Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարզպետարանի աշխատակցի արձագանքը

Փետրվար 18,2011 00:00

«Նախ ասեմ, որ սա խիստ անձնական հարց է եւ ոչ մի կապ չունի իմ աշխատանքային գործունեության հետ: Ես ոստիկանություն եմ դիմել՝ որպես շարքային քաղաքացի»,- արձագանքելով «Առավոտում» (28.01.2011թ.) տպագրված «Շփվել է տոկոսով. երեխաների պաշտպանի դեմ» հրապարակմանը՝ գրում է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բասժնի պետ Լուսինե Գինոսյանը:

Անդրադառնալով իր եւ քաղաքացի Ռուզան Ադանալյանի վեճին, վերջինիս կողմից մարզի դատախազին ուղղված նամակին, որն առնչվում է տոկոսով գումար եւ ոսկեղեն ստանալուն, քրեական գործ հարուցվելուն, տիկին Գինոսյանը տեղեկացնում է. «Ռուզան Ադանալյանը՝ չարաշահելով իմ վստահությունը, իմ ընտանիքին հասցրել է մեծ չափերի վնաս: Սակայն անգամ այս դեպքում, մտածելով, որ կին է, մայր, ընդառաջել եմ, պայմաններ ստեղծել, որ թեկուզ մաս-մաս, չնչին գումարներով մարի իր պարտքը»:

Լ. Գինոսյանը հայտնում է նաեւ, որ ոստիկանությանն է դիմել 1 տարի 3 ամիս հետո միայն, եւ «գերմարդկային վերաբերմունքի դրսեւորումները որեւէ արդյունքի չեն հանգեցրել: Ես համոզվեցի, որ ինձ մոլորության մեջ գցել եւ կողոպտել է արհեստավարժ խարդախը: Ցավոք, տուժողներից շատերը չեն դիմել ոստիկանություն, տղամարդիկ ամաչում են, որ խաբվել են, այն էլ մի կնոջից, կանայք էլ ոստիկանությունում փաստաթղթային երկարատեւ գործընթացից են խուսափում»: Մարզպետարանի աշխատակիցը հայտնում է, որ դիմել է Շիրակի մարզի դատախազին, որպեսզի «գործին կցվեն Ադանալյանի մասին արխիվային փաստաթղթեր»:

Հիշեցնենք, որ Ադանալյանն իր հերթին դիմել էր մարզի դատախազին. 9 ամիս առաջ քրեական հետապնդում է սկսվել նրա նկատմամբ: Ադանալյանը պնդում է, որ մարզպետարանի աշխատակցի պատճառով վաճառել է իր տնակը՝ չկարողանալով նրա տոկոսները մարել:

Այս գործն այնքանով էր ոչ անձնական, քանի որ ահազանգ էինք ստացել, թե մարզպետարանի աշխատասենյակում է տիկին Գինոսյանը տոկոսով գումար տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել