Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նրա ճակատագիրը թատրոնն է

Փետրվար 18,2011 00:00

Բորիս Պեպանյանի ծննդյան 60-ամյակին

\"\"Հայ անվանի կատակերգակ, անզուգական Կարպ Խաչվանքյանի ամենատես աչքը եւ սուր միտքը չէր սխալվել եւ Բորիս Պեպանյանի համար իզուր չէր ասել. «…Այս տղան ծնված է մեր ժանրի համար»: Իսկապես, երաժշտական կոմեդիայի ժանրի համար բացառիկ արտիստ է Բորիս Պեպանյանը: Բնությունը նրան պարգեւել է բեմական արտաքին, հաճելի ձայն, նուրբ դիտողականություն, թատերարվեստն իր մեջ ամբարելու գիտակցություն եւ, ամենակարեւորը՝ անմնացորդ նվիրում իր սիրած արվեստին:

Կարպ Խաչվանքյանը տաղանդաշատ եւ խոստումնալից երիտասարդ դերասանին, բուհն ավարտելուց հետո, հրավիրում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, եւ մինչ օրս, շուրջ չորս տասնամյակ նա պարոնյանցիների հետ է: Առաջին իսկ բեմելից երիտասարդ արտիստի դերակատարումն արժանացավ մեծանուն դերասանների բարձր գնահատականին:

Կ. Խաչվանքյանը բեմադրեց Կալմանի «Սիլվա» օպերետը եւ Բոնիի պատասխանատու դերը վստահեց Բ. Պեպանյանին: Ներկայացումը դիտելուց հետո աշխարհահռչակ երգչուհի Գոհար Գասպարյանը հիացմունքով խոսեց երիտասարդ դերասանի մասին, նշելով. «Պեպանյանի Բոնին ճկուն է, էլեգանտ: Արտիստը երգ ու պարով է արտահայտում իր կերպար- երեւույթը՝ խորապես զգալով երաժշտական գործողությունը»: Մեծանուն երգչուհու այս գնահատականը հաստատեց, որ պարոնյանցիների մեծ ընտանիքը համալրվել է ապագա ունեցող, բեմարվեստում իր հաստատուն խոսքն ասող դերասանով: Թատրոնի անվանի դերասանների՝ Կ. Խաչվանքյանի, Ս. Գրիգորյանի, Ստ. Հարությունյանի, Մ. Համամջյանի, Ալ. Հովհաննիսյանի, Մ. Կարագյոզյանի եւ այլոց բեմարվեստի քուրայում էլ թրծվեց երիտասարդ դերասանի տաղանդը, որը գնալով զգալի եւ շոշափելի էր դառնում:

Սիրված արվեստագետը թատրոնի ամենազբաղված դերասաններից է. տասնամյակների ընթացքում նա խաղացել է՝ Գաստոն («Փողոց, իմ փողոց»), Քլեոնտ («Քաղքենին ազնվական»), Սուրեն («Մեծ հարսանիք»), Սենեկապետ («Զգուշացեք, նա դեռ կա»), Ալիկ («Արեւը ձեզ հետ»), Արթուրո Ուի («Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր»), Մանուկ աղա («Մեծապատիվ մուրացկաններ»), Բոշ, Վիկտոր («Կասկածը կնոջ սրտում»), Պրովուլոս («Լիսիստրատե»), Քսանթոս («Եզոպոս»), Դոմինիկո Սորիանո («Ֆիլումենա Մարտուրանո»), Կարո («Մեր տան տերերը»), Տիգրան («Ինձնից պրծում չկա»), Մարգար Սասանյան («Եթե կանայք ուզենան») եւ այլ բազմաթիվ ու տարաբնույթ դերեր, որոնք թատրոնի հիմնական խաղացանկում են:

Բ. Պեպանյանի համար ամենատեւականը եղավ Ժ. Անանյանի «Տաքսի, տաքսի» կատակերգության մեջ Հովիկի դերակատարումը, որտեղ զբաղված էր օպերետային թատրոնի աստղաբույլը: Բեմի վարպետները ներկայացումը խաղացին մոտ քառորդ դար:

«Ատամնաբույժն արեւելյան» ներկայացումը, որն ունի բեմական հարուստ եւ հետաքրքիր ավանդույթներ, բեմադրիչ Ե.Ղազանչյանը իր բեմադրության մեջ Թափառնիկոսի բարդ դերը վստահեց Բ. Պեպանյանին, դերակատարում, որը ժամանակին խաղացել էին օպերետային թատրոնի անվանի դերասաններ: Այս դերի պեպանյանական կատարումը հավաստեց, որ նա յուրովի է մեկնաբանում կերպարը՝ դառնալով նրա բազմաթիվ դերակատարումների ձեռքբերումը:

Ն. Սայմոնի «Սիրեկանը շիկացած անկողնում» ներկայացումով 2002-ին թատրոնը մասնակցեց Իրաքում կազմակերպված միջազգային թատերական փառատոնին, որտեղ Բ. Պեպանյանը շահեց Գրան պրի մրցանակ: Տեղի մամուլը նույնպես ըստ արժանվույն գնահատեց հայ դերասանի բարձրարվեստ խաղը:

Ժամանակի ընթացքում Բ. Պեպանյանը խաղացել է անվանի բեմադրիչներ Մ. Մարինոսյանի, Մ. Սիմոնյանի, Կ. Արզումանյանի, Ա. Էլբակյանի, Հ. Ղազանչյանի, Հր. Աշուղյանի եւ այլոց, իհարկե, ամենատեւականը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ե.Ղազանչյանի բեմադրություններում:

Կինոռեժիսորները, զարմանալիորեն, քիչ են օգտագործել նրա հնարավորությունները: Նա խաղացել է «Միլիցիայի սերժանտը» («Լենֆիլմ»), «Մեր պապերի քայլերգը» եւ «Լիրիկական երթ» («Հայֆիլմ») գեղարվեստական կինոնկարներում:

Տասնամյակների ընթացքում Պեպանյանն ստեղծեց արժեքավոր կերպարներ՝ շնորհիվ դերասանական բացառիկ կարողության, կերպարանափոխման հմտության, դերի վրա աշխատելու ունակության, հատկանիշներ, որոնք վաստակավոր դերասանին բերեցին համբավ ու ճանաչում: Ժամանակն է, որ Բ. Պեպանյանը կրի ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը: Իր բարձրարվեստ դերակատարումների համար նրան շնորհվել է Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել