Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԻ «ՄԱՐՏԻ 1» ԷԼ ԵՂԵԼ Է ԲԱՀՐԵՅՆՈՒՄ

Փետրվար 18,2011 00:00

\"\"Լույս հիգշաբթի գիշերը Բահրեյնի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել՝ երկրի մայրաքաղաք Մանամայի գլխավոր հրապարակը հակակառավարական ցուցարարներից «մաքրելու» համար: Lուսադեմին հարյուրավոր ոստիկաններ շրջապատել են հրապարակը եւ մահակներ, արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ են կիրառել հրապարակում գտնվող հազարավոր ցուցարարների դեմ: Ականատեսների պատմելով, ցուցարարների ճամբարի վրա հարձակումն իրականացվել է ցինիկաբար եւ ուխտադրուժ կերպով: Ոստիկանները գրոհել են խաղաղ քնած եւ անզեն մարդկանց վրա, որոնց մեջ նաեւ իրենց շատ ընտանիքներ են եղել՝ ներառյալ երեխաներ:

Բահրեյնի ընդդիմության առաջնորդների մատուցմամբ, այդ գործողության արդյունքում առնվազն չորս մարդ է զոհվել, ավելի քան հարյուրը վիրավորվել է, առնվազն 60 մարդ համարվում է անհետ կորած: Երկրում արգելվել է որեւէ հավաք կամ ցույց, ՆԳՆ-ն հայտարարել է, թե կարգուկանոն հաստատելու պատասխանատվությունը ստանձնել են բանակային ստորաբաժանումները:

Մայրաքաղաքի կենտրոնը լիքն է տանկերով, զինվորական մեքենաներով եւ զինվորականներով: Նրանք փակել են մայրաքաղաքի հիմնական ճանապարհները: Դրանցով թույլատրվում է երթեւեկել միայն զինվորական եւ շտապօգնության մեքենաներին: Երկրում դե-ֆակտո պարետային ժամ է սահմանվել:

«Դա իսկական ահաբեկչություն է: Ով էլ որ որոշել է գրոհել ցուցարարների վրա, միեւնույնն է՝ այդ որոշման նպատակը սպանությունն է եղել»,- հայտարարել է ընդդիմադիր խոշորագույն կուսակցության՝ «Ալ-Վաֆիկի» խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

ԵՄ-ն դատապարտել է ցուցարարների դեմ ուժի եւ բռնությունների կիրառումը: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քոթրին Էշթոնը:

Հիշեցնենք, որ Բահրեյնում արդեն մեկ շաբաթ է, ինչ ցույցեր ու բողոքի ակցիաներ են ընթանում՝ երկրում քաղաքական բարեփոխումներ իրականացնելու պահանջով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել