Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

2-ՐԴ ՀԱՂԹՈՂԸ՝ «AEROFLOT OPEN»-ՈՒՄ

Փետրվար 18,2011 00:00

Փետրվարի 16-ը, իրոք, հայկական շախմատի  հաղթարշավի օր էր Մոսկվայում

\"\"Այն բանից հետո, երբ ցերեկը հայաստանցիներ Դավիթ Շահինյանն ու Տիգրան Սիմոնյանը դարձան «Aeroflot Open» շախմատային փառատոնի «C» խմբի հաղթողն ու երկրորդ մրցանակակիրը, երեկոյան «Իզմայլովո» հյուրանոցային համալիրի «Գամմա-Դելտա» մասնաշենքում մեր հանրապետության եւս մեկ ներկայացուցչի հաղթանակի վկան դարձանք: «B» խմբում, որտեղ հանդես էին գալիս ՖԻԴԵ-ի 2550-ից պակաս, սակայն 2299-ից բարձր Էլո գործակից ունեցող 105 շախմատիստներ, գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը չափազանց ծանր պայքարում գրավեց առաջին տեղը: Հանգուցալուծումը կայացավ միայն վերջին՝ 9-րդ տուրում, որում հանդիպեցին մրցաշարային աղյուսակի առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցնող Քոթանջյանը եւ ռուսաստանցի գրոսմայստեր Նիկոլայ Կաբանովը: Նրանց դիմակայությունը կողմերից եւ ոչ մեկին առավելություն չբերեց՝ ոչ-ոքի, ու երկուսն էլ պայքարն ավարտեցին 7,0-ական միավորով: Սակայն պայքարին խառնվեց Դարվին Լայլոն: Ֆիլիպինցի գրոսմայստերը սպիտակներով անչափ կարեւոր հաղթանակ տարավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Գավրիլովի նկատմամբ եւ նույնպես վաստակած միավորների քանակը հասցրեց 7,0-ի: Եվ դա ճակատագրական եղավ Կաբանովի համար:

Ըստ մրցաշարի կանոնակարգի, միավորների հավասարության դեպքում շախմատիստների վերջնական դասավորության համար առաջնային նախապայման է տվյալ մրցաշարում սեւերով ավելի շատ պարտիա խաղացած լինելը: Եվ քանի որ Տիգրան Քոթանջյանն իր երկու հիմնական մրցակիցներից սեւ խաղաքարերով մեկ պարտիա ավելի էր անցկացրել, նրան էլ շնորհվեց հաղթողի կոչումը: Ֆիլիպինցին դարձավ երկրորդ մրցանակակիր՝ Կաբանովին ետ մղելով երրորդ հորիզոնական:

Այս խմբում հանդես եկած մեր մյուս մասնակիցներից առավել հաջող հանդես եկան եւ քսան առաջատարների ցուցակ ընդգրկվեցին նաեւ ՖԻԴԵ-ի վարպետ Հովիկ Հայրապետյանը, որը 6,0 միավորով 11-րդն էր, Հովհաննես Գաբուզյանը՝ 5,5 (14-րդ տեղ) եւ նույնքան միավոր վաստակած գրոսմայստեր Դավիթ Պետրոսյանը՝ 18-րդ հորիզոնական:

Հայ շախմատասերները բարձր արդյունք էին ակնկալում ուժեղագույնների խմբում հանդես եկող մեր երեք առաջատար գրոսմայստերներից: Ասվածն առաջին հերթին վերաբերում է փորձառու Սերգեյ Մովսիսյանին: Սակայն նա 9,0 հնարավորից վաստակելով 5,0 միավոր, պայքարն ավարտեց 26-րդ հորիզոնականում: Նրանից կես միավոր ավելի վաստակեց եւ մրցաշարային աղյուսակում տասն աստիճան բարձր տեղ զբաղեցրեց Տիգրան Լ. Պետրոսյանը: Իսկ Ավետիք Գրիգորյանը 4,5 միավորով 87 մասնակիցների մեջ բավարարվեց 35-րդ տեղով:

«Aeroflot Open»-ի ավարտի հաջորդ իսկ օրը՝ երեկ, Մոսկվայում մեկնարկեց մեկ այլ պատասխանատու մրցաշար՝ կայծակնային շախմատի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը, որտեղ եւս, ըստ «Armchess.am» կայքի, հանդես են գալիս մեր հանրապետության մեծ թվով ներկայացուցիչներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել