Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փող՝ գումարած գիտելիքներ

Փետրվար 18,2011 00:00

Ըստ ՀՀ սփյուռքի եւ էկոնոմիկայի նախարարների, Հայաստանը պետք է սփյուռքահայերի կարծիքը հաշվի առնելով բարելավի բիզնես միջավայրը եւ խրախուսի սփյուռքի բիզնես-ծրագիր ներդրումները:

\"\"Ապրիլի 29-ին եւ 30-ին Երեւանում կանցկացվի առեւտրաարդյունաբերական էթնիկ պալատների (հայ-սիրիական, հայ-չեխական, հայ-հնդկական եւ այլն) ղեկավարների համաժողով՝ ուղղված Հայաստան-Սփյուռք գործարար կապերի զարգացմանը: Նախաձեռնության հեղինակը հայ-կանադական պալատն է: Համաժողովի կազմակերպման եւ անցկացման հարցերը քննարկվեցին երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում: Հավաքին մասնակցում էին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահները:

1999 թվականից անցկացվել են Հայաստան-Սփյուռք գործարար համաժողովներ եւ 1999 թվականից բազմաթիվ անգամ կարծիքներ են հնչել, որ այդ համաժողովների արդյունքները առանձնապես տեսանելի չէին: Տիգրան Դավթյանը համաձայն չէ այս գնահատականին: «Երեւացին այդ համաժողովների հետեւանքները: Այսօր ունենք օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ 4000 ընկերություն, որի մոտ 85 տոկոսը այս կամ այն ձեւով սփյուռքի մասնակցությամբ է: Կարող էր լինել ավելի շատ, բայց արդյունքները տեսանելի են: Հայաստան-Սփյուռք տնտեսական ներուժը շատ ավելին է, քան ունենք այսօր: Մեր խնդիրն է այդ ներուժը ներգրավել, վերացնել արգելքները, որ կարողանանք առաջիկա մեկ-երկու տարում ներդրումների ծավալը մեծացնել»,- հայտարարեց Տիգրան Դավթյանը: Հրանուշ Հակոբյանն էլ հավելեց, որ «կա մասնագիտական գնահատական, որ սփյուռքի հնարավորությունների միայն 10 տոկոսն է օգտագործվում: Եկենք խոսենք ոչ միայն չկայացած ձեռնարկների, այլ նաեւ կայացածների մասին՝ Էռնեկյան, Թուֆենկյան, Գաֆեսջյան, ամբողջ շինարարությունը: Մենք չենք կարողանում լավ օրինակները ճիշտ ներկայացնել սփյուռքին: Այսօր պետական քաղաքականություն է. մենք սփյուռքահային ասում ենք, ոչ միայն բարեգործություն: Թող սփյուռքահայը ներդրում անի, աշխատատեղեր ստեղծի, բիզնես, շահույթ եւ եկամուտ ունենա: Պետք է օգտագործենք ոչ միայն սփյուռքահայերի ֆինանսները, այլ նաեւ՝ գիտելիքները»:

Մինչ սփյուռքահայերը կմտածեն ներդրումներ անել-չանելու մասին, տեղացի շատ գործարարներ իրենց բիզնեսը տեղափոխում են հարեւան Վրաստան, սփյուռքահայ Քըրք Քըրքորյանն էլ, որ Հայաստանին հարյուրավոր միլիոններ է նվիրել, 200 միլիոն դոլար նվիրեց ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի մի համալսարանի: Այս պայմաններում Հայաստանը ինչպե՞ս է սփյուռքահայ գործարարին ապացուցելու, որ մեր բիզնես միջավայրը լավն է: Մեր այս հարցին էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը պատասխանեց, թե հեղինակավոր կազմակերպությունների գնահատականով, Հայաստանի գործարար միջավայրը լավն է, մենք աշխարհի 160 երկրների մեջ 5-րդ տասնյակում ենք՝ 46-48 տեղերում: «Ուրիշ բան է, որ մենք ձգտում ենք ունենալ ավելի լավ գործարար մթնոլորտ: Մեր ցանկություններն ու ձգտումներն ավելի շատ են: Տարածաշրջանում ունենք մրցակից՝ Վրաստանն է, որ բավականին լուրջ առաջընթաց ունի: Այս մրցակցային վիճակը երկու երկրների համար էլ խթանիչ է: Վրաստանը լուրջ հաջողություններ ունի, մենք էլ ունենք այդ հաջողությունները: Լուրջ փոփոխություններ ենք արել, անում եւ անելու ենք, որ գործարար մթնոլորտ բարելավվի: Ողջունելի է, որ համեմատվում ենք Վրաստանի հետ, Վրաստանը ունի աննախադեպ առաջընթաց: Մեզ մոտ արդեն բարեփոխումներ արվել են՝ հաշվետվությունների ներկայացման ժամկետների եւ հարկային վճարումների կրճատում, ծագման սերտիֆիկատների ընթացակարգերի բարելավում, էլեկտրոնային հայտարարագրերի համակարգի ներդրում, ձեռնարկությունների գրանցման համար մեկ պատուհանի սկզբունքի կիրառում: Սա արվել է եւ առաջիկա ամիսներին ավելի նկատելի կլինի արդյունքը: Մնացած երկրներն էլ տեղում չեն կանգնում, մենք պետք է փորձենք ավելի արագ բարելավել իրավիճակը, քան մեր հարեւանները, որ կարողանանք առաջ գնալ»:

Հրանուշ Հակոբյան էլ նկատեց, որ մենք մեր գործարար միջավայրը ինչպես հարկն է չենք ներկայացրել սփյուռքահայերին, նրանք էլ մեր օրենքներին լավ տեղյակ չեն: Վրաստանի մասին խոսելով էլ պետք է նկատի ունենանք, թե ինչ ներդրումներ են գալիս Վրաստան եւ օգտագործենք մեր սփյուռքը, որ նման ներդրումներ գան նաեւ Հայաստան, ասաց սփյուռքի նախարարը: «Մեր մեծ բարերար, հայ մեծ մարդ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը գործեց մոտ 10 տարի, միլիոնավոր դոլարների ներդրումներ արեց Հայաստանում, հիմնականում՝ բարեգործություն: Ամեն մարդ ինքն է որոշում ինչպես տնօրինել սեփական գումարները: Հիմնադրամը փակելու մասին որոշում կայացնելուց հետո նա գումարը հայկական դպրոցներին եւ հայկական կառույցներին հատկացրեց: Իսկ Կալիֆոռնիայի այն համալսարանում, որին բարերարը տվեց իր գումարները, սովորում են հազարավոր հայեր եւ կա հայագիտական հզոր կենտրոն»,- տեղեկացրեց Հրանուշ Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել