Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ԵՎՍ ՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՑԱԽՈՒՄԲ

Փետրվար 18,2011 00:00

Միջազգային մամուլը փետրվարի 16-ին եւ 17-ին ողողված էր ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հայկական Armenian Power հանցախմբի  բացահայտման մասին տեղեկություններով:

\"\"
ԱՄՆ հանձնակատար Անդրե Բիրոտտը հայտարարել է Կալիֆոռնիա նահանգում Armenian Poweer հանցախմբի բացահայտման մասին

Փետրվարի 16-ին Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի գլխավոր դատախազի՝ քրեական հանցագործությունների գծով օգնական Լեննի Բրեյերը իր եւ ԱՄՆ հանձնակատար Անդրե Բիրոտտի եւ իրավապահ կառույցների պատասխանատուների հետ Լոս Անջելեսում համատեղ հրավիրած ասուլիսում հայտարարել է Կալիֆոռնիայում գործող ավելի քան 80 անձանց եւ նրանց՝ տրանսնացիոնալ կազմակերպված հանցավոր խմբի գործընկերների կալանավորման մասին: «Մեղադրական ակտերը կայացվել են այսօր եւ առաջադրվել են 102 անձանց՝ չորս քաղաքներում. Լոս Անջելես, Սանտա-Անա, Մայամի եւ Դենվեր»,- մանրամասնել է Բրեյերը: Խոսքը տվյալ դեպքում գնում է, ցավոք, արդեն հերթական ու զուտ հայկական Armenian Power կամ «Հայկական ուժ» անունը կրող կազմակերպված հանցավոր խմբի բացահայտման մասին, որի անդամները մեղադրվում են ԱՄՆ քրեական օրենսդրության տասնյակ հոդվածներով եւ հանցագործության մի քանի հարյուր դրվագներով: Ձերբակալությունները կատարվել են նահանգի հայաշատ շրջաններում: Հետաքննչական մարմինների մատուցմամբ, հանցախմբում ներգրավված է շուրջ 200 մարդ, որոնցից 80-ը կալանավորվել է, մյուսները գտնվում են հետախուզման մեջ:

Հանցավոր այս խմբավորման մեջ ներգրավված են հիմնականում հայեր, որոնք 20 տարի առաջ, նաեւ վերջերս Հայաստանից ներգաղթել են ԱՄՆ եւ սկզբնական փուլում իրենց առջեւ խնդիր են դրել աջակցել ներգաղթյալ հայերին, բայց տասնամյակների ընթացքում խմբավորումը վերաճել է միջազգային մասշտաբների հասնող հանցավոր բանդայի, որը զբաղվել է դրամաշորթությամբ, բանկային տվյալների հափշտակմամբ եւ բանկային քարտերի կեղծմամբ, ֆինանսական խաբեություններով, թմրադեղերի եւ զենքի վաճառքով: «Անցած երկու տասնամյակի ընթացքում «Հայկական ուժի» ազդեցությունը աճել է, խմբավորման մասնակիցները միավորումներ են կազմել այլ բրիգադների հետ, ինչպիսին է մեքսիկական մաֆիան: Նրանց ենթադրյալ կապերն ու ազդեցությունը տարածվում են բանտի պատերից ներս եւ հատում են միջազգային սահմանները՝ հասնելով նախկին խորհրդային տարբեր երկրներ»,- հայտարարել է Բրեյերը՝ ընդգծելով, որ Կալիֆոռնիայի իրավապահ մարմիններին հաջողվել է կանխել խմբավորման կողմից ավելի քան 400 հանցագործություն, որոնք պատրաստ են եղել իրագործման:

«Հայկական ուժը», դատախազի օգնականի մատուցմամբ, մեքսիկական մաֆիայի օգնությամբ հայկական հանցավոր խմբավորման՝ ազատազրկման վայրերում գտնվող անդամները վերահսկել են բանտի սահմաններից դուրս իրականացվող հանցագործությունները, իսկ հայերը օգնել են մեքսիկական մաֆիայի ներկայացուցիչներին հարկերի հավաքագրման մեջ՝ բանտերի ներսում եւ դրսում: Հանցավոր խումը սերտորեն համագործակցել է նաեւ աֆրոամերիկյան, Արեւելյան Եվրոպայի՝ Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի հանցավոր խմբավորումների ու նախկին ԽՍՀՄ-ում օգտագործվող ձեւակերպմամբ՝ «օրենքով գողերի» հետ: Հետաքննությունների դաշնային բյուրոյի պնդմամբ, «Հայկական ուժը» իր ավարի մի մասն ուղղել է Հայաստան, ճիշտ այնպես՝ ինչպես վարվել էին Նյու Յորքում 2010թ. հոկտեմբերին բացահայտված մի քանի հայկական հանցախմբերը:

Միջազգային մամուլի տվյալների համաձայն, խմբավորման գործունեությունը բացահայտելու համար տարիներ են պահանջվել, ու այդ ուղղությամբ աշխատել է 9 գործակալություն, ձերբակալություններին մասնակցել է ավելի քան հազար իրավապահ, իսկ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հաղորդագրությունը, որը տեղադրված է գերատեսչության պաշտոնական կայքում, չորս էջ է կազմում:

Հանցավոր խմբի բացահայտման մասին լուրը հայտնվել է աշխարհի գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այսպես, Reuters գործակալությունն անդրադառնալով ամերիկյան իրավապահների այս օպերացիային՝ մեջբերել է ԱՄՆ հանձնակատար Անդրե Բիրոտտի փաստագրումն առ այն, որ «Հայկական ուժ» խմբավորումը, ըստ քրեական գործի նյութերի, բաղկացած է առանձին միավորներից, որոնցից յուրաքանչյուրն իր առաջնորդն ունի: «Հանցախմբի մասնակիցները շատ խոսուն մականուններ ունեն՝ «Կապոնե», «Հաստավիզ», «Ստոմպեր» եւ «Կասպեր» («Capone», «Tick Neck», «Stomper», «Casper»)»,- արձանագրել է Reuters-ը:

Իսկ ահա Միացյալ Նահանգների հանձնակատարի Հարավային Ֆլորիդայի գրասենյակի կողմից փետրվարի 16-ին տարածված «շտապ հաղորդագրության մեջ» նաեւ «Հայկական ուժ» հանցախմբի շատ կոնկրետ եւ կալանավորված անդամների անուններ են նշվում՝ նրանց առաջադրված մեղադրանքների եւ կատարած հանցագործությունների բոլոր դրվագների մանրամասնություններով հանդերձ: Ահավասիկ այդ կայքում (https://www.justice.gov) նշվում է, որ մասնավորապես Մայամիում մեղադրանքներ են առաջադրվել հանցախմբի 13 անդամի՝ ոմն Արամ Խռանյանի՝ 41 տարեկան, Արմեն Մխիթարյանի՝ 38տ., Կարեն Սարկիսյանի՝ 37տ., Գեղամ Քալաշյանի՝ 41տ., Ազիզաղա Սալիմովի՝ 29տ., Վլադիմիր Օկունի՝ 44 տ., Անդրանիկ Իչմելյանի՝ 48տ., Անահիտ Կարապետյանի՝ 40տ. եւ այլոց նկատմամբ:

Նույն մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ այս մեղադրյալներից մի քանիսը կապված են 2010թ. հոկտեմբերին Նյու Յորքի հարավային շրջանում կալանավորված «օրենքով գողի» հետ: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի սկզբներին Միացյալ Նահանգների իրավապահ մարմինները Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում հիմնադրված ամերիկա-հայկական կազմակերպված հանցախմբեր էին բացահայտել, որոնցից մեկի ղեկավարը որպես «օրենքով գող» միջազգային ճանաչում ունեցող «Պզոն» էր՝ 46-ամյա Արմեն Ղազարյանը: Հաղորդագրությունում ասվում է, որ Արամ Խռանյանը, ըստ գործի նյութերի, հանդիպումներ է ունեցել «օրենքով գողի» հետ Մայամիում, Լաս Վեգասում եւ Նեւադայում:

Հաղորդագրությունում մի բավականին ուշագրավ փաստ կա մասնավորապես հենց Արամ Խռանյանին առաջադրված մեղադրանքի հատվածում: Ըստ քրգործի նյութերի, ե՛ւ Արամ Խռանյանը, ե՛ւ Գեղամ Քալաշյանը. ե՛ւ Վլադիմիր Օկունը մեղադրվում են ԱՄՆ քրեական օրենսգրքի 29-32 դրույթներով՝ «2009թ.-ին Միացյալ Նահանգներից Երեւան մեծ քանակությամբ հրազեն տեղափոխելու մեջ, որի համար համապատասխան թույլտվություն չեն ունեցել»: Քրգործի նյութերում նաեւ պնդումներ կան, որ «Խռանյանի գլխավորած կազմակերպությունը հենց նրա միջոցով կապ է պահել Ռուսաստանի եւ Հայաստանի հետ»:

«Հայկական ուժ» հանցախմբի վերաբերյալ դատարանին ներկայացված փաստաթղթերը բաղկացած են 212 էջից: Հետաքննությունն իրականացվել է Լոս Անջելեսի հիմնականում հայաբնակ շրջաններում՝ Բըրբանքում, Գլենդելում, Արեւելյան եւ Արեւմտյան Հոլիվուդում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել