Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-2

Փետրվար 18,2011 00:00

«Շանթին» լսելը ըդիկ նույնն է, ինչ-որ մաշկիդ վրա զգաս»,- այս կարծիքը ներառված է հեռուստաընկերության մրցութային առաջարկում:«

\"\"
Շանթի» ղեկավար Արթուր Եզեկյանը՝ մրցութային առաջարկը ներկայացնելիս:

Թիվ 2 մրցույթի միակ մասնակիցը՝ «Շանթ» հեռուստաընկերությունն իր առաջարկում ներկայացրել է բավական հավակնոտ ծրագրեր. «Մոտակա 10 տարիների ընթացքում պլանավորվում է դարձնել «Շանթը» համահայկական, միջազգային ճանաչում ունեցող հեռուստաընկերություն: Հաստատվել միջազգային հեռուստաշուկայում՝ որպես հեռուստածրագրեր եւ ֆորմատներ մատակարարող ընկերություն: Ներկայացնել աշխարհում Հայաստանն ու հայ ժողովրդին արժանավայել եւ պատշաճ կերպով»:

Անդրադարձ կա հեռուստաընկերության անցած ուղուն. «Տարածաշրջանի առանց այն էլ անհաղթահարելի տնտեսական դժվարություններից բացի՝ «Շանթը» ստիպված եղավ հաղթահարել նաեւ մի շարք արհեստականորեն ստեղծված դժվարություններ, որոնցից յուրաքանչյուրն էլ կարող էր ճակատագրական դառնալ «Շանթի» գոյության համար:

Տեղական հարկային մարմինների ստուգումները 1996 եւ 1998 թվականներին, որոնցից յուրաքանչյուրը տեւեց շուրջ 1 տարի՝ արգելափակելով ֆինանսական հոսքերը, եւ երկու դեպքում էլ հնարավոր եղավ հաղթահարել միայն Հանրապետական Հարկային տեսչության միջամտության շնորհիվ:

1999թ. դեկտեմբերին, Ամանորի օրերին, կապի նախարարության եւ Գյումրիի հեռուստահաղորդիչ կենտրոնի նախաձեռնությամբ հեռարձակման անջատումը շուրջ 10 օրով վարձավճարի գանձման պատրվակով: Վարձավճարի անհավանական բարձր սակագինը մարզային հեռուստաընկերությունների համար հետագայում վերանայվեց միայն ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ուսումնասիրություններից հետո»: Այս տողերը կարդալիս «չարյաց փոքրագույնը» սկզբունքով երանի ես տալիս, որ եղել են ժամանակներ, երբ եթե իշխանության մի թեւը նեղում էր ԶԼՄ-ին՝ գտնվում էին իշխանական այլ մարմիններ, որոնք նաեւ պաշտպանում էին նրան: Հետագա տարիներին իշխանությունը դարձավ այնքան միատարր, որ ո՛չ «Ա1+»-ին, ո՛չ «Գալա»-ին նման աջակցություն ցուցաբերելու հանդգնություն չունեցավ պետական որեւէ կառույց:

Իր ներկա լրատվական քաղաքականությունը «Շանթը» բնորոշել է այսպես. «Իր ուղղվածությամբ ձգտում է պետականամետությունը համատեղել անկողմնակալության հետ»: Նաեւ վստահություն է արտահայտված. «Այժմ թե՛ տեխնիկական, թե՛ տաղավարային, թե՛ լրատվության մատուցման ընդգրկունության եւ թե՛ մյուս իմաստներով «Շանթի» լրատվությունը հարում է համաշխարհային հեռուստատեսային առաջատարների չափանիշներին»: Հուսանք, որ երբ հեռուստաընկերության լրատվությունը ոչ միայն կհարի, այլ նաեւ կհամապատասխանի համաշխարհային չափանիշներին՝ «Շանթի» լրատվության համար չեն լինի արգելված թեմաներ կամ գործիչներ:

Հեռուստաընկերության մրցութային առաջարկում բավական ստվար ծավալ է կազմում թեկուզ եւ հիմնավոր, բայց ինքնագովազդը. անգամ ներառել են «Շանթի» 15-ամյակի առիթով հայտնած կարծիքների սղագրությունը: Եվ առաջինը մեջբերված է ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի գնահատականը, հետո նոր, ասենք, Միխայիլ Շվիդկոյի կամ Հրանուշ Հակոբյանի կարծիքները: Սակայն ավելի ուշագրավ են, ինչպես ձեւակերպված է՝ «պատահական քաղաքացիների» կարծիքները. Երեւանից՝ «Մարդկային բոլոր հատկանիշները ունի», «Կայացած ա…», Լոս Անջելեսից՝ «Շատ աղվոր օրգանիզեյշն է, շատ աղվոր կազմակերպված է, շատ աղվոր փրոգրամներ ունի», «Ամեն ինչը լավա, նյուզ շատ լավա, էտ կինոները շատ լավա, իսկապես լավա», Գյումրիից՝ «Շանթին լսելը ըդիկ նույնն է, ինչ-որ մաշկիդ վրա զգաս», «Նախաձեռնող ջիղ ունի իր մեջ», Արմավիրից՝ «Ընդհանրապես ես ինչքան միացնեմ, «Շանթն» եմ միացնում (երեկոյան կողմ ենք, էլի, միացնում)», Գավառից՝ «Առողջ, առողջ դաստիարակչական նպատակներ է հետապնդում» եւ այլն: Մնում է գուշակել, թե այս ամենն ինչպես է առնչվում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն հաղթողին որոշելու չափանիշներին:

Մեջբերենք ներդրումային ծրագրից. «10 տարիների ընթացքում նախատեսվում է կատարել հետեւյալ կապիտալ ներդրումները՝ շենքային պայմանների ընդարձակման եւ բարեկարգման նպատակով 2 մլն ԱՄՆ դոլար, տեխնիկական վերազինման նպատակով՝ 5 մլն դոլար, մասնագետների վերապատրաստման համար՝ 500 հազար դոլար, արտաքին շուկայում մարքեթինգային նպատակների համար՝ 500 հազար դոլար»: Չնայած «Շանթի» բաժնետերերի փոփոխության վերաբերյալ զանազան լուրերին՝ առաջարկում նշված է. «Ընկերությունն իր ինքնուրույնության պահպանման նպատակով գերադասեց իր միջոցները վաստակել միայն սեփական աշխատանքով, առանց արտաքին հավելյալ միջոցներ ներգրավելու, չնայած տարբեր ժամանակաշրջաններում ունեցած ֆինանսական եւ տեխնիկական դժվարություններին»: Եվ վերոնշյալ ներդրումներն էլ «կատարվելու են աստիճանական, սեփական միջոցներով, համաձայն ֆինանսական պլանավորման: Առավել հրատապ դեպքերում նախատեսվում է նաեւ վարկային միջոցների ներգրավում»: Որեւէ ֆինանսական փաստաթուղթ կցված չէ՝ միայն շուկայի վերլուծություն է, ըստ որի՝ առաջիկա 10 տարիներին սպասվում է ընկերության եկամուտների աճ, մասնավորապես, ներքին շուկայում գովազդին հատկացվող միջոցների աճի շնորհիվ եւ միջազգային շուկայում արտադրանքի իրացմամբ:

Ի՞նչ հիմքեր ունի «Շանթը» հուսալու, թե գովազդին հատկացվող միջոցներն աճելու են, մանավանդ այն պայմաններում, երբ հենց առաջարկում են նշված տվյալներ, որ թեեւ 2008 թվականի դեկտեմբերին «Որոգայթ» սերիալի ընթացքում գովազդի ցուցադրման գները հասել են ռեկորդային ցուցանիշի՝ 360 հազար դրամի, սակայն դրանից հետո խիստ նկատելի անկում է եղել. «Գովազդային շուկայի զարգացման այս տենդենցն ընդհատվեց միջազգային ֆինանսական ճգնաժամի պատճառով: 2009-ի ընթացքում գովազդի գներն ու գովազդային միջոցներն ընդհանուր առմամբ ունեցան որոշակի անկում՝ մինչեւ 70 հազար-150 հազար դրամ»: Հիմա «Շանթն» ակնկալում է գովազդային եկամուտների աճ՝ «ի հաշիվ տնտեսական աճի, որն անխուսափելի է ճգնաժամային անկումից հետո»: Այդ անխուսափելիությունը գոնե առայժմ կատարված միարժեք փաստ չէ:

Ներդրումային ծրագրի մեկ այլ հիմնավորման՝ միջազգային շուկայում արտադրանքի իրացման նախադեպ «Շանթն» ունի՝ ռուսական «Սենթրալ Փարթներշիփ» ընկերությունը գնել է «Որոգայթ» սերիալի ռուսական տարբերակը ստեղծելու իրավունքը, եւ նշվում է, թե ներկայումս քննարկվում են նաեւ այլ երկրներում այն ադապտացնելու հնարավորությունները. «Առաջիկա տարիներին ֆորմատի արտահանումը լինելու է միջազգային շուկայում «Շանթի» հիմնական իրացման ենթակա ուղղություններից մեկը»:

Նկատենք, որ այս ամենում այնուամենայնիվ որոշակի ռիսկ կա՝ ինչպես հեռուստաընկերության մրցութային առաջարկում ամրագրված մեկ այլ խոստման մեջ՝ շոու ծրագրերին ավելի մեծ փայլ տալու համար «Գալահամերգներից մի քանիսին, հատկապես եզրափակիչ համերգին, հրավիրել հանրահայտ աստղերի՝ Սերժ Թանգյան, Իրինա Ալեգրովա, Զառա եւ այլն»: Պարզ հարց է առաջանում՝ բա որ չգա՞ն: Կամ ավելի լուրջ հարց՝ իսկ եթե տնտեսական աճ այդպես էլ չլինի՞ եւ դրա հետեւանքով նաեւ՝ գովազդների աճ, արդյոք այդ դեպքում կարելի՞ է հիմնավորված համարել ներկայացված բիզնես ծրագիրը: Հիշեցնենք, որ օրենքի համաձայն՝ բիզնես ծրագրի հիմնավորվածությունը եւս պիտի գնահատվեր ՀՌԱՀ-ի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել