Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ»՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ԱՅՑԵՔԱՐՏ

Փետրվար 18,2011 00:00

Որի արտիստներն առայժմ պետության կողմից ըստ արժանվույն չեն գնահատվել

\"\"«Բարեկամություն» պարարվեստի պետական անսամբլն իր 2011թ. համերգները նվիրում է անսամբլի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան 70-ամյակին: Մեկնարկը կտրվի «Արամ Խաչատրյան» համերգասրահում, փետրվարի 19-ին՝ Սուրբ Սարգսի տոնի օրը: Խորհրդանշական մեկնարկ, քանզի ճանաչված բալետի արտիստի, խորեոգրաֆի, բեմադրիչի արվեստը իսկապես սիրո արտահայտություն է, ավելին՝ յուրատեսակ օրհներգ…

Ողջունելի է, որ արվեստի երախտավորների հոբելյաններին համերգաշրջաններ ու թատերաշրջաններ են նվիրվում, թող որ ինքնաբուխ, հաճախ ոչ պետական որոշումներով կամ «բարձր հովանու» ներքո:

Քանի որ անվանի արվեստագետը մինչ օրս չունի ստեղծագործական հարուստ ուղուն նվիրված որեւէ անդրադարձ (նկատի ունենք՝ գիրք), որոշեցինք այն ներկայացնել համառոտ: Նա եզակի արտիստներից է, որ դեռեւս Պարարվեստի պետական ուսումնարանում սովորելու տարիներին, կոնկրետ՝ 1953թ. հրավիրվեց Ազգային օպերային թատրոն եւ մինչեւ 1970թ. հանդես եկավ համաշխարհային եւ հայրենական բալետային գրականության ընտիր նմուշներում, մարմնավորելով գլխավոր կերպարներ, որից հետո երեք տարի բեմ բարձրացավ Լենինգրադի «Խորեոգրաֆիկ մինիատյուրներ» խմբի հետ (ղեկավար՝ Լեոնիդ Յակոբսոն): Այնուհետեւ, մինչեւ 1980թ. նա Հայաստանի պարի պետական անսամբլում էր, միեւնույն ժամանակ դասավանդելով Պարարվեստի ուսումնարանում, կարճ ժամանակահատված էլ՝ Օպերային թատրոնի բալետային խմբի ղեկավարը: Վերջապես 1987-ից ի վեր ստեղծագործական կյանքը կապեց «Բարեկամության» հետ: Նշենք նաեւ, որ տարբեր տարիների նա ղեկավարել է Լիբանանի, Սիրիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի գաղթօջախների հայկական պարախմբերը:

Այսօր Ն. Մեհրաբյանի ղեկավարած անսամբլը իսկապես ազգային արվեստի այցեքարտերից է: Անսամբլի պարացանկում միավորված են դասականն ու ժողովրդականը, բեմադրական պարն ու խորեոգրաֆիան: Եվ քանի որ Ն. Մեհրաբյանը չի սիրում խոսել իր մասին եւ խոսակցությունը շրջում է արտիստների կողմը, այս հոդվածի առնչությամբ մենք չհանդիպեցինք իր գործի մաեստրոյին, սակայն պետք է փաստենք, որ «Բարեկամության» արտիստներին հաճախ չեն հիշում, պատվավոր կոչումների եւ պարգեւների չեն ներկայացնում: Ի դեպ, այս առիթով պարի ոլորտը անտեսված է. «կոչումավոր» պարողներ չկան Պարի պետական, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլներում, կոչումներ չունի նաեւ Ազգային օպերային թատրոնի բալետային խմբի եւ ոչ մի արտիստ: Անտարբերության արտահայտություններից մեկն էլ այն է, որ մեր երկրում պրոֆեսիոնալ պարողների աշխատավարձը, անգամ վերջերս 15%-ով ավելանալուց հետո էլ, նվազագույնն է, եւ մոտ 7 անգամ ցածր է, օրինակ, Կենտրոնական բանկի հավաքարարի աշխատավարձից:

Վերադառնալով հոբելյանին, նշենք, որ «Բարեկամության» տնօրինությունից մեզ հայտնեցին, որ Ազգային օպերային թատրոնում հուլիսի 2-ին եւ 3-ին կկայանա Ն. Մեհրաբյանի 70-ամյակին նվիրված երկու գալա համերգ: Առաջին օրը հանդես կգա «Բարեկամությունը», իսկ երկրորդ օրը՝ «Հզոր զգացմունքներ» բալետային խումբը, բաղկացած եվրոպական տարբեր թատրոններում հանդես եկող հայ արտիստներից: Ընդ որում, նրանցից շատերը Ն. Մեհրաբյանի սաներն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել