Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գյումրին Եգիպտոսի է վերածվում

Փետրվար 18,2011 00:00

Եվ այս պրոցեսն արագանում է շնորհիվ  հայրենի ոստիկանների

\"\"Երեկ վրացական պետհամարանիշ ունեցող մեքենաների վարորդները նախատեսել էին իրենց բողոքի ակցիան անցկացնել կառավարության շենքի դիմաց, սակայն վաղ առավոտյան ոստիկանները, շրջափակելով Գյումրու կենտրոնական՝ Սայաթ-Նովայի փողոցը, ոչ միայն ձախողեցին վարորդների խաղաղ երթը, այլեւ կաթվածահար արեցին ամբողջ քաղաքի երթեւեկությունը ու գյումրեցիներին ինքնաբուխ հանրահավաքի մղեցին: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների այն հարցին, թե ո՞վ է ոստիկաններին հրահանգել փակել փողոցը, վերջիններս արդարանում էին, թե «ռադիոկապով» իրենց այդպես են հրամայել: Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ օրը ոստիկանները ահաբեկել էին վրացական պետհամարանիշ ունեցող մեքենաների վարորդներին, մեր տեղեկություններով՝ Ջաջուռի ճանապարհին նույնիսկ ոմանց ծեծել են, այդ պատճառով էլ մեքենատերերից շատերը խուսափել էին ներկայանալ: Ստեփան Սաֆարյանի՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված զանգն էլ չօգնեց իրավիճակը փոխելու համար: Պարզվեց, որ ՀՀ ոստիկանապետն ու Շիրակի մարզային ոստիկանապետը մասնավորապես անդրդվելի էին եւ վերջին հաշվով իրենց ապօրինի գործողություններով հանգեցրին նրան, որ ամբողջ Գյումրին դուրս եկավ Թատերական հրապարակի տարածք՝ «Վեգա» խանութի դիմաց հանրահավաք անցկացնելու: Նույնիսկ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ու «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները ստիպված եղան բացօթյա մամուլի ասուլիս տալ «Վեգա» խանութի դիմաց: «Դուք հայոց ազգի կառավարություն չեք, հայոց աշխարհի մասին մի բարբառեք, Աստծո սիրուն, ամոթ է, դուք ընդամենը կոալիցիայի մի խումբ պատգամավորների, մի խումբ օլիգարխների ուղղակի մենեջեր եք, դուք իշխանություն չեք, դուք երկրի օրինական, հարգանք վայելող իշխանություն չեք: Ոստիկաններով ուղղակի երկար չեք աշխատի»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Վերջինս ապշել էր, որ քաղաքը ոտք է առել- գնում է, սակայն ոչ քաղաքապետը, ոչ էլ մարզպետը տեղներից չեն շարժվում: «Թվում է, թե գործ ունենք անիշխանության հետ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Վերջինս ստիպված եղավ հիշեցնել նաեւ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումները, թե իր պաշտոնավարման օրոք յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք պետք է ունենա բնակարան ու մեքենա, իսկ հիմա ամեն ինչ անում են նրանց երկընտրանքի առջեւ կանգնեցնելու համար: «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ հայտարարեց. «Էս ռեժիմը վախենում է 7-8-10 ավտոմեքենաների բողոքի երթից, սրանք երեւի Եգիպտոսից են վախենում եւ այլն, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սրանցից յուրաքանչյուրը, ով պատասխանատու է էս այլանդակությունների համար, պիտի նստի, դատվի, էս իշխանությունը կլինի, թե հաջորդը, չմտածեն, թե սա իրենց ներվելու է: Մեր քաղաքի մեջ նման բռնաբարություն կազմակերպելու ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է Հայաստանի ոստիկանապետի եւ Շիրակի մարզային վարչության պետի վրա»: Ինքնաբուխ հանրահավաքը շարունակվեց մինչեւ ուշ ժամ, «Ժառանգություն» խմբակցության գրեթե բոլոր պատգամավորների՝ ոստիկաններին ուղղված բացատրական աշխատանքները, թե իրենց կատարածը հանցագործություն է, եւ այսպիսի գործողությամբ ժողովրդին բունտի են մղում, այդպես էլ տեղ չհասավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել