Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՉԻՄԱՑՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 18,2011 00:00

Հիվանդը պնդում է, որ տուժել է բժիշկների անտարբեր ու անփույթ վերաբերմունքի պատճառով, բժիշկները պնդում են, որ հիվանդը թաքցրել է իր հիվանդության պատմությունը:

Վանաձոր քաղաքի Տավրոսի թաղամասի բնակչուհի Հրանուշ Մխիթարյանի ընտանիքն արդեն մի քանի ամիս հսկայական գումարներ է ծախսում դեղորայք գնելու եւ Վանաձոր-Երեւան ճանապարհը հաղթահարելու համար: Հրանուշ Մխիթարյանը դեռեւս 2009 թ. ապրիլին աջ ոտքի սուր ցավերով դիմում է թաղամասային թիվ 5 պոլիկլինիկա, որտեղ, հիվանդի հավաստմամբ, բուժող բժիշկը, առանց ախտորոշման, առանց ցավի պատճառը պարզելու՝ անորոշ բուժումներ է նշանակում եւ կատարում շուրջ 1,5 տարի՝ մինչեւ 2010 թ. օգոստոս: Տեսնելով, որ վիճակն օր օրի վատթարանում է, Հրանուշ Մխիթարյանը, անձնական նախաձեռնությամբ, առանց բժշկի ուղեգրի, ռենտգեն հետազոտման է գնում, որից պարզվում է, որ սրունքի ոսկորը փխրվել է: Հետո դիմում է մայրաքաղաքի ուռուցքաբանության ինստիտուտ, որտեղից պատասխանում են, թե հիվանդությունը չէր խորանա, եթե շուտ ախտորոշվեր: Հրանուշի ամուսինը՝ Գորիկ Մխիթարյանը պնդում է, որ կնոջ հիվանդությունը բժիշկների անտարբերության ու քմահաճության արդյունքն է: «Գնացել եմ տեսել՝ դուռը փակ, ներվապատալոգը չկա ու չկա, բարձրացել եմ տնօրենի մոտ, որտեղից նրան գտել, բերել են, շատ արագ նայել է, անտարբերությամբ ու արհամարհանքով գրել, թե էս է՝ վերցրեք գնացեք»,- բժիշկների վերաբերմունքից վիրավորված՝ պատմում է Գորիկ Մխիթարյանը: 2010թ. օգոստոսին Հրանուշ Մխիթարյանին մայրաքաղաքում վիրահատել են: «Ծնկից մինչեւ վերեւ ոսկորը հանել են, միացրել խողովակով, որն անընդհատ փոխելու, բուժելու կարիք ունի»,- պատմում են Մխիթարյանները եւ հավելում, որ ամեն ամիս դեղորայքի համար 300 հազար դրամ են ծախսում:

Հիպոկրատի երդմանը ոչ հարիր վերաբերմունքի արժանանալով եւ համոզված լինելով, որ բժիշկները չարաշահում են իրենց դիրքը, Մխիթարյան ամուսինները դիմում են Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին եւ պատմում իրենց գլխին եկածը: Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունում կազմակերպվում է քննարկում՝ բուժհաստատության տնօրենի եւ բժիշկների մասնակցությամբ: Արդյունքում համաբուժարանի տնօրենի 2010 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 198 հրամանով թաղամասային թերապեւտներ Նարինե Խերիմյանին, Նաիրա Լորիս Ռուսսոյին, նյարդաբան Ալվարդ Կոստանդյանին հայտարարվում է խիստ նկատողություն՝ մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար: Տնօրենը նաեւ որոշել է այս երեք բուժաշխատողներին այս տարի գործուղել վերապատրաստման:

Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լուսինե Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հրանուշ Մխիթարյանը 5 տարի առաջ վիրահատվել է (կրծքագեղձի ուռուցք), որի մասին, սակայն, չի ասել համաբուժարանի աշխատողներին եւ «թաքցրել է ուռուցքաբանության ինստիտուտի տված հիվանդության թերթիկը՝ այն չի ներկայացրել թաղամասային պոլիկլինիկա»: Լուսինե Խաչատրյանը զարմանում է՝ եթե հիվանդը բժշկից թաքցնելու է իր հիմնական հիվանդությունը, չի ներկայացնելու հիվանդության պատմությունը, էլ ո՞ւմ պետք է պատմի: Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետի կարծիքով, տեղի ունեցածում թաղամասի բժիշկները մեղավոր չեն. «Նրանք մեղավոր են միայն նրա համար, որ չեն պահանջել էպիկրիզը»:

Թիվ 5 պոլիկլինիկայի տնօրենը եւս կարծում է, որ իր աշխատողները մեղք չունեն: Թաղամասային բժիշկներն ինչ իմանան՝ ինչ է կատարվում հիվանդի հետ, հիվանդության պատմությունը ներկայացնելը թաղամասային բժշկին հիվանդի պարտականությունն է, հատկապես որ՝ վիրահատվել է մայրաքաղաքում: Հարյուրավոր մարդիկ վիրահատվում ու բուժում են ստանում արտասահմանում, բայց ներկայացնում են իրենց հիվանդության ողջ ընթացքն ու պատմությունը: «Դա էն հիվանդությունն է, որ մետաստազները կարող են արտահայտվել տարբեր տեղեր, բժիշկը առաջին օրը պիտի իմանար դրա մասին, ես գնամ այլ հանրապետությունում վիրահատվեմ, գամ իմ բժշկի վրա մեղքը բարդե՞մ»,- ասաց տնօրենը: Նյարդաբան Ալվարդ Կոստանդյանն էլ նկատեց. «Ես նյարդաբան եմ, ինձ ասել է՝ ցավում է, առաջին բուժօգնության համար ցավազրկող եմ նշանակել, ես որտեղի՞ց իմանայի, որ մարդը ուռուցքով հիվանդ է, պատահական է պարզվել՝ զննման ժամանակ»:

Բժիշկների այս պարզաբանումները չի ընդունում Գորիկ Մխիթարյանը, նա պնդում է, որ Էպիկրիզը հենց նույն օրն է նրանց հանձնել, անկետայի վրա էլ գրված է «օնկո», ինչը նշանակում է, որ իր կինը ուռուցքով հիվանդ է: Նա վստահ է, որ իր կինը տուժել է ոչ այնքան բժիշկների չիմացության, որքան անտարբեր ու անփույթ վերաբերմունքի պատճառով:

Գորիկ Մխիթարյանին չի գոհացնում նաեւ, որ հարցը լուծվել է բժիշկներին արված՝ մարզպետարանի առողջապահության վարչության հայտարարած խիստ նկատողությամբ: Նրա կարծիքով, բժիշկները քրեորեն պատժելի արարք են թույլ տվել. «Ես պահանջելու եմ, որ նրանք պատասխան տան ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Պատիժը՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով- խմբ.), նրանց անզգուշությունն ու անտարբերությունը կնոջս նման վիճակի մեջ են գցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել