Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎԵՆԳԵՐՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Փետրվար 18,2011 00:00

Այսօր մշակույթի նախարարությունում տեղի կունենա Գրեմմի մրցանակակիր, հանրահռչակ ջութակահար եւ դիրիժոր Մաքսիմ Վենգերովի ասուլիսը՝ նվիրված նրա համերգին, որը տեղի է ունենալու փետրվարի 22-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երաժիշտը ելույթ է ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, որի հրավերով ժամանելու է Երեւան: Սա մաեստրոյի առաջին այցն է Հայաստան: Համերգին նաեւ կմասնակցի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մրցանակակիր, լեհ ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին: Մաքսիմ Վենգերովը արդի առավել դինամիկ եւ բազմակողմանի արվեստագետներից է: Լինելով համաշխարհային հռչակ վայելող ջութակահար՝ նա բազմիցս հանդես է եկել աշխարհի լավագույն բեմերում՝ հանրահայտ դիրիժորների ղեկավարությամբ:

Համագործակցել է լավագույն երաժիշտների եւ նվագախմբերի հետ ու արժանացել մի շարք մրցանակների (այդ թվում` երկու Grammy, չորս Gramophone Award UK, չորս Edison Award, երկու Echo Klassik Award, Amadeus Prize Best Recording, Brit Award, Prix de la Nouvelle, Academie du Disque Victoires de la Musique, Siena Prize of the Accademia Musicale, երկու Diapason d’Or, RTL d’OR, Grand Prix Des Discophiles, Ritmo եւ այլն):

Մաքսիմ Վենգերովի մասին նկարահանվել են մի շարք երաժշտական ֆիլմեր: 1997 թվականից Վենգերովը հանդիսանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կոմիսար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել