Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԱԾ Է, ԲԱՅՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է ՍՏՈՐԱԳՐՈՒՄ

Փետրվար 18,2011 00:00

\"\"ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ դպրոցական դասագրքերի եւ վճարովի ծառայությունների մասին

Իշխանության ներկայացուցիչները, կրթության պատասխանատուները առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ ուսումնական հաստատություններում դրամահավաքության ցանկացած դրսեւորում պատժվելու է: Ավանդաբար սոցիալապես անապահով երեխաներին աջակցելու քողի տակ աշակերտներից դասագրքերի համար հավաքվող դրամահավաքությունից խուսափելու համար պետական հանրակրթական հաստատություններին 2010-ի պետբյուջեով հատկացվել է 120 միլիոն դրամ, իսկ ԿԳ նախարարի՝ 2010-ի հոկտեմբերի 14-ի հրամանով ամրագրվել է, որ դպրոցներն այլեւս իրավունք չունեն վճարունակ աշակերտներից գանձել դասագրքերի համար վճարվող գումարի 10 տոկոսը՝ անապահով ընտանիքների երեխաներին օգնելու նպատակով: Ուստի ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, նամակներ հղելով բոլոր մարզպետներին եւ Երեւանի կրթության վարչությանը, փորձել է պարզել՝ արդյո՞ք սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հասավ այդ օգնությունը, արդյո՞ք դպրոցները նախկինում հավաքվող 10 տոկոսը կրկին գանձեցին վճարունակ ծնողներից՝ անվճարունակների փոխարեն:

Տիկին Բախշյանը, ստացված արդյունքներն ամփոփելով, նշում է. «Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած փաստաթղթերից, ցավոք, այդ տեղեկատվությունը ստուգել չեմ կարող, քանի որ շատ դպրոցներ նույնիսկ չեն ներկայացրել իրենց տեղեկանքում, թե որքան գումար էր պետությունը նրանց հատկացրել: Իսկ թիվ 53 դպրոցը տեղեկանք է ներկայացրել, որ ինքը չի օգտվել այդ գումարից, քանի որ նախարարության հրամանը ուսումնական տարվա սկզբին չի եղել, դպրոցը տեղյակ չի եղել այդ մասին, ուստի ինքը մինչ այդ ծնողներից արդեն գումաները հավաքել ու փոխանցել է բանկի հաշվեհամարին: Իսկ ո՞վ է վճարել այդ դպրոցի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի գումարը: Չնայած դպրոցներ էլ կան, որ օգոստոսի 31-ին են գումարների հատկացման որոշումը կայացրել: Հարց է առաջանում՝ այդ դեպքում նրանք գանձե՞լ են դասագրքերի վարձավճարների 10 տոկոսը վճարունակ ծնողներից, թե՝ ոչ: Այստեղ կա նաեւ նախարարության մեղքը, քանի որ միայն հոկտեմբերի 14-ին է հրամանն արձակել, այն դեպքում, երբ 2009-ի նոյեմբերին հաստատվել էր 2010-ի  պետբյուջեն»:

Տիկին Բախշյանը Երեւանի քաղաքապետարանի  ներկայացրած փաստաթղթերին ծանոթանալով՝ եկել է հետեւյալ եզրակացության. «Ներկայացված փաստաթղթերում միայն տեսնեք, թե երեխաների անունների դիմաց ինչ բառերով է բնութագրվել նրանց սոցիալական վիճակը՝ որբ, նպաստառու, ուսուցչի  երեխա… Նման փաստաթղթերը սրտացավորեն,  զգուշությամբ ու հիմնավոր պետք է գրվեն, դրանք կարող է հայտնվեն տարբեր տեղերում: Պետությունը դպրոցներին հատկացրել է նաեւ տարբեր առարկաների գծով գունազարդ պաստառներ, հետաքրքիր է, արդյո՞ք դրանք ծառայել են իրենց նպատակին»: Ըստ ԿԳ նախարարի՝ հոկտեմբերին ստորագրած հրամանի՝ ԿԳՆ-ի եւ դպրոցի միջեւ կնքված պայմանագրով պետական մարմիններին հանձնարարվում է այս ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ մոնիթորինգ անցկացնել: Սակայն մինչ այժմ դա չի կատարվել: Տիկին Բախշյանը տեղեկացնում է, որ Երեւանի քաղաքապետը խոստացել է դա անել մարտի 1-ից հետո: ԱԺ պատգամավորը մի հետաքրքիր փաստ էլ է նկատել. «Այս տարեսկզբին քաղաքապետի հրամանով մի քանի տնօրեններ ազատվեցին աշխատանքից: Բայց այդ դպրոցների կողմից ներկայացված փաստաթղթերում շարունակվում են գրվել հեռացված տնօրենների ազգանունները: Օրինակ՝ թիվ 60, 156 դպրոցները»: Հանրակրթական ուսումնական հաստատություններում վճարովի  կրթական ծառայություններ իրականացնելու մասին 2010թ. նոյեմբերի 4-ի կառավարության որոշմամբ հաստատված կարգն էլ, Ա. Բախշյանի դիտարկմամբ, չի բխում «Հանրակրթության մասին» օրենքի նպատակից: Նա մանրամասնեց. «Օրենքի համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատությունները վճարովի հիմունքներով կարող են իրականացնել հանրակրթական եւ մասնագիտական լրացուցիչ կրթական  ծառայություններ:

Դպրոցների տնօրեններն իրենց ապահովագրելու համար ուսուցիչներին արգելում են մատուցել այդ ծառայությունը, որպեսզի դա չդիտվի դրամահավաքություն: Բայց այստեղ խոսքը տնօրենի գրպանը գնացող դրամահավաքի մասին չէ, այլ վճարովի ծառայություններ մատուցելու, որը նստելու է դպրոցի հաշվեհամարին, ինչպես գրված է կարգում: Մեր երկրում, ինչպես հաճախ է արվում, այս դեպքում էլ կարգը օրենքի տրամաբանությունից դուրս է: Կարգի կետերից մեկով սահմանված է, որ վճարովի լրացուցիչ կրթությունը նպատակաուղղված է հանրակրթական հիմնական ծրագրերից դուրս, կամավորության սկզբունքով ծառայություն մատուցելուն: Ինչո՞ւ են կարգում գրել հանրակրթական ծրագրերից դուրս, այն դեպքում, երբ օրենքը թույլ է տալիս վճարովի լրացուցիչ ծառայություններ մատուցել հանրակրթական ծրագրերի շրջանակներում: Մյուս կետի համաձայն՝ վճարովի հիմունքով լրացուցիչ կրթություն կարող են իրականացվել միայն տվյալ դասարանի առարկայացանկում չընդգրկված առարկաներից, ինչը եւս չի բխում օրենքի տրամաբանությունից: Սրա պատճառն այն է, որ կարգերը գրում են օրենքին չտիրապետող  մարդիկ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել