Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ամեն օր ապացուցել

Փետրվար 18,2011 00:00

Հարգանքն ու սերը զուտ անհատական  զգացմունքներ են

Ամեն օր կարելի է հանդիպել լուրերի, որ Արեւմուտքում այս կամ այն հանրաճանաչ երգիչը, սպորտսմենը, գրողը կամ որեւէ այլ մասնագիտության համաշխարհային դեմք հարկերը չմուծելու պատճառով զրկվել է տնից, կամ ստիպված է եղել հեռանալ երկրից, կամ էլ, վատագույն դեպքում՝ նրան դատում են: Այսպիսի լուրերը մեզ մոտ հետաքրքրություն են առաջացնում, զարմանալի են թվում, սակայն Արեւմուտքում այսպիսի բաների վրա չեն զարմանում:

Դեռեւս խորհրդային տարիներից Հայաստանում եւ Խորհրդային Միության մյուս հանրապետություններում (բացառությամբ երեւի մերձբալթյան երկրները) առաջացել է մի այնպիսի գիտակցություն, որ եթե որեւէ մեկը կյանքում մեկ անգամ դառնում է հանրաճանաչ, ապա մինչեւ կյանքի վերջ հասարակությունը «պարտական» է նրան:

40 տարի առաջ մի հաջողված բանաստեղծություն գրած մարդը կամ ծանրաձողը հաջող բարձրացրածը հետագա իր ողջ կյանքում պահանջում է, որ հասարակությունը իրեն «պահի», թոշակ տա, հրավիրի հեռուստատեսություն կամ ռադիո՝ իրենից հարցազրույցներ վերցնելու, հարկեր չմուծի, որոշ դեպքերում օրենքի հանդեպ արտոնյալ դիրք գրավի եւ այլն: Կարծես ստեղծվել է անձեռնմխելիների մի խավ, որոնց համար գործում են առանձին մաքսային, հարկային, քրեական եւ բոլոր տեսակի այլ օրենսգրքեր:

Այս ամենով էլ բացատրվում է տարաբնույթ ռազմա-սպորտա-մշակութային միությունների գոյությունը, որտեղ էլ իրենց պահանջատիրությունը մեծամասամբ ձեւավորում են վերոնշյալ տիպի բոլոր գործիչները եւ հարկատուների հաշվին փորձում տասնյակ տարիներ առաջ, արդեն մի քանի անգամ իրենց ստացածը եւս մեկ անգամ վերստանալ:

Իսկ ինչպես է հարցը կարգավորվում արտասահմանում. եթե մեկը հանրաճանաչ դեմք է դառնում, նա այդ պահին ստանում է եկամուտներ, եւ այդ եկամուտները ինչ-որ կերպ դնում է բիզնեսի մեջ, ու եթե հաջողակ է կազմակերպում իր գործունեությունը, ապա շահում է, իսկ եթե անհաջող, ապա ամեն ինչ կորցնում եւ ստիպված է լինում ամեն ինչ սկսել սկզբից: Օրինակ՝ Արեւմուտքում ապրած հայ համաշխարհային դեմքերից Վիլյամ Սարոյանը, լինելով ԱՄՆ ամենահայտնի գրողներից մեկը, լուրջ ֆինանսական խնդիրներ ուներ ու ստիպված էր մի քանի անգամ իր ապրած տունը վաճառել, նույնը Շարլ Ազնավուրը, որը ստիպված էր իր բնակության վայրը փոխել, որպեսզի ավելի քիչ հարկեր մուծի, էլ չեմ խոսում բազմաթիվ այն դեպքերի մասին, երբ շատ ու շատ հանրաճանաչ դեմքեր չքավորության մեջ են իրենց կյանքի վերջին տարիները ապրել:

Հայաստանի ու մեր երկրի նման երկրների դեպքում բարեբախտություն է համարվում, որ միայն անցյալում հաջողության հասած հանրաճանաչ դեմքերն են «հավակնություններ» ներկայացնում, բա որ սկսում են նաեւ նրանց զավակները, կանայք կամ ազգականները պահանջներ ներկայացնել, դա արդեն պետության բոլոր օրինական մեխանիզմների խաթարում է նշանակում: Արեւմուտքում հաճախ կարելի է հանդիպել, թե ինչպես նախկին նախագահների ազգականները դարձել են անտուններ կամ բանկրոտներ, քանզի պետությունները պարտավոր չեն նրանց պահել, միայն այն բանի համար, որ սրա կամ նրա զավակներն են:

Մեզ մոտ ամեն ինչ գլխիվայր է շուռ եկած եւ մեռած ու ողջ հանրաճանաչները քիչ էին, հիմա էլ նրանց մերձավորները հասարկությունից պահանջներ ունեն: Ես որեւէ խնդիր չունեմ մարդկանց կատարած սխրանքները կամ հայտնագործությունները բարձրաձայնելու կամ «նվիրյալ անձանց» մինչեւ իրենց կյանքի վերջ հարգելու ու սիրելու, սակայն դա չի նշանակում, որ նրանք որեւէ կերպ օրենքի հանդեպ ավելի շահավետ դիրք ունեն, քան այն մարդը, ով չի կարողացել լավ երգել կամ պարել:

Իսկ բոլոր հերոսները, հանճարները, չեմպիոններն ու տաղանդները, եթե ուզում են հարուստ ապրել ու չեն կարողացել ճիշտ բիզնես կազմակերպել, մինչեւ իրենց կյանքի վերջ ամեն օր պետք է աշխատեն: Իսկ հարգանքն ու սերը զուտ անհատական զգացումներ են, ու պետք չէ հասարակությանը պարտադրել՝ սրան կամ նրան հարգել կամ սիրել, կամ էլ այդ հարգանքը արտահայտել տալ դրամական փոխհատուցման տեսքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել