Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ 1000 ԵՐԵԽԱ ՉԻ ԾՆՎՈՒՄ

Փետրվար 18,2011 00:00

\"\"Նրանք շարունակում են գործել, վարակվել ու սեռավարակը տարածել հայ ընտանիքներում

Ամեն երկրորդ մարմնավաճառ տառապում է այս կամ այն վեներական հիվանդությամբ: Եվ քանի որ ոստիկանությունը հիմա չի կարող փողոցից մարմնավաճառին բռնի ուժով տանել հետազոտման, վարակված մարմնավաճառները շարունակում են վտանգ ներկայացնել հայ ընտանիքների համար: Տղամարդիկ րոպեական հաճույքին տրվելով՝ հաճախ վարակում են իրենց կանանց ու երեխաներին, շատ երեխաներ ծնվում են սիֆիլիսով ու տարբեր սեռավարակներով հիվանդ:

Ոստիկանությունից խոստացել են մեր օրաթերթին տեղեկատվություն տրամադրել, թե 2010-ին քանի կավատ ու մարմնավաճառ են հայտնաբերել, նրանցից քանիսին են վարչական պատասխանատվության ենթարկել, քանիսն են եղել անչափահաս, քանի «որջ» է հայտնաբերվել եւ այլն: Դիտարկելով նախորդ տարիների վիճակագրությունը՝ կարելի է ասել, որ մարմնավաճառները պաշտոնապես տարեցտարի նվազում են: Բայց քանի որ նրանք մեր բոլորիս աչքի առաջ են գործում, պարզ է, որ ոչ թե նվազել է պոռնկությամբ զբաղվողների թիվը, այլ՝ տարեցտարի պայքարը նրանց դեմ ավելի ու ավելի թուլանում է: Ընդ որում, մարմնավաճառներն այն աստիճան են կատարելագործել մեր երկրում իրենց բիզնեսը, որ հիմա հարցականի տակ են դրվել նրանց գործունեությունն արգելող վարչական օրենսգրքի հոդվածները: Շատ հնարավոր է, որ շուտով Հայաստանում էլ Հնդկաստանի պես մարմնավաճառությունը սկսեն չարգելել՝ համարելով, որ մարդն իր մարմնի հաշվին հոգում է իր օրվա ապրուստի խնդիրը, եւ եթե հատկապես աշխատատեղեր չկան, գործազրկությունը մեծ է, մարդիկ գոնե «սեփական ֆունդամենտի» հաշվին հոգան իրենց տարրական կենցաղային կարիքները: Բայց խնդիրը նույնիսկ տուգանել-չտուգանելու մեջ չէ, հատկապես որ, տուգանքի չափը այնքան չնչին է, որ մարմնավաճառը 1 օրվա եկամուտը կարող է տալ ու պրծնել: Տարեկան հայտնաբերվում է միջինը 300 մարմնավաճառ, որոնցից 100-150-ի մոտ լինում է որեւէ սեռավարակ, որը մեծ վտանգ է ներկայացնում հասարակության համար: Նախկինում առողջապահության նախարարության մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում տարեկան հետազոտվում էր 1500 մարմնավաճառ, հիմա այդ թիվը զգալի կրճատվել է, թեեւ հետազոտությունը, բուժումը պետպատվերի շրջանակներում է: Ինչպես հայտնի է, հիմա մեծահասակների բուժօգնության համակարգում որոշակի փոփոխություններ են եղել եւ համավճար է ներդրվել, ուստի քննարկվում է նաեւ սեռավարակների բուժումը համավճարով դարձնելու հարցը: Եթե այսուհետեւ որոշվի եւ դրա համար նույնպես համավճար պահանջեն, արդեն հիվանդները փողոցներում «կվխտան», իսկ բժշկական կենտրոն դիմողներին մատների վրա կհաշվենք:

Մեզ հետ զրույցում հանրապետության գլխավոր մաշկավեներաբան Կարեն Բաբայանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին նվազել է հոնորեա սեռավարակով վարակվածների թիվը, բայց ավելացել են կանդիդոզը, քլամիդիոզը, որը չբերություն եւ իմպոտենցիա է առաջացնում: Հայաստանում կանանց 25-27%-ի չբերությունը պայմանավորված է հենց այդ վարակի առկայությամբ: Իսկ դա նշանակում է, որ մեր երկրում տարեկան 500 ընտանիք զրկվում է երեխա ունենալու հնարավորությունից, կանխվում է 1000 երեխայի ծնունդ՝ հիմնականում մարմնավաճառների «շնորհիվ»:

2010-ի տվյալները դեռ ամփոփված չեն, ուստի մասնագետը խոստացավ կոնկրետ թվեր ներկայացնել առաջիկայում: Բայց Կ. Բաբայանի դիտարկմամբ՝ սեռավարակներով հիվանդացության անկում մեր երկրում ըստ էության չի լինում՝ ամենաշատը 3-4%, որը եղանակ չի փոխում. «Ես ձեզ ասեմ, որ, այնուամենայնիվ, Հայաստանը հարեւան երկրների հետ համեմատած՝ ամենալավ վիճակում է այդ առումով, մենք միշտ վերջին կամ նախավերջին տեղում ենք լինում»: «Առավոտի» դիտարկմանը, որ մեր երկրում կարող է ճիշտ չեն հաշվարկում, դրա համար էլ բարենպաստ դիրքերում ենք հայտնվում այդ ցուցակներում, պարոն Բաբայանը պատասխանեց. «Ձեզ թվում է Մոլդովան, Տաջիկստանը մեզանից պակա՞ս խելացի են, ես բոլոր երկրների փորձը գիտեմ, բոլոր երկրներն էլ թաքցնում են, բայց էլի մեր ցուցանիշները լավն են: Պարզապես մի խնդիր էլ կա, հաճախ հիվանդին սկսում են բուժել ինչ-որ մի բանի համար, հետո հայտնաբերում են, որ սեռավարակ ունի ու դա պաշտոնապես չի գրանցվում, դրա համար էլ թվերը կարող են ճիշտ չլինել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել