այն, ինչ այսօր հեռուստաալիքներով հնչում է, նույնն է, թե Թուրքիայի դրոշը կախել. «Եթե Թուրքիան մեկ միլիարդ դոլար ծախսեր դիվերսիա կազմակերպելու համար, այդպիսի հաջողության չէր կարող հասնել: Սա երաժշտական հարց չէ, դիմե՛ք ազգային անվտանգությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել