Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒՅԹԸ ՉՀԱԿԱԴՐԵՆՔ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ

Փետրվար 18,2011 00:00

\"\"Այն հեռուստահաճախականությունը, որով հեռարձակվում էր «Արարատը», «Շողակաթին» տրամադրելուն հաջորդեցին նման որոշման դեմ իրենց դժգոհությունը արտահայտող մի շարք մտավորականների հրապարակումներն ու ելույթները, թե փակվեց Հայաստանի միակ մշակութային ալիքը եւ այս հարցադրման ընդհանուր համատեքստի շրջանակում որոշակի հակադրություն ստեղծվեց մշակութայինի ու հոգեւոր-եկեղեցականի միջեւ՝ այն մեկնաբանությամբ, թե մշակույթը առավել լայն հասկացություն է անհամեմատ մեծ ընդգրկմամբ, իսկ «Շողակաթը» ավելի կրոնա-եկեղեցական ուղղվածություն ունի:

«Շողակաթի» հեռուստահաղորդումների բնույթը, ինչպես գիտենք, այնպիսին է, որ նա չէր կարող մասնակցել հայտարարված մրցույթին:

Պետական հեռուստաալիքը «Շողակաթին» տրամադրելը կարող է ունենալ տրամագծորեն հակառակ մեկնաբանություններ, որոնցից առաջինը լավագույնս արտահայտվել է հենց «Առավոտում», թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի խմբագրականի այն հարցադրմամբ, թե ոչ պետական հեռուստաընկերությանը ինչո՞ւ պետք է տրամադրել պետական ալիքը: Նման հարցադրումը հանգում է այն մտքին, որ քաղաքացիական հասարակությունում երբ հասարակության տարբեր անդամները տարբեր հոգեւոր համոզումներ ու ըմբռնումներ կարող են ունենալ, պետական միջոցներով հեռարձակվող ալիքը ինչո՞ւ պետք է տրամադրել եկեղեցու հետ կապված հեռուստաընկերությանը:

Միանգամայն հակառակ եզրակացությանը կարող ենք հանգել, եթե տեղի ունեցածին նայենք Ազգային եկեղեցու մեր ավանդական ըմբռնման տեսանկյունից եւ այն գիտակցմամբ, որ Հայոց եկեղեցին, ի տարբերություն Հայաստանում գործող կրոնական մյուս կազմակերպությունների, նաեւ միախառնված է մեր նկարագրին, ինքնությանը, պատմությանը ու մշակույթին:

Նման մոտեցման դեպքում կտեսնենք, որ սա ոչ միայն օրենսդրորեն, այլեւ Հայոց եկեղեցու հանդեպ մեր գիտակցության մեջ ամրակայված վերաբերմունքի արտահայտությունն է՝ դրսեւորված արդեն հեռուստատեսության բնագավառում:

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ սա նաեւ նվաճված իրավունք է, որին «Շողակաթը» հասել է տասնամյա իրապես տքնաջան եւ ստեղծագործական լարված ընթացքով:

Այս որոշման ընդդիմախոսները հիմնականում բերում են երկու փաստարկ. առաջին՝ որպես թե նման որոշմամբ մեր հեռուստաեթերը առավել անպաշտպան կդառնա ցուցադրվող սերիալների հանդեպ, այնինչ, ով գոնե մի քանի անգամ դիտել է «Շողակաթը», ապա պետք է խոստովանի, որ այս ալիքով երբեք սերիալային բնույթի ու բովանդակության ֆիլմեր չեն ցուցադրվել, այլ հակառակը՝ գլխավոր չափանիշը եղել է բարոյական արժեքներին ու գեղարվեստականությանը հետեւելը:

Երկրորդ՝ անկեղծորեն ցավ է հայտնվում, որ փաստորեն մենք կորցրինք մեր միակ մշակութային ալիքը: Որքան էլ որ մարդկայնորեն ու ստեղծագործական առումով կապված լինեմ «Արարատ» ալիքի աշխատակիցների հետ, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ կարճ ժամանակ անց հեռուստադիտողը կհամոզվի, որ ինքը ոչ թե կորցրել է մեր հանրապետության մշակութային միակ ալիքը, այլ հակառակը՝ գտել է այն «Շողակաթի» առավել լայն ընդգրկմամբ ու հեռարձակմամբ:

Ասվածը հիմնավորվում է հենց «Շողակաթի» հաղորդաշարերով, որոնք ըստ էության կարելի է բաժանել երեք խմբի. առաջին՝ զուտ կրոնա-եկեղեցական, որոնք քարոզչական ու տոնախոսական բնույթի են, ուր հիմնականում հոգեւորականների խոսքով մեկնաբանվում են Սուրբ գիրքը եւ եկեղեցական տոները:

Երկրորդ՝ հոգեւոր-եկեղեցական կյանքի հետ հարաբերվող պատմամշակութային ուղղվածություն ունեցող հաղորդաշարեր, ինչպես, օրինակ՝ «Սրբացված կաթողիկոսներ» եւ «Բռնադատված հոգեւորականներ» շարքերը: Հոգեւոր մշակույթն են ներկայացնում «Եկեղեցի եւ արվեստ», «Սրբազան անոթներ», «Պատկեր եւ խորհուրդ» ու մի շարք այլ հաղորդաշարեր, որոնցում բացատրվում է եկեղեցու հանդերձների եւ սպասքի, միջնադարյան պատկերագրությանը վերաբերող տարբեր հարցեր, որոնք, ի դեպ, ելակետային կարեւորություն ունեն հենց մշակույթի համար, քանի որ արվեստը եւ մշակույթը անընդհատական մի ընթացք են եւ առանց այս շղթայի նախորդ օղակների իմացության՝ խզվում է ժառանգորդության կապը եւ 19-րդ ու 20-րդ դարերի մշակութային շատ իրողություններ ուղղակի անընկալելի են դառնում: Այնինչ, այսօր նկատելի մի խզում կա մեր ներկայի ու անցյալի մշակույթի միջեւ: Գիտելիքների տարրական չիմացությունը հանգեցնում է ամենատարբեր, արտառոց եւ անհեթեթ մեկնաբանությունների, որոնք յուրօրինակ մշակութային աղանդավորության են վերափոխվում, քանի որ աղանդավորությունը ինքը հիմնված է անցյալի ավանդույթը անտեսելու եւ եղած արժեքների կամայական, ոչ կանոնիկ մեկնաբանությունների վրա: Եվ վերջապես, «Շողակաթի» երրորդ խմբի հաղորդաշարերը՝ «Թանգարաններ», «Համաշխարհային մշակույթի գանձերը», «Խեցեգործություն», «Ազգային նվագարաններ», «Երրորդ հազարամյակ», արդեն եթե կարելի է այդպես ասել, մաքուր աշխարհական բնույթի մշակութային եւ գիտա-ճանաչողական բնույթի են: Այնպես որ, մշակութային մտահոգություններով առաջնորդվողները պետք է միայն ողջունեն ընդունված որոշումը:

Այստեղ, սակայն, իհարկե կա «Արարատի» աշխատակիցների հետագա աշխատանքի բարոյական եւ սոցիալական բնույթի հարցը, այն մարդկանց հարցը, ում կյանքը իրապես կապված է հայկական հեռուստատեսության հետ, ովքեր վերջինիս չեն դավաճանել անցած դժվարին տարիների ընթացքում: Այս հարցն է, որ ինչ-որ ձեւով պետք է լուծվի, քանի որ ստեղծագործող մարդու համար հեռուստատեսությունը միայն աշխատանք ու աշխատավարձ չէ, այլ կեցության ձեւ:

Այս առումով հուսանք, որ «Արարատի» կենսունակ հաղորդումները տեղ կգտնեն «Հ1»-ում եւ մյուս ալիքներում եւ նույնը կվերաբերվի նաեւ աշխատակիցների զբաղվածության հարցին: Ամփոփելով, որպես մեր տեսակետ եւ կարծիք՝ ասենք, որ այս հաճախականությունը «Շողակաթին» տրամադրելով՝ եթերը ոչ միայն առավել է մշակույթով լցվում, այլեւ հեռուստատեսային առավել լայն ընդգրկում ունեցող լսարանը հնարավորություն կունենա տեսնելու եւ գնահատելու անհամեմատ բարձրարվեստ եւ գեղեցիկ ձեւավորումներով հաղորդումներ, որը վստահաբար նոր որակ եւ չափանիշներ է հաղորդելու հայկական հեռուստաեթերին:

Պատահական չէ, որ բազմահազար մարդիկ, ովքեր այսօրվա մեր կյանքում հոգնել են թե այդքան չարչրկված սերիալներից եւ թե հասարակական-քաղաքական անբովանդակ քննարկումներից եւ փոխադարձ ճղճիմ մեղադրանքներից, հանգստություն են գտնում հենց «Շողակաթը» դիտելիս եւ եթե հասարակական կարծիքը, դիմում-բաց նամակները որեւէ ներազդող ուժ ունեն եւ պետք է հաշվի առնվեն, ապա հարկավոր է հաշվի առնել նաեւ բազմահազար այն հեռուստադիտողների կարծիքը եւ ցանկությունը, ովքեր թեեւ չեն խոսում մշակույթի մասին, սակայն իրապես ծարավի են բարձրարվեստ եւ մաքուր մշակութային հաղորդումների ու ընդհանրապես խոսքի:

ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ

<Առավոտի> կողմից- Մայր աթոռը ցինիկաբար, առանց որեւէ մեկին զգուշացնելու, զավթեց պետական ալիքին պատկանող հաճախականությունը՝ դրանով իսկ փողոց շպրտելով մի քանի տասնյակ մարդու: Եվ այս դեպքում ամենեւին կարեւոր չէ, թե ինչ հաղորդումներ է ցուցադրում զավթիչը:  Հայտնի է, որ հեռուստատեսության աշխատողները իրենց հոնորարը ստանում են այն ժամանակ, երբ նրանց հաղորդումը եթեր է դուրս գալիս: Իսկ 2011թ.հունվարի 21-ից առայսօր <Արարատի> որեւէ ստեղծագործական խմբի որեւէ հաղորդում եթեր դուրս չի եկել: Եկեղեցականները, այդպիսով, մարդկանց <հացին վայիս եղան>: Իսկ դրան  ոչ արդարացում կա, ոչ ներում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել