Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փաշինյանի նամակները չեն ուղարկվում

Փետրվար 18,2011 00:00

\"\"Իսկ արդարադատության նախարարությունը դիտորդական խմբի հաշվետվությանը պատասխանում է «պրես-ռելիզ»-ով:

Փետրվարի 14-ին իրավապաշտպան Արթուր Սաքունցի նախագահությամբ կազմված անկախ դիտորդական խումբը հաշվետվություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ նվիրված «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին աշխարհի հետ շփման՝ նամակագրության եւ ՔԿՀ-ի վարչակազմի միջոցով դիմումների ներկայացման իրավունքի իրացմանը: Հաշվետվության մեջ ասվում է, որ 2011թ.-ի հունվարի 9-ի կատարած իրենց առաջին այցի ժամանակ դիտորդական խումբը պարզել է, որ «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող Նիկոլ Փաշինյանը առնվազն 10 նամակ է հասցեագրել «Հայկական ժամանակ» թերթի խմբագրություն, որոնցից ոչ մեկը չի ուղարկվել, եւ նշված նամակները պահվել են «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմի մոտ: «Բնականաբար այդ նամակները ոչ մի տեղ չեն էլ գրանցվել: Սկզբում Նիկոլ Փաշինյանը հանձնել է վարչակազմին, որ նա գրանցի: Սակայն նրանք չեն գրանցել եւ այս պահին ներկայացնում են այնպես, իբրեւ նամակներ չեն հանձնվել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց անկախ դիտորդական խմբի նախագահ Արթուր Սաքունցը: Արդարադատության նախարարությունը այդպես էլ պատասխան չի ուղարկել դիտորդական խմբին: «Ըստ կարգի՝ փոխանակ 3 օրվա ժամկետում մեր հրատապ հաշվետվությանը արդարադատության նախարարի կողմից պատասխան ստանայինք, երեկ մամուլով հրապարակվում է քրեակատարողական վարչության հաղորդագրությունը, եւ քանի որ պատասխան չունենք, մենք հրապարակայնացնում ենք այս հաշվետվությունը: Բնականաբար մեր քայլը եւս պետք է լինի ադեկվատ»,- ասաց անկախ դիտորդական խմբի նախագահը: Դիտորդական խմբին անհանգստացրել է նաեւ այն հանգամանքը, որ իրենց այցելությունից հետո Նիկոլ Փաշինյանի բանտախուցը խուզարկել են: «Նիկոլ Փաշինյանը ինձ անձամբ է հայտնել դրա մասին: Այսինքն՝ վարչակազմը մտածել է, որ մեր խումբը փորձել է կամ կարող էր ինչ-որ բան փոխանցել: Սա ճղճիմ փորձ է՝ ստվեր գցել մեր գործունեության վրա»,- ասաց Արթուր Սաքունցը: Ըստ նրա՝ այս քայլը եւս խոսում է նրանց ոչ բարոյական գործելակերպի մասին: Դիտորդական խումբը հայտարարեց, որ չնայած ամեն ինչի, իրենք շարունակելու են իրենց գործունեությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել