Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՈՎ»

Փետրվար 18,2011 00:00

\"\"Երեկ երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում իշխող կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները՝ Հանրապետականը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) եւ «Օրինաց երկիրը» (ՕԵԿ), ստորագրեցին կոալիցիոն նոր հուշագիր, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով: Կոալիցիոն կուսակցությունները նաեւ նշում են, որ միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռը ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին:

Մինչ այդ, փետրվարի 17-ի կեսօրին Ազգային ժողովում տեղի էր ունեցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ընդլայնված նիստը, որին մասնակցում էին ոչ միայն ԲՀԿ-ական պատգամավորներ, այլեւ նախարարներ եւ մարզպետներ: Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը իր կուսակիցներին ներկայացնելով ստեղծված իրավիճակը եւ հավանական լուծումները՝ ասել էր, թե պետք է ստորագրել կոալիցիոն նոր հուշագիրը: Ավելի ուշ, լրագրողների հետ կարճատեւ հանդիպման ընթացքում, կուսակցության ղեկավարը հայտարարեց, թե որոշում է կայացվել ստորագրելու մասին. «Մենք ընդհանրապես ասել ենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո կասենք, թե նախագահական ընտրություններին ում ենք սատարելու: Բայց քանի որ այսօր երկիրը ծանր խնդիրների առաջ է կանգնած՝ ֆինանսական, տնտեսական, քաղաքական եւ ռազմական, իսկ երկրի նախագահը պետք է բանակցություններ վարի Աստանայում, Մոսկվայում, Ամերիկայում, հարկավոր է, որ ինքը իր հզորությունը զգա, պինդ լինի, որ կարողանա լիարժեք բանակցություն վարել, խնդիրները լուծել հօգուտ երկրի, ժողովրդի: Դրա համար մենք այսօր ասում ենք՝ խորհրդարանական ընտրություններից հետո գնալու ենք միասնական թեկնածուով՝ ի դեմս երկրի գործող նախագահի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել