Եվ եղավ այնպես, որ նախքան Քրիստոս, քսանհինգ հազար տարի առաջ ժայթքեց Արարատ լեռը, եւ այսօր հազարավոր սերունդներ հետո, մենք մեր շփոթված սերնդի հայացքով նայելով լեռան ճողվածքին՝ չենք էլ ենթադրում, թե ինչ ամպ է կախված եղել հնդեվրոպական նախահայրենիքի վրա: Առավել եւս չենք ենթադրում, թե ինչ տեղի ունեցավ հավերժական թվացող ամպամածությունից հետո… Իսկ տեղի ունեցավ այն, որը մենք այսօր անվանում ենք գաղթ, երբ հնդեվրոպական նախահայրենիքից դուրս եկան ամպահալած ուրիշ եզերքներ փնտրող մեր ցեղի նախնիները, եւ, սակայն, նրանց ընտրած ճամփաները տարբեր եղան՝ արեւելք, արեւմուտք, հյուսիս եւ հարավ: Իմ հրաշալի ընկեր՝ Աբուդաբիի ճարտարապետ Անդրանիկ Դաղլյանը Անգլիայի թագավորական գրադարանում կարդացել էր մի հնագույն ձեռագիր եւ բովանդակությունը ուղարկել էր ինձ, երբ «Գարուն» ամսագրի խմբագիրն էի: Եվ ես տպագրեցի, որտեղ ասվում էր, թե Անգլիայի հնագույն մշակույթը իրենց հետ բերեցին բրիտները, որոնք գաղթել էին Հայաստանից: Հիմա չգիտեմ՝ բրիտները մեր ո՞ր գավառից էին գաղթել, չգիտեմ նաեւ՝ ո՞վ է եղել Արմինուս անունով այն իշխանը, որ գաղթելով Արարատյան երկրից, ստեղծեց գերմանական առաջին թագավորությունը, չմոռանանք, որ Գերմանիայի դասական անունը Արամանյա էր: Եվ Գերմանիայում զարմանալիորեն պահպանվել է Հայկ եւ Հայկե անունները, որոնք խորապես այսօր էլ հնչում են հայերեն… Եվ այս ամենից հետո մտածում եմ, թե ինչո՞ւ է մեր ժողովուրդը երկնչում հայ-թուրքական խնդրի շուրջ, երբ հարաբերությունը ստեղծելու սկզբունքը ճիշտ է ընտրված: Ով կասկածում է, թող նայի Լեոնարդոյի նկարը, որտեղ պատկերված է քարտեզից դուրս եկող մարդը, ով իր մատը դնում է Հայաստանի վրա, այսինքն թե՝ այստեղից է ստեղծվել այն, ինչ մենք բոլորս ենք: Ուրեմն, այսու, թերեւս մենք մեր տագնապը մեր մեջ եւ մեր միջեւ պիտի պահենք, քանի որ մենք աշխարհ ստեղծող ենք եւ զավակներն ենք Արարատի…